
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ և պետք է դիտարկվի որպես տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շարքուլ-Ավսատ» թերթի գլխավոր խմբագիր Ղասան Շարբելին տված հարցազրույցում։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր են կնքել, փաստաթղթի տակ ստորագրել են երեք երկրների առաջնորդները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտներում։
Էրդողանի խոսքով՝ երեք երկրների կնքած համաձայնագիրը հիմնված է խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ դրա նպատակը տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է, ոչ թե որևէ մեկին հակադրվող ռազմաքաղաքական բլոկի ձևավորումը։