«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում

Արագածոտնի մարզի Թալին համայնքում բացվել է «Արի Թալին» զբոսաշրջության, մեդիայի եւ երիտասարդական զարգացման հասարակական կազմակերպություն, որը մի քանի տարի է՝ գործունեություն է ծավալում, սակայն պետական ռեգիստրում գրանցվել է միայն 2025 թվականի մարտին: Թալինցիները մեզ պատմեցին, որ «Արի Թալին» ՀԿ-ն բացվել է մի նպատակով` զուտ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության գովքն անելու համար, այն աստիճան են գովերգում կուսակցությանը, որ անունը կարող են փոխել եւ դնել «Արի ՔՊ»:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ Թալինի համայնքապետն ավագանու մյուս խմբակցություններին չի ապահովել աշխատասենյակներով՝ պատճառաբանելով, որ համայնքապատկան տարածքներում աշխատասենյակներ չկան, բայց «Արի Թալին» ՀԿ-ին անհատույց տարածք է տրամադրել համայնքապատկան շենքում: ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում այդ կազմակերպությանը՝ ֆինանսական աջակցությունից մինչեւ տեխնիկայի տրամադրում: Վերջերս, այդ ՀԿ-ին զուգահեռ, բացվել է «Թալին մեդիա» տեղեկատվական հարթակը, որին հյուրընկալվում է նաեւ ՔՊ-ական համայնքապետ Սափեյանը։ Խոսելով ձեռքբերումների մասին՝ նա նշել է, որ «Թալին մեդիան» կլինի քաղաքական հարթակ, քան՝ «Արի Թալինը»:

«Արի Թալին» ՀԿ հիմնադիր տնօրենը մոլի ՔՊ-ական Գրիգոր Սաֆարյանն է, որը նաեւ «Թալին մեդիա» հարթակն է ղեկավարում, համայնքապետարանում օպերատորություն է անում եւ արդեն մի քանի ամիս է՝ նշանակվել է Թալինի համայնքապետարանի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ Թալինի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Խաչատրյանը, որը համայնքապետ Տավրոս Սափեյանի հորեղբոր թոռնուհին է, այս պահին ֆիզարձակուրդում է (հղիության եւ ծննդաբերության արձակուրդ):

Մենք մի քանի հարց ուղղեցինք Գրիգոր Սաֆարյանին:

– Դուք աշխատում եք համայնքապետարանում, նաեւ ՀԿ-ի տնօրեն եք, մի քանի բան համատեղում եք, օրենքի խախտում չկա՞:

– Դա հասարակական գործունեություն է, ոչ մի բանի չի խանգարում՝ այն դեպքում, որ դա վճարովի հիմունքներով աշխատանք չի:

– Ո՞րն է եղել նպատակը, որ հիմնադրել եք այդ կազմակերպությունը:

– Թալին համայնքի պատմամշակութային կոթողների նշանակությունը, ընդհանուր քաղաքի եւ բնակավայրերի ներկայացումը: 2022 թվականից եղել է նախաձեռնությունը, բայց կազմակերպությունը գրանցվել է 2025 թվականին:

– Դուք` որպես հիմնադիր տնօրեն, աշխատավարձ ստանո՞ւմ եք այդ կազմակերպությունից:

– Ոչ, ամեն բան անում եմ բացառապես իմ անձնական միջոցների հաշվին:

– Համայնքապետը տարածք է տրամադրել` ավագանու որոշմամբ, համայնքապետը նաեւ Ձեզ ֆինանսական աջակցություն է տրամադրում, տեխնիկա է նվիրում, ինչի՞ համար:

– Համայնքի ղեկավարի կողմից ֆինանսական աջակցություն եղել է 2025 թվականի մարտին: Եղել է աջակցություն նաեւ վարչապետի կողմից` տեխնիկական միջոցների ձեռքբերման համար:

– Այսինքն՝ ՔՊ-ն Ձեզ է աջակցում, Դուք էլ՝ ՔՊ-ի՞ն:

– ՔՊ-ն չի աջակցել, համայնքի ղեկավարն է աջակցել:

– Ասում եք՝ վարչապետն էլ է աջակցել, հաշվի առնելով, որ թե՛ վարչապետը, թե՛ համայնքի ղեկավարը ՔՊ-ական են, չի՞ ստացվում, որ Ձեզ ՔՊ-ն է աջակցում:

– Դե, վարչապետը ՀՀ վարչապետն է, եթե նա սոցիալական աջակցություն է տրամադրում իքս քաղաքացու, դա նշանակում է, որ ՔՊ-ն տրամադրե՞ց:

– Իսկ Դուք ի՞նչ եք արել վարչապետի եւ քաղաքապետի համար` մինչեւ ընտրությունները, նաեւ՝ ընտրություններից հետո: Դուք ՔՊ կուսակցության անդամ եք, չէ՞: Ճի՞շտ է, որ այդ ՀԿ-ն բացել եք, որ քաղաքական եւ կուսակցական որոշակի հարցեր լուծեք:

– Այո, ես ունեմ իմ քաղաքական հայացքները եւ շարժվել եմ իմ քաղաքական հայացքներով: Մեզ մոտ եղել է բացառապես ապաքաղաքականացված հասարակական կազմակերպություն, ես անձամբ որեւէ կամավորի չեմ թողել, որ ներգրավվի քաղաքական պրոցեսների մեջ եւ կազմակերպությունը` նույնպես: Ես, որպես անհատ, առաջնորդվել եմ իմ կուսակցական շահով, բայց իմ ղեկավարած կազմակերպությունը ղեկավարվում է միայն մշակույթի եւ կրթական հարցերով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *