Կարո՞ղ եք հստակ ասել՝ TRIPP-ի հետ կապված մաքսային աշխատողների և սահմանապահի դեմք, հայի դեմք, տեսնելո՞ւ է Ադրբեջանը, թե՞ ոչ․ այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն է հստակ ասել, որ ադրբեջանցիները սահմանին չեն տեսնելու ոչ մի հայի դեմք։
«Երբ Դուք գնում եք Դուբայ, այնտեղ շատ հաճախ, եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, որևէ մեկի դեմքն էլ չեք տեսնում, ուղղակի անցնում եք, և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն այն է, որ հնարավորինս արագ և այդ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվեն։ Նաև համաձայնագիրը ենթադրում է, որ տարբեր գործառնություններ կարող են իրականացվել front office, back office տրամաբանությամբ, և back office-ում, բնականաբար, միշտ լինելու են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության, սահմանապահ ծառայության աշխատակիցներ»,- ասաց Խանդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ևս մի հարց ուղղեց․երեկ Ալիևն ասում էր, որ մասնագետները եկել են Հայաստան և ուսումնասիրություններ արել TRIPP նախագծի կյանքի կոչման շրջանակում, այսինքն՝ այլ մասնագետ չկա՞, որ ադրբեջանցիներին ենք դիմել, որ գան։
«Հղում եք անում Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, որ մասնագետներն ուսումնասիրել են էներգետիկ ենթակառուցվածքը և այդ փոխկապվածության հարցերը, այդ քննարկումը և այդ այցը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Շահեն Մուստաֆաևը միաժամանակ Ադրբեջանի տարածքում, այնուհետև Հայաստանի տարածքում ուսումնասիրել են տարբեր ենթակառուցվածքներ, և այդ մասին տրվել է մամուլի հաղորդագրություն։ Այդտեղ երկաթուղու ենթակառուցվածքն է ուսումնասիրվել, ճանապարհների վերաբերյալ է քննարկում եղել և նաև էներգետիկ ենթակառուցվածքների մասին, դա եղել է 2025 թվականի սեպտեմբերի 5-ին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Երրորդ հարցն ուղղվեց Հայաստանի ԱԷԿ-ի փակման մասին Ալիևի, իսկ ավելի վաղ Թուրքիայի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից ՔՊ պատգամավորը վրդովվեց․ «Ինձ մեկ-մեկ թվում է՝ այս դահլիճում Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ի՞նչ է ասում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, գուցե այդ գործակալությա՞նը հղում անեք Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ․․․Ալիևը գյուտ չի արել, և բոլորը, Հայաստանի կառավարությունը ևս հայտնել են, որ Հայաստանի ատոմակայանը կարող է գործարկվել մինչև 2036 թվականը, և պետք է նմանատիպ կարողություններով նոր ատոմակայան Հայաստանին, այսինքն՝ այստեղ որևէ նորություն այս հարցի վերաբերյալ չկա»։