Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն որևէ մեկի, այդ թվում՝ Կառավարության սեփականությունը չէ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, օգոստոսի 12-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Պատգամավորի խոսքով՝ միջոցների արդյունավետ կառավարումը պետք է լինի բոլոր խորհրդարանականների ուշադրության կենտրոնում։
«Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը այն սակավաթիվ հանձնաժողովներից է, որտեղ, անկախ քաղաքական տարաձայնություններից և հակասություններից, համոզված եմ, կիշխի համաձայնության մթնոլորտ։ Կա մեկ կարմիր գիծ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և հարկատուների վճարած գումարները։ Պետական բյուջեն որևէ մեկի սեփականությունը չէ, այդ թվում՝ Կառավարության սեփականությունը։ Կարծում եմ, որ պետական բյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ և ցանկացած օրինագիծ յուրաքանչյուր պատգամավոր պետք է ընկալի պատասխանատվության բարձրագույն մակարդակով», – ասել է Ֆարմանյանը։
Նա ընդգծել է, որ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով։
«Բյուջեի յուրաքանչյուր թվի՝ յուրաքանչյուր միլիոնի և միլիարդի հետևում, կանգնած է կոնկրետ շահառու, և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության հարկատուները։ Այդ թվերի հետևում կանգնած են նրանք, նրանց աշխատանքի արդյունքը, և մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի խորհրդարանական վերահսկողություն, որը միտված կլինի պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարմանը», – նշել է թեկնածուն։