«Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար

«Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կեղծ տեղեկություն է հրապարակվել X սոցցանցային հարթակում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Իրականության հետ աղերս չունեցող տեքստային տեղեկատվությունը WollyBee անվամբ օգտատերը զուգորդել է տեսանյութով` օգտագործելով կադրեր ՀՀ վարչապետի մասնակցությամբ, նաև` վարչապետի խոսնակի տարբեր հարցազրույցներից` կիրառելով «Արմենպրես»-ի լոգոն։ X-ում հրապարակելիս որպես թեգեր կիրառվել են ինչպես «Արմենպրես»-ի, այնպես էլ հայկական այլ լրատվական կայքերի, France24-ի, Deutsche Welle-ի էջերը։

Ընթերցողներին հորդորում ենք «Արմենպրես»-ի անունից հրապարակված ցանկացած տեղեկություն ստուգել հենց «Արմենպրես»-ի կայքում և պաշտոնական սոցցանցային էջերում։ Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի ահագնացող ծավալների պարագայում սկզբնաղբյուրների հետ աշխատանքը գրագետ մեդիասպառման կարևոր նախապայման է»,- ասվում է լրատվական գործակալության հրապարակման մեջ։

Իրանի իշխանությունը մասնատված է. ԱՄՆ նախագահը բացահայտել է բանակցությունների տապալման պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից և կասկածի տակ է դրել Թեհրանի՝ համաձայնության գալու կարողությունը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկյան առաջնորդն այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Նրանք ուզում են գործարք կնքել», – նշել է Թրամփը: «Բայց դա ինձ չի գոհացնում», – հայտարարել է նա՝ մեկնաբանելով Իրանի կողմից ներկայացված վերջին առաջարկները:

Թեև ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե փաստաթղթի հատկապես որ դրույթներն են առաջացնում իր առարկությունները, սակայն կասկած է հայտնել, որ իրանական իշխանություններն ընդհանրապես ունակ են համաձայնել վերջնական կարգավորմանը։

Նախագահը նշել է, որ թեև նրանք որոշակի առաջընթաց են գրանցել, ինքը վստահ չէ, որ նրանք երբևէ կհասնեն վերջնական արդյունքի:

Թրամփը հավելել է, որ Իրանի ղեկավարության մեջ նկատվում է «լուրջ տարաձայնություն»: Ըստ նրա՝ իրանական իշխանությունը «մասնատված» է և բաղկացած է մի քանի մրցակից խմբերից:

Թրամփի խոսքով՝ խմբերը երկուսից չորսն են, և ղեկավարությունը շատ պառակտված է: Նա նշել է, որ թեև բոլորն էլ ուզում են գործարք կնքել, սակայն նրանց մոտ «կատարյալ անկարգություն» է տիրում:

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում նախատեսվում է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված 18–35 տարեկան երիտասարդները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը և քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Քննարկումը նախատեսված է հարցուպատասխանի ձևաչափով, և կազմակերպիչները կոչ են անում մասնակիցներին նախապես պատրաստել իրենց հետաքրքրող հարցերը։

Միջոցառումը կկայանա ժամը 19:00-ին Dvin հյուրանոցում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ հետևյալ հղումով։

Թեղուտ-Հաղարծին ճանապարհին Hyundai Fit-ը բարձրությունից ընկել և հայտնվել է գլխավոր ճանապարհին. երեխա է մահացել

Թեղուտ-Հաղարծին ճանապարհին Hyundai Fit-ը բարձրությունից ընկել և հայտնվել է գլխավոր ճանապարհին. երեխա է մահացել

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը

Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում մայիսի 4-5-ը կայանալիք Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ։

Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը, Երևանում՝ հավելելով, որ սա նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության  հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին։

Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ  դիվանագիտության ղեկավար  Կայա Կալասը։

Գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղություններով համագործակցությունը՝ կապակցվածության և տրանսպորտի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսություններով։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։

«Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի։

«ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը ի ցույց է դնում ԵՄ-Հայաստան համագործակցության իրական օգուտները և Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու ԵՄ հանձնառությունը։  

Գագաթնաժողովից հետո սպասվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր երկու ուժերի, որոնք, ըստ նրա, օգտագործում են իրենց ռուսաստանյան կապերը՝ հայ գործարարներին վնասելու համար։

Պատգամավորը պնդում է, որ վերջին օրերին հայ արտադրողների խնդիրները «Ozon» և «Wildberries» հարթակներում արհեստականորեն հարուցվել են հայաստանյան ընդդիմության կողմից։

Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ընդդիմադիրները փորձում են քաղաքական միավորներ հավաքել՝ հարվածելով հայկական բիզնեսին։

«Ախ շատ ողորմելի եք էլի ուղղակի։ Այսինքն դուք էն հույսն ունեք, որ գնալու եք Ռուսաստանում ձեր բիզնես կամ ոչ միայն բիզնես կապերն օգտագործելով… Ozon-ում, Wildberries-ում հայ արտադրողներին փորձելու եք ճնշեք, նենց անեք, որ մի քանի օրով կամ մի շաբաթով մարդկանց վաճառքն արգելեք, ու դա ձեզ Հայաստանում քաղաքական դիվիդենտ ա բերելու՞։ Էդքան ուժեղ կապերով տղերք էիք, ուրիշ ժամանակ ուրիշ երկրի ներկայացուցիչների ճնշեիք բա… դուք մենակ ձեր հայրենակիցների վրա եք կարում, կներեք ձեր բառապաշարով ասեմ՝ գանյատ անեք»,- ասել է պատգամավորը։

Պատգամավորը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վերջին շրջանում վնասներ են կրել նշված առցանց հարթակներում, հստակ իմանալ, թե ով է կանգնած այդ ամենի թիկունքում։

«Սիրելի քաղաքացիներ, ովքեր որ տուժել են Wildberries-ի, Ozon-ի էս վերջին դեպքերից, իմացեք, որ դրա հետևում կանգնած ա Հայաստանի քաղաքական ընդդիմադիր երկու ուժ։ Ինձ թվում ա դուք ինձնից լավ գիտեք դրանց անունները… Դուք մենակ հայ ժողովրդին, հայ արտադրողին, հայ բիզնեսմենին վնաս կարաք տաք ուրիշ երկրներում՝ ուրիշների ոտերն ընկած լինելով»։

Չնայած ստեղծված խոչընդոտներին, Ալեքսանյանը վստահություն է հայտնել, որ պետությունը կկարգավորի իրավիճակը, իսկ ընդդիմությունը կստանա իր արժանի պատասխանը հենց տուժած գործարարների կողմից։

«Էս հարցն էլ կլուծվի միանշանակ, բայց դուք սրա գնահատականը ստանալու եք էդ արտադրողներից։ Լավ իմացեք՝ ով ա սրա հետևում»,- եզրափակել է նա։

Զելենսկին հայտարարել է հունիսին ուկրաինական բանակի բարեփոխումների մեկնարկի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, որը նախատեսված է հունիսին: Այս մասին նախագահը գրել է իր Telegram-ալիքում:

Զելենսկու խոսքով՝ ապրիլի ընթացքում համաձայնեցվել են բարեփոխումների առանցքային ուղղությունները, իսկ կառավարությունն ու զինվորական հրամանատարությունը սահմանել են փոփոխությունների բանաձևը: Մայիսին նախատեսվում է համաձայնեցնել բոլոր մանրամասները:

Ակնկալվում են արդեն հունիսին և վերաբերում են զինծառայողների դրամական ապահովմանը: Նախատեսվում է վճարների չափի էական բարձրացում՝ հաշվի առնելով արդարության սկզբունքը՝ կախված մարտական փորձից, արդյունավետությունից և առաջադրանքների բնույթից:

Թիկունքային պաշտոններում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի առնվազն 30 հազար գրիվնա ($720–750), իսկ մարտական դիրքերում գտնվողների համար վճարները զգալիորեն բարձր կլինեն։

Հետևակային ստորաբաժանումների համար կներդրվեն հատուկ պայմանագրեր՝ ամսական 250-ից մինչև 400 հազար գրիվնա ($6,000–9,500) վճարումներով՝ կախված մարտական առաջադրանքների կատարումից:

Նախատեսվում է փոխել ստորաբաժանումների համալրման և անձնակազմի կառավարման համակարգը, ինչպես նաև ուժեղացնել պայմանագրային մոդելը:

Նախագահը նշել է, որ սա թույլ կտա փուլ առ փուլ վերանայել ծառայության ժամկետները և զորահավաքով զորակոչված զինծառայողների հնարավոր զորացրման պայմանները:

Բազմաթիվ հայեր նախընտրել են հանգստյան առաջիկա օրերն անցկացնել Վրաստանում. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են

Հայաստանում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ շատերը նախընտրել են իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանից դուրս։ Հատկապես մեծ հոսք է նկատվում դեպի Վրաստան, ինչով պայմանավորված կան կուտակումներ Բագրատաշենի անցակետում։

«Արմենպրես»֊ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ այս օրերին շատերը մեկնում են Վրաստան ու հիմնականում նախընտրում են Բագրատաշենի անցակետը։

«Այո, մեծ հոսք կա ու առկա են կուտակումներ, ամեն ջանք գործադրվում է արագ սպասարկելու համար, սակայն հորդորում ենք մեր քաղաքացիներին նման խնդիրներից խուսափելու համար ընտրել նաև Բավրայի կամ Գոգավանի անցակետերը և հատկապես սա նկատի առնել վերադարձի ժամանակ», ֊նշել է ՊԵԿ մամուլի խոսնակը։  

Հայաստանում այսօր նշվում է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որը Հայաստանում ոչ աշխատանքային է։ Մայիսի 2-ին և 3-ին հանգստյան օրերն են, իսկ մայիսի 4-ը Կառավարության որոշմամբ սահմանվել է ոչ աշխատանքային օր՝ պայմանավորված Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմամբ։

Հաջորդ շաբաթվանից եվրոպական մեքենաները ԱՄՆ-ում կթանկանան. Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում եվրոպական մեքենաների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ շաբաթվանից Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:

Իր հրապարակման մեջ Թրամփը մեղադրել է Եվրամիությանը Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ ԵՄ-ից Միացյալ Նահանգներ ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների սակագները, քանի որ Եվրոպական միությունը լիովին չի պահպանում համաձայնեցված առևտրային պայմանագիրը: Սակագները կբարձրացվեն մինչև 25%», — գրել է նա:

Ամերիկյան առաջնորդը հավելել է մի քանի կարևոր կետեր.

ԱՄՆ տարածքում արտադրված ավտոմեքենաները մաքսատուրքերով չեն հարկվի: Երկրում ընթանում է նոր ավտոգործարանների շինարարություն, որոնցում ներդրվել է ավելի քան $100 միլիարդ: Նախագահն այս ներդրումներն անվանել է ռեկորդային ավտոմեքենաների և բեռնատարների արտադրության պատմության մեջ: Նոր գործարանները համալրված կլինեն ամերիկացի բանվորներով և շուտով կբացվեն:

Թրամփն ընդգծել է, որ Ամերիկայում նախկինում երբևէ նման մասշտաբի իրադարձություն տեղի չի ունեցել: