Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին


Քաղաքականություն


Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր. նախագահ Թրամփը՝ որպես վկա, դա նույնպես ստորագրեց: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, և մեզ համար ու, վստահ եմ, որ նաև մեր հայ գործընկերների համար, խաղաղությունն արդեն իրականություն է: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբից: Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Ադրբեջանն էլ, ավելի առաջ գնալով, սկսել է առաջին անգամ դեպի Հայաստան մատակարարել մեր նավթամթերքը՝ բենզինը և դիզելը»,- ասաց նա:

Ըստ Ալիևի՝ խաղաղության օրակարգի ներքո մեկ այլ ձեռքբերում է փոխկապակցվածության հարցը:

«Թրամփի ուղին հանուն խաղաղության և բարգավաճման» հասնելու է Հայաստանով դեպի Նախիջևան, և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղութան գործընթացի մասով՝ միաժամանակ ընդգծելով, թե ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը:

Ավարտելով ելույթը՝ Ալիևը շնորհավորեց Հայաստանին ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և հայտարարեց. «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը՝ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը (խոսքը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է-խմբ.) շատ հստակ դա ընդգծեց»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *