
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանից պարզաբանումներ է պահանջել հայ-ամերիկյան համատեղ ընկերությանը Սյունիքում տարածք տրամադրելու վերաբերյալ։
Վարդանյանը հետաքրքրվել է, թե որքան տարածք է նախատեսվում տրամադրել ընկերությանը վարձակալության կամ կառուցապատման իրավունքի հիմքով՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար։
Պատգամավորը նշել է, որ Խանդանյանի ներկայացրած տեղեկություններից կարող է տպավորություն ստեղծվել, թե նախատեսվող ենթակառուցվածքները կարող են ընդգրկել Սյունիքի բավական մեծ տարածք և գործել որոշակի հատուկ ռեժիմով։
«Քանի՞ քառակուսի մետր տարածքի մասին է խոսքը»,- հարցրել է Վարդանյանը՝ խնդրելով հստակեցնել ծրագրի տարածքային ընդգրկումը։
Ի պատասխան՝ Խանդանյանը նշել է, որ այս պահին չի կարող ներկայացնել կոնկրետ մակերեսի վերաբերյալ տվյալներ։ Միաժամանակ, նրա խոսքով, ենթակառուցվածքների նախագծման փուլում համապատասխան փաստաթղթերում հստակ կնշվի, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ երկարությամբ է անցնելու Հայաստանի տարածքով։
Նա, մասնավորապես, նշել է, որ նախագծերում արտացոլվելու է ինչպես նախատեսվող ավտոճանապարհի, այնպես էլ երկաթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի երկարությունը։