Հայաստանի պետական պարտքի աճը չի կարող անհանգստություն չառաջացնել. Ֆարմանյան

Հայաստանի Հանրապետության պետական պարտքի աճը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Այս մասին օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, ընդգծել է վարկային միջոցների ներգրավման նպատակների և դրանց օգտագործման արդյունավետության նկատմամբ մշտական վերահսկողության կարևորությունը։

«Կարծում եմ, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակում մենք պետք է 24/7 ռեժիմով կարողանանք պատասխանել երեք հիմնական հարցի՝ ինչո՞ւ ենք ավելացնում պարտքը, ինչ ուղղություններով ենք ծախսելու վարկային միջոցները և դրանից ինչ է ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետական պարտքն ինքնին ոչ լավ է, ոչ վատ։ Այն վատ է դառնում այն ժամանակ, երբ դրա հաշվին իրականացվող ծախսերը չեն ուղղվում այնպիսի կապիտալ ներդրումների, որոնք կապահովեն բավարար տնտեսական աճ։ Եթե ինձ ընտրեն, ապա դա կլինի մեր խիստ վերահսկողության ներքո», – նշել է Ֆարմանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *