Գդանսկի դատախազությունը կարճել է Գդանսկում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի հարկաբաժինների օգտագործման վերաբերյալ գործի քննությունը, այդ թվում՝ հաստատության նախկին տնօրեն, իսկ այժմ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու կողմից, հայտնում է Polsat News-ը։
Քննությունը սկսվել էր 2025 թվականի փետրվարին և վերաբերում էր 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածին։ Քննիչները, մասնավորապես, ստուգում էին՝ արդյոք Նավրոցկին չի՞ գերազանցել իր լիազորությունները՝ թույլ տալով թանգարանի հյուրանոցային հարկաբաժինների անվճար օգտագործումը։
Քննության առիթ էին դարձել տեղեկությունները, ըստ որոնց Նավրոցկին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր թանգարանի տնօրենի պաշտոնը, իբր ավելի քան կես տարի օգտվել է հաստատության հյուրանոցային համալիրի de luxe հարկաբաժիններից, թեև բնակվում էր թանգարանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։
Չորեքշաբթի դատախազությունը հայտնել է, որ գործը կարճվել է, քանի որ ներգրավված անձանց գործողություններում քրեական իրավախախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել։
Քննության տվյալներով՝ Նավրոցկին իսկապես գտնվել է թանգարանի հարկաբաժիններից մեկում 2020 թվականի նոյեմբերի 4-13-ը, սակայն դա կապված է եղել կարանտինի հետ։ Այդ ընթացքում նա շարունակել է կատարել իր ծառայողական պարտականությունները։
Միաժամանակ, հավաքված ապացույցները հնարավորություն չեն տվել լիակատար վստահությամբ հաստատել, որ Նավրոցկին փաստացի բնակվել է հարկաբաժնում, մասնավորապես՝ №78 de luxe շքասենյակում, և դրանք վարձակալել է այդ բառի սովորական իմաստով։ Հետևաբար, քննությունը հիմքեր չի գտել նրա վրա դնելու համարի կամ հարկաբաժնի պահպանման ծախսերը։
Դատախազությունը նաև չի կարողացել ապացուցել, որ Նավրոցկին տեղյակ է եղել ամրագրման համակարգում ընդունարանի աշխատակիցների կատարած «պարոն տնօրեն» նշումով գրառումներին։
Քննության շրջանակում հարցաքննվել են 41 վկա, որոնց թվում՝ թանգարանի 37 ներկա և նախկին աշխատակիցներ։ Քննիչները նաև ուսումնասիրել են համարների ամրագրման փաստաթղթերը, աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը, ծառայողական օրացույցները, պարտականությունների կատարման, արձակուրդների, հիվանդության թերթիկների և թանգարանի ղեկավարների կարանտինի վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև Լեհաստանի Բարձրագույն վերահսկիչ պալատի կողմից հաստատության ֆինանսական գործունեության ստուգման նյութերը։
Ամրագրման համակարգի վերլուծությունը ցույց է տվել, որ դիտարկվող ժամանակահատվածում գրանցվել է ամրագրումների 205 օր՝ «տնօրեն» կամ «պարոն տնօրեն» նշումներով։ Ընդ որում, 186 դեպքում համակարգում նշված է եղել, որ հաճախորդը չի ժամանել։
Հուլիսի կեսերին քննության շրջանակում Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հարցաքննվել է որպես վկա։
Քննությունը սկսվել էր Gazeta Wyborcza-ի հրապարակումից հետո, ըստ որի՝ Նավրոցկին իբր կես տարի բնակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանի հարկաբաժիններում և դրա համար չի վճարել։ Ավելի ուշ գործին կցվել էր նաև Լեհաստանի Սեյմի պատգամավոր Ռոման Գերտիխի դիմումը, որը պնդում էր, որ 2018–2021 թվականներին Նավրոցկին անվճար օգտվել է թանգարանի հյուրանոցային համարից և հարկաբաժիններից, ինչը, դիմողի կարծիքով, գույքային վնաս է հասցրել հաստատությանը։