Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները առավոտյան ժամը 7–7.30–ի սահմաններում են այցելել Մարտուն Գրիգորյանի բնակարան, խուզարկություն չի եղել, ուղղակի հենց այդ ակտով են մտել բնակարան, որ ձերբակալությամբ պիտի ուղեկցեն մարտուն Գրիգորյանին հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար, նաև Մարտուն Գրիգորյանի օգնական Լիզա Գասպարյանը։
«Ինձ զանգահարել է պարոն Գրիգորյանի որդին, ով ևս ավագանու անդամ է՝ Կարեն Գրիգորյանը, և տեղեկացրել, որ տեղի է ունեցել այսպիսի դեպք։ Մենք վերջին մեկ տարին այս օրվան սպասում էինք, անակնկալի չեկանք»,–ասաց նա։
Գասպարյանը հավաստիացրեց, որ Գյումրիում ամեն բան նորմալ է, խաղաղ ու հանգիստ է. «Տեսաք վերջին հերթական նիստի հետ կապված փորձեցին էլի շոու անել, տապալել, որը բացառապես պայմանավորված էր նրանով, որ ավագանու մեկ անդամի մանդատ փոխարինվում էր, որովհետև ավագանու անդամներից մեկը ձերբակալված էր և մենք արագ փոխեցինք մանդատը։ Այդ օրը նաև մյուս խմբակցություններից մեկի ղեկավարի տուն գնացին խուզարկության, բայց իրենց մոտ ոչինչ չստացվեց։ Դրանից հետո մենք արտահերթ նիստ գումարեցինք, սպառեցինք օրակարգի բոլոր հարցերը, տնտեսական բոլոր հարցերը կարգավորեցինք և շատ սովորական բնականոն արձակուրդի մեջ է հիմա Գյումրու ավագանին։ Ավագանու հերթական նիստը կլինի սեպտեմբերի 15-ին»։
Հարցին՝ ի՞նչի համար են ձերբակալել Մարտուն Գրիգորյանին, օգնականը պատասխանեց. «Իրավական առումով որևէ բան չեմ կարող ես ասել, որովհետև չեմ տիրապետում, փաստաբանը ներսում է, պարոն Գրիգորյանի մոտ է, դուրս եկավ, հաստատ տեղեկատվություն կներկայացնի։ Բայց պիտի ասեմ, որ սա բացառապես քաղաքական հետապնդում է, այլ որակում չկա։ Դեռևս 2025–ի մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, ընտրությունների նախաշեմից պարոն Գրիգորյանի ընտանիքի շուրջ զարգացումներ եղան, մենք մեծ դահլիճում հանդիպում ունեցանք և անմիջապես հաջորդ առավոտյան Մարտուն Գրիգորյանի հոր և որդու՝ Կարեն Գրիգորյանի, ով ավագանու անդամ է, ձերբակալության հայտով Հակակոռուպցիոնը այցելեց մեզ։ Դրանով սկիզբ դրվեց այդ քաղաքական ճնշումներին։
Ես պիտի հիշեցնեմ նաև, որ այս պահին պարոն Գրիգորյանի ավագ որդին՝ Կամո Գրիգորյանն էլ է կալանավորված անհասկանալի մի գործով, որի մեջ անգամ կարգավիճակ չունի»։
Լիզա Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենի պատճառն այն է, որ կենտրոնական իշխանություններն ուզում են հասնել Գյումրիում արտահերթ ընտրությունների. «Որևէ մեկ մեղավոր չէ, որ իրենք ութ տարի շարունակ մեջքով են կանգնած եղել Գյումրիին։ Կենտրոնական իշխանությունը որևէ ջերմագին վերաբերմունք չի ցուցաբերել Գյումրիի նկատմամբ և իրենք խոստովանել են դա։ Գյումրեցին 25–ին գնաց և իր ընտրությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը կենտրոնական իշխանությանը։ Իրենք հիմա ուզում են ևս մեկ անգամ ապացուցել, որ որևէ կերպ չի հարգվելու գյումրեցու ընտրությունը, որևէ կերպ նրանք չեն ընդունելու գյումրեցու ընտրությունը և մյուս քաղաքների օրինակով վերցնել իշխանությունը Գյումրիում։ Գյումրին ոսկոր է կենտրոնական իշխանության կոկորդին, Գյումրին սակրալ քաղաք է իրենց համար, բայց պիտի հիշատակենք, որ ֆորմալ առումով որևէ էպոխայում ՔՊ–ն իշխանություն չի եղել Գյումրիում։ Պիտի ութ տարի շարունակ հոգեբանորեն իրենք պատրաստ լինեին դրան, որ ամեն դեպքում Գյումրին տարբերվող քաղաք է, Պիտի հաշտ լինեն այս իրականության հետ և պիտի ընդունեն և հարգեն Գյումրեցու ընտրությունը»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են. «Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն (Մարտուն Գրիգորյան–խմբ)»։