Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը չի հանդիսանում բանակցային գործընթացի միջնորդ։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած պահանջված աջակցություն՝ խաղաղ կարգավորման հասնելու և համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով»,- նշել է նա։
Միաժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն, և հակամարտությունը չի վերածվի ուժային սցենարի։ «Հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և այդ կերպ հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների հետագա զարգացումից ուժային սցենարով»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ռազմական հակամարտության շարունակման դեպքում հնարավոր են ավելի ծանր հետևանքներ՝ ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար։