
Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է հարկատուների հաշվին միլիարդներ մսխել եւ միակողմանի ներկայացնել հայաստանյան իրականությունը` խեղաթյուրելով այն, մարդկանց ապակողմնորոշելով, խախտելով ՀՀ քաղաքացիների անմեղության կանխավարկածը: Ակնհայտ է, որ հանրային կոչվող Հ1-ը բացառապես ՔՊ-ական իշխանությանն է ծառայում եւ վերածվել է Նիկոլ Փաշինյանի անձնական լրատվամիջոցի, ի դեպ, Հ1 տեղափոխված եւ բյուջեից բարձր աշխատավարձեր ստացող նրա «Հայկական ժամանակի» խմբագրակազմն էլ իրականացնում է այդ քստմնելի գործառույթը` Լուսինե Բարսեղյանի եւ ՀԺ-ի նախկին լրագրողների ձեռքով:
Տարիներ առաջ այդ նույն լրագրողներն ընդդիմադիր հայացքներ ունեին, իրական լրագրողներ էին, պահպանում էին լրագրողական կանոնները, իսկ հիմա Հանրայինում զբաղված են սուտ ու կեղծիք տարածելով, իշխանության շահերին ծառայելով: Հարկատուների վճարած հարկերից սնվող Հ1-ն այն աստիճան է հանրությանը մոլորեցնում, որ խորհրդարանի նիստերից հեռարձակում է միայն իշխանական պատգամավորների ելույթները, տարածում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունները, որոնք հետագայում դատարաններում փլվում են, ընդդիմությանն է սեւացնում, անձնական կյանքի գաղտնիությունն են խախտում, եթեր են հրավիրում բացառապես իշխանական հայացքներ ունեցող բանախոսների: Լրատվության տարրական կանոններն այնքան են խախտել հանրային միջոցներից սնվող Հ1-ի աշխատողները, որ վերջին օրերին անգամ ՔՊ-ականներն են սկսել քննադատել նրանց:
«Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հանրայինի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին, ասում է. «Այս առումով մեծ բացթողում ունեցավ ընդդիմությունը, քանի որ չզբաղվեց այս հարցով: ՀՌՀ-ի հարցը, ինչպես նաեւ Հանրային հեռարձակողի խորհրդի հարցը եկել էին օրակարգ, ընդդիմությունը չկարողացավ զբաղվել այս հարցով, իսկ այս ամենը շատ վտանգավոր է, որովհետեւ Հ1-ից հնչող խայտառակությունը լսում են ողջ Հայաստանում, այն ունի 95 տոկոս ծածկույթ: Սփյուռքում եւս Հայաստանի լուրերին ծանոթանում են Հանրային հեռուստաընկերության միջոցով, եւ ստացվում է, որ մարդիկ ուղղակիորեն ծանոթ չեն իրականությանը, այն իրականությանը, որում ապրում ենք: Սա շատ մեծ բացթողում է, ինչը հրաշալիորեն օգտագործում է Նիկոլը` իր արբանյակների հետ միասին: Մեր հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերությունը չունի նման կերպ վարվելու իրավունք: Հանրայինն իրավունք չունի այդպես աշխատելու: Իմ ընկերներից մեկը, որն աշխատում է Հանրային հեռարձակողի խորհրդում` անդամ է, մի օր պատահմամբ ինձ հանդիպեց ու ասաց` Հակոբ ջան, այս տարիքում ինձ ո՞վ կտար ամսական 700 հազար դրամ աշխատավարձ։ Անունը չեմ տա, բայց կասեմ, որ պատկերը սա է»: