Հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը եւ համապատասխանում է իրականությանը. տնտեսագետ
Ֆրանսիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ուժային գործողություններին։ Այդ մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի բացումը պետք է համաձայնեցնեն ԱՄՆ-ն ու Իրանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ «Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցի բացումը համակարգվի Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Սա միակ կայուն լուծումն է, որը թույլ կտա վերականգնել ազատ նավարկությունն առանց սահմանափակումների կամ լրացուցիչ վճարների»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «Ազատություն նախագիծ» գործողությամբ օգնություն կցուցաբերի Հորմուզի նեղուցում արգելափակված և տարածքը լքել փորձող նավերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստին.
«Մեծարգո հյուրեր,
Հարգելի գործընկերներ,
Հարգելի ընկերներ,
Բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն ձեր ներկայության համար։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Այս ձևաչափը շատ կարևոր է։ Այն առանցքային դեր ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ 2022-ին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Պրահայում անցկացված առաջին գագաթնաժողովի շրջանակում, քառակողմ հանդիպում կազմակերպվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես իրավիճակը փոխող որոշում կայացրեցինք՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդգծվեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին։
Այնտեղ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիրը։ ԱՄՆ նախագահը նույնպես այն ստորագրեց, ստորագրեց՝ որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։ Դա «Թրամփի ուղին է՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը։
Հարգելի ընկերներ,
Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով, և սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից ի վեր։
Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 12-րդ գագաթնաժողովն այնտեղ կանցկացվի։ Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները։
Պատվարժան հյուրեր,
Ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում և տեղի է ունենում նաև հիմա։ Պատմության մեջ առաջին անգամ իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ վերը նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում։ Եվ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան: Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ: Սա մեկ այլ պատճառ է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։
Հարգելի ընկերներ,
Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար ևս, հատկապես՝ հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների և խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես։ Մեզ մաղթում եմ հաջողություն և հետևողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին, որը պարտադիր չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք՝ կլինի մոտ ապագայում:
Տիկնայք և պարոնայք,
Մեծարգո հյուրեր,
Հարգելի ընկերներ,
Այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված և մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից և ապագային միտված քննարկումներ։
Շնորհակալություն»։
Մայիսի 3-ից 10-ը Իտալիայում անցկացվում է «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը:
Մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է։ Եկեք անկեղծ լինենք․ ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Եվ այն փաստը, որ այսօր այսքան շատ այցելություններ են կատարվում ձեր երկիր, լավ ազդանշան է»,ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ նախկինում մի շարք երկրներ Հայաստանը դիտարկում էին այլ կերպ։ «Ութ տարի առաջ այս սեղանի շուրջ շատ երկրներ այս երկիրը դիտում էին որպես Ռուսաստանի իրական արբանյակ։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց իր երկիրը պաշտպանել Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով նա ենթարկվել է և շարունակում է ենթարկվել ամենօրյա հարձակումների»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև կարևորել է Հայաստանի եվրոպական ընտրությունը։ «Այն փաստը, որ նա որոշում կայացրեց աշխարհի և Եվրոպայի մասին, շատ ուժեղ ազդանշան է»,-ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ուկրաինայի դիմադրության պատերազմը, Հայաստանի ռազմավարությունը և Մոլդովայում իրականացվող քայլերը վկայում են եվրոպական երկրների ընդհանուր ուղղության մասին։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք՝ եվրոպացիներս, որոշել ենք հավաքական ահազանգել և կախված չլինել որևէ մեծ ուժից։ Եվ դա նաև ռազմավարական ինքնավարության կարևոր նախապայմաններից մեկն է»,- ընդգծել է նա։
Նշվում է, որ Կայա Կալասը Երևանում մայիսի 5-ին կմասնակցի Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, որից հետո նույն օրը կմեկնի Բաքու: ԵՄ դիվանագիտության ղեկավարը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում:
Այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում միացել է եվրոպական երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որը հրավիրվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կողմից՝ Ուկրաինային շարունակական աջակցությունը քննարկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը:
«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարի հետ կապված վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը մարտադաշտում և նախագահ Զելենսկու կողմից արդար և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը։ Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումն ավելի լայն անդրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն են կազմում», – նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առաջնորդները պարտավորվել են համատեղ աշխատել, որպեսզի Ուկրաինայի համար ապահովեն շարունակական բազմակողմանի աջակցություն, ինչպես նաև ամուր անվտանգության երաշխիքներ, տնտեսական վերականգնման միջոցառումներ և պաշտպանական արտադրություն։
Վարչապետ Քարնին վերահաստատել է Կանադայի անսասան աջակցությունն Ուկրաինային և երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության գործընթացի հաջողությանը։ Ըստ հաղորդագրության՝ առաջնորդներն ընդգծել են, որ Ուկրաինան և նրա ժողովուրդն «արժանի են բարգավաճ, անկախ և ինքնիշխան ապագայի՝ ազատ Ռուսաստանի ապագա ագրեսիայի վախից»։
Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր. նախագահ Թրամփը՝ որպես վկա, դա նույնպես ստորագրեց: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, և մեզ համար ու, վստահ եմ, որ նաև մեր հայ գործընկերների համար, խաղաղությունն արդեն իրականություն է: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբից: Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Ադրբեջանն էլ, ավելի առաջ գնալով, սկսել է առաջին անգամ դեպի Հայաստան մատակարարել մեր նավթամթերքը՝ բենզինը և դիզելը»,- ասաց նա:
Ըստ Ալիևի՝ խաղաղության օրակարգի ներքո մեկ այլ ձեռքբերում է փոխկապակցվածության հարցը:
«Թրամփի ուղին հանուն խաղաղության և բարգավաճման» հասնելու է Հայաստանով դեպի Նախիջևան, և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղութան գործընթացի մասով՝ միաժամանակ ընդգծելով, թե ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը:
Ավարտելով ելույթը՝ Ալիևը շնորհավորեց Հայաստանին ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և հայտարարեց. «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը՝ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը (խոսքը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է-խմբ.) շատ հստակ դա ընդգծեց»: