Մեծ Բրիտանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել երկու կնոջ սպանած սերիական մոլագար մարդասպանին

Սերիական սեռական հանցագործ Սայմոն Լևին երկու կնոջ սպանության և ևս մեկի բռնաբարության համար մեղավոր ճանաչվելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման իրավունքի, հայտնում է BBC News-ը։

40-ամյա Լևին 2025 թվականի մարտին սպանել է 53-ամյա Կարմենսա Վալենսիա-Տրուխիլիոյին, իսկ հինգ ամիս անց՝ 39-ամյա Շերիլ Ուիլկինսին։ Նույն տարվա ավելի վաղ նա նույն կայանատեղիում՝ Լոնդոնի հյուսիսում գտնվող Տոտենհեմ շրջանում, բռնաբարել էր ևս մեկ կնոջ, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել էր Ուիլկինսի մարմինը։

Չորեքշաբթի Լոնդոնի Օլդ Բեյլիի դատարանը Լևիին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։ Դատավոր Մարկ Լուկրոֆտը հայտարարել է, որ հանցագործը «անխղճորեն օգտագործել է այլ մարդկանց սեփական սեռական բավարարման համար» և, դատելով նրա համացանցային պատմությունից ու սեռական հանցագործությունների մասին թերթերի կտրատած նյութերի հավաքածուից, «հիվանդագին հետաքրքրություն է ցուցաբերել սեքսի, բռնաբարությունների և հանցագործությունների նկատմամբ»։

Դատարանը հաստատել է, որ Լևին սեռական դրդապատճառներով հարձակումների ժամանակ խեղդամահ է արել սպանված երկու կանանց էլ։ Վալենսիա-Տրուխիլիոն հայտնաբերվել է Լոնդոնի հարավ-արևելքում՝ գրեթե լքված բնակելի շենքում, իսկ Ուիլկինսի մարմինը գտել են Տոտենհեմ շրջանում գտնվող կայանատեղիի պատի հետևում։

Լևիի հարձակումը վերապրած կինը ոստիկանությանը հայտնել էր, թե որտեղ է նա ապրում, սակայն պաշտոնապես նրան հարցաքննել են միայն այն բանից հետո, երբ նա արդեն սպանել էր Ուիլկինսին։

Լևին մի քանի դատվածություն ուներ կանանց վրա հարձակումների համար՝ սկսած 2018 թվականից։ 2022 թվականին նա հարձակվել էր նաև բանտի աշխատակցուհու վրա։ Բացի դրանից, այս տարվա ավելի վաղ նրան մեղավոր էին ճանաչել ևս 11 կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար. դրանցից տասը տեղի էին ունեցել Լոնդոնի գնացքներում և մետրոյում 2023-2025 թվականներին։

Սպանությունների կատարման պահին Լևին գրավի դիմաց ազատության մեջ էր և պետք է գտնվեր ոստիկանության հսկողության ներքո։ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու Թագավորական դատախազական ծառայությունն ավելի վաղ ներողություն էին խնդրել թույլ տրված սխալների համար։

Դատավճռի հրապարակումից հետո Լոնդոնի ոստիկանության ղեկավար Մարկ Ռոուլին իրավիճակը անվանել է «ամբողջ համակարգի ձախողում»։ Նրա պատմելով՝ ոստիկանությունը բազմիցս դիմել է դատարան՝ խնդրելով Լևիին պահել կալանքի տակ՝ նախազգուշացնելով, որ նա չափազանց վտանգավոր է ազատության մեջ գտնվելու համար, սակայն դատախազության և դատարանների միջև նրան կրկին ու կրկին հնարավորություն են տվել դուրս գալ գրավի դիմաց։

«Անընդունելի է, երբ դժվարությունների մեջ գտնվող քրեական արդարադատության համակարգը վտանգավոր հանցագործներին բաց է թողնում փողոցներ, իսկ հետո ակնկալում է, որ ոստիկանությունը կհետևի նրանց»,- հայտարարել է Ռոուլին։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նույնպես հայտարարել է, որ Լևիի զոհերը «արժանի էին մի համակարգի, որը կհավատար և կպաշտպաներ նրանց»։ Նրա կարծիքով՝ հանցագործին կասեցնելու բազմաթիվ հնարավորություններ են եղել, սակայն դրանք բաց են թողնվել։

Ներկայում անկախ վերահսկող մարմինը քննում է ոստիկանության գործողությունները Լևիի նկատմամբ չորս տարվա ընթացքում՝ 2021 թվականի սեպտեմբերին նրա առաջին դատապարտումից մինչև 2025 թվականի սեպտեմբերին վերջնական ձերբակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *