Մումիֆիկացված մարդկային աճյունների միջազգային առևտուրը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար ոչ միայն գնորդների և վաճառողների, այլև փոստային ու սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների համար։ Այս եզրակացությանն են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են Cambridge University Press-ի International Journal of Cultural Property հանդեսում։
Գիտնականներն ուսումնասիրել են 128 հայտարարություն Meta հարթակներում, էլեկտրոնային առևտրի կայքերում, առցանց խանութներում և աճուրդային հարթակներում։ Շատ դեպքերում վաճառքի էին դրված մումիֆիկացված մարդկային աճյուններ՝ կենսաբանական քայքայման ակնհայտ նշաններով։ Միևնույն ժամանակ վաճառողները գրեթե չէին տրամադրում որևէ տեղեկություն հնարավոր ռիսկերի և անվտանգության միջոցների մասին։
Ամենից հաճախ վաճառվում էին մարմնի առանձին մասեր՝ ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև մումիֆիկացված գլուխներ։ Ուսումնասիրված բոլոր առաջարկների ավելի քան կեսը՝ 51,6%-ը, կազմել են տարբեր աստիճանի պահպանվածության գլուխներ, ներառյալ ամբողջական և բեկորացված գլուխներ, գանգեր՝ փափուկ հյուսվածքներով կամ մազերով, ինչպես նաև այսպես կոչված ցանղասները՝ փոքրացված գլուխներ, որոնք կապված են ժամանակակից Պերուի և Էկվադորի տարածքում բնակվող շուար ժողովրդի ավանդույթների հետ։
Հետազոտողները զգուշացնում են, որ նույնիսկ մի քանի դար անց մումիֆիկացված աճյունները կարող են պարունակել կենսունակ միկրոօրգանիզմներ։ Աճյունների տեղափոխման կամ վնասման դեպքում սնկերի սպորները կարող են հայտնվել օդում և վտանգ ներկայացնել մարդկանց համար։
Լրացուցիչ ռիսկը կապված է նաև այն նյութերի հետ, որոնք օգտագործվել են մումիֆիկացման ժամանակ։ Հյուսվածքների պահպանման համար տարբեր պատմական ժամանակաշրջաններում կիրառվել են թունավոր միացություններ, այդ թվում՝ մկնդեղ, սնդիկ և կապար պարունակող նյութեր։
Հեղինակները նշում են, որ ժամանակակից վաճառողները հաճախ աճյունները պահում են սովորական բնակելի տարածքներում՝ առանց պաշտպանիչ տարաների և ջերմաստիճանի ու խոնավության անհրաժեշտ պայմանների։ Հետազոտողների ուսումնասիրած որոշ լուսանկարներում խիստ քայքայված աճյունները պարզապես դրված էին հենարանների վրա և բաց էին շրջակա օդի ազդեցության համար։
Վտանգը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք ընդհանրապես չգիտեն, որ գործ ունեն մարդկային աճյունների հետ։ Քանի որ վաճառողները օգտվում են սովորական փոստային և սուրհանդակային ծառայություններից, միկրոօրգանիզմների ազդեցությանը պոտենցիալ ենթարկվում են պահեստների աշխատողները, վարորդները, տրանսպորտային կենտրոնների աշխատակիցները և մաքսավորները, որոնք կարող են չունենալ անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումներ։
Նման ռիսկերի ամենահայտնի պատմական օրինակներից մեկը համարվում է լեհ թագավոր Կազիմիր IV Յագելոնչիկի դամբարանի ուսումնասիրությունը 1970-ականներին։ Թաղման բացմանը մասնակցած 12 մասնագետներից 10-ը հետագայում մահացել են։ Հնարավոր պատճառներից մեկը համարվել է Aspergillus-ի սպորներով վարակումը։
Հետազոտողները նաև ծանր ձևի ասպերգիլոզը կապում են լորդ Կարնարուոնի մահվան հնարավոր պատճառի հետ․ նա ֆինանսավորել էր Թութանհամոնի դամբարանի պեղումները և մահացել էր 1923 թվականին։ Հենց նման դեպքերն էլ հետագայում նպաստեցին «մումիայի անեծքի» մասին լեգենդի տարածմանը։
Սակայն նոր հետազոտության հեղինակներն ընդգծում են․ մումիֆիկացված աճյունների ժամանակակից առևտրի գլխավոր վտանգը կապված է ոչ թե միստիկայի, այլ միանգամայն իրական կենսաբանական և քիմիական սպառնալիքների հետ։