Նրանք ընտրել էին հայրենիքին մատաղվելու ճանապարհը

Լոռեցիները երկար տարիներ նշում են ՀԱՀԳԲ-ի (ASALA) գործունեությանն առնչվող հիշարժան տարեթվերը։ Այս տարին ևս բացառություն չէր։ ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օրն ընդունված է նշել օգոստոսի 7-ին։
Այդ օրը 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում գործողություն իրականացվեց, որի ընթացքում զոհվեց ԱՍԱԼԱ-ի անդամ Զոհրաբ Սարգսյանը, ավելի ուշ մահապատժի ենթարկվեց Լևոն Էքմեքչյանը։ Հետագայում օգոստոսի 7-ը հաստատվեց որպես ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակի օր։

Երախտիքի տուրքն այս տարի էլ մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի գործն ու հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի առջև, որը բացվել է 12 տարի առաջ՝ Պողոս Հակոբյանի, Վահե Միկիչյանի և Ռազմիկ Մադարյանի բարերարությամբ, օծմամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։

Ներկաներին հիշեցվեց, որ ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թվականի հունվարի 20-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Սկզբում կազմակերպությունը գործել է «Գուրգեն Յանիկյանի բանտարկյալի խումբ» անվամբ, այնուհետև ստացել է ԱՍԱԼԱ անվանումը։ Հիմնադիրների թվում առավել հաճախ նշվում են Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան), ինչպես նաև Հակոբ Տարաքճյանը և մի այլ սփյուռքահայ գործիչներ։ Կազմակերպության հայտարարած նպատակներն էին՝ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պահանջել փոխհատուցում, հասնել հայկական պատմական տարածքների հարցի քաղաքական լուծմանը։
1970-ականների երկրորդ կեսից մինչև 1980-ականների կեսերը ԱՍԱԼԱ-ն իրականացրել է բազմաթիվ զինված գործողություններ՝ հիմնականում թուրք դիվանագետների և թուրքական պետական թիրախների դեմ՝ տարբեր երկրներում։ Այդ գործողությունների ընթացքում զոհվել կամ վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք, հատկապես՝ 1983 թվականի Փարիզի Օրլի օդանավակայանում կազմակերպած պայթյունի ժամանակ։ Այդ պատճառով տարբեր պետություններ և միջազգային կառույցներ ԱՍԱԼԱ-ին դասել են ահաբեկչական կազմակերպությունների շարքը, իսկ նրա նախկին անդամները և համակիրներն այն ներկայացրել են որպես ազգային-ազատագրական զինված շարժում։ Այս վեճը մինչ օրս շարունակվում է` արդյո՞ք կարելի է պատմական արդարություն հաստատելու համար վտանգել քաղաքացիական անձանց եւ արդյո՞ք տեռորը կարելի է արդարացնել` եթե այն բխում է ազգային շահերից։
Նահատակաց պուրակում հավաքված լոռեցիների, Երևանից և այլ բնակավայրերից ժամանած հյուրերի համար, սակայն, այդ պահին վեճ գոյություն չուներ։ Նրանց գնահատականը մեկն էր՝ ԱՍԱԼԱ-ի անդամները անձնազոհ մարտիկներ էին, որոնք փորձել են պաշտպանել ազգային արժանապատվությունը մի ժամանակաշրջանում, երբ հայկական պահանջները չէին լսվում։

Հոգեհանգստյան կարգը մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տաճատ քահանա Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Նա մասնավորապես ասաց. «Աստված մեզ ավանդել է՝ չունես զենք, պիտի ամեն կերպ ձեռք բերես՝ ինքնապաշտպանվելու նպատակով։ Դա է հայրենատիրության ամենակարևոր բաղադրիչը, դա են իմացել ու կատարել մեր սիրելի բանակի նահատակ մարտիկները։ Եվ Աստված նրանց զորավիգ է եղել։ Արցախյան հիմնահարցում մեզ պակասեց հենց այդ գլխավորը՝ հայրենատիրության գիտակցումը»։ Ապա Տերունական աղոթքը հնչեց քաջարի նահատակների հիշատակին։

Գնահատանքի ու խոնարհումի խոսք ասացին Վանաձորի երկրապահ կամավորական միության նախագահ Ռազմիկ Մադարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, անդրանիկագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը։ Նրանք մանրամասնորեն հիշեցին ԱՍԱԼԱ-ի ստեղծման ու գործունեության պատմությունը, գնահատեցին բոլոր մարտիկների հայրենաշահ գործողությունները։ Հատուկ ընդգծեցին, որ այդ մարտիկները շատ երիտասարդ էին։ Նրանք անգամ չէին տեսել իրենց պատմական հայրենիքը, նրանք ահավոր եղեռնից փրկված մեր հայրենակիցների զավակներն էին, որոնք կամավոր ընտրել էին հայրենիքին զոհաբերվելու փորձությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *