Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը


Քաղաքականություն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կարծիքով՝ նպատակահարմար չէ մոտ ապագայում Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը: «Կարծում ենք, որ պատժամիջոցների վերացումը վաղաժամ է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի  նախագահը:

Նա հիշեցրել է, որ Թեհրանի դեմ եվրոպական պատժամիջոցների պատճառը կառավարության «գործողություններն են սեփական բնակչության դեմ», և նշել է, որ միայն 2026 թվականի սկզբից ի վեր «Իրանի իշխանությունները սպանել են մոտավորապես 17000 քննադատաբար տրամադրված երիտասարդի: Մարդու իրավունքները, մասնավորապես կանանց իրավունքները, ճնշվում են Իրանում»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:

«Մինչև պատժամիջոցների վերացումը մենք պետք է տեսնենք փոփոխություններ՝ հիմնարար փոփոխություններ Իրանում»,- հավելել է նա:

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կուսակից, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել էր, որ ԵՄ-ն վերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պայմանով, որ այն «համապարփակ» համաձայնության կգա Միացյալ Նահանգների հետ, որը շարունակում է իր ռազմական գործողություններն Իրանի դեմ:



Հավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն


Քաղաքականություն


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։ 

ԿԸՀ-ից հայտնում են, որ այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն և մեկ միջազգային կազմակերպություն՝ Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI)։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հավատարմագրման հայտ ուղարկել ԿԸՀ մինչ մայիսի 3-ը։ Վերջնաժամկետից հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է։



Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել


Քաղաքականություն


Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար ԱՄՆ պաշտոնյաներն այլևս չեն մեկնի Պակիստան, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: Կիրակի Fox News հեռուստաալիքով հեռարձակված The Sunday Briefing ծրագրի հաղորդավարների հետ հեռախոսազրույցում ամերիկացի ղեկավարը նման որոշումը հիմնավորել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի գերազանցությամբ:

«Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքին են: Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարել: Մենք հեռախոս ունենք և լավ, անվտանգ կապուղիներ, թեև, անկեղծ ասած, վստահ չեմ, որ որևէ հեռախոսագիծ կարող է լիովին անվտանգ լինել, բայց մենք ունենք պաշտպանված գծեր»,- ասել է Թրամփը:  

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պակիստան բանակցողներ ուղարկելը ժամանակատար է: «Եթե նրանք ցանկանան, մենք կարող ենք խոսել, բայց չենք պատրաստվում մարդկանց ուղարկել 18-ժամյա ուղևորության՝ հանդիպելու համար»,- եզրափակել է Թրամփը։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը չեղյալ էր հայտարարել իր բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների արդեն հայտարարված այցն Իսլամաբադ, որտեղ ապրիլի վերջին պետք է տեղի ունենար Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը։



Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի


Քաղաքականություն


Ապրիլի 27-ին Ռուսաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում են Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա Իրանի առաջնորդին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Պուտինը շեշտել է. «Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար և հույս է հայտնել, որ կհաղթահարեն փորձության շրջանը»։

«Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է ՌԴ նախագահն Իրանի արտգործնախարարին:

Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին և Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։



Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ


Հայաստան


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 27-ին ստորագրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքները:



«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներ


ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր ստացել են ավարտական վկայականները։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի Արաքսիա Սվաջյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ և հյուրեր։

Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ են հանձնվել ՀՀ 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտների, որոնք անցել են ԱԲ սերունդ կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակում։ Նա կարևորել է ԱԲ սերունդ ծրագիրը՝ ընդգծելով, որ կրթության առջև ծառացած մարտահրավերները փոխկապված են արհեստական բանականության դինամիկ աճի հետ․

«Ծրագիրը նպաստում է հանրակրթության մրցունակության բարձրացմանը՝ ձևավորելով ԱԲ կարողունակություններով օժտված շրջանավարտ։ Կարծում ենք, որ հանրակրթության ոլորտում այս ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն ունի և համարվում է նորարարական մոտեցում։ Ուրախ եմ նաև արձանագրել, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԱԲ սերունդ կրթական ծրագրի փորձարկման առաջին փուլի ամփոփմանը զուգահեռ նախորդ տարի ընդլայնվել է դպրոցների ցանկը․ «Նպատակ ունենք բոլոր խոշոր բնակավայրերի ավագ դպրոցներում ներդնել ծրագիրը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված բոլոր երեխաներին տալով հնարավորություն այս ուղղությամբ ստանալու խորացված կրթություն»։

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտ, ծրագրի շրջանավարտ Մարիամ Կիրակոսյանը վստահ է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագրի ուսուցումը կարևոր ներդրում է իր ապագայի համար․ «Մեր ժամանակներում արհեստական բանականության կիրառումը տարբեր ասպարեզում շատ կարևոր է։ Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները հետագայում ևս օգտագործելու եմ․ կրթությունս ուզում եմ շարունակել կենսաբանության ուղղությամբ և այս ոլորտում ավելացնել արհեստական բանականության կիրառումը»։

FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը մի քանի միջազգային մրցանակ է ստացել, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

«Ծրագրի արձանագրած հաջողությունները և արդյունքները հիմք են հանդիսանում այն շարունակելու և ընդլայնելու»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկվում է ծրագրի ընդլայնման հարցը։ ԱԲ սերունդ կրթական ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է 2023 թվականին՝ 7 մարզի 14 ավագ դպրոցում։ 2025 թվականի սեպտեմբերից ծրագիրն արդեն ներդրված է 26 ավագ դպրոցում և հասանելի է 19 խոշոր քաղաքային բնակավայրում։

2026-27 ուսումնական տարում նախատեսվում է դպրոցների թիվն ընդյալնել՝ հասցնելով 45-ի։

ԱԲ սերունդ կրթական ծրագրի շրջանակում սովորողները 10-րդ դասարանից, որպես պարտադիր ուսումնական բաղադրիչ, ուսումնասիրում են խորոցված հանրահաշիվ, Phothon ծրագրավորման լեզու, արհեստական բանականություն։



ՀՀ դեսպանն Իրանում հանդիպել է արդարադատության նախարարի տեղակալին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: Այս մասին հայտնում են դեսպանությունից։

 

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը, քննարկել այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը:

Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ


Քաղաքականություն


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի համակերպվել իր տարածքի մի մասի զիջման հետ՝ հանուն Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:

«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիրը, ինչ-որ պահի, հուսանք, խաղաղության պայմանագիր կստորագրի Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում, հնարավոր է, Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի ուկրաինական լինելուց»,- ասել է նա։

Մերցը, սակայն, զգուշացրել է Կիևին ԵՄ-ին մոտալուտ անդամակցության հարցում մեծ հույսեր չունենալ՝ նշելով, որ Ուկրաինան չի կարող միանալ միությանը, քանի դեռ ճգնաժամը շարունակվում է, երկիրն էլ պետք է համապատասխանի ընդունելության խիստ չափանիշներին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար ԵՄ-ին անդամակցելը ոչ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, ոչ էլ 2028 թվականի հունվարի 1-ը իրատեսական չէ։

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ճիշտ պահը ներկայումս անհնար է որոշել։



«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ». Սամվել Կարապետյան

«Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի, իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու: Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ և առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի պագայի հետ: Ում պետք էր հարգել Հայոց ցեղասպանության փաստերը, որ կուսակցություններին պետք էր, նրանք բոլորը ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը».- «5 հարց՝ հաջորդ վարչապետին» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քյլերին:

«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան

«Իրանը ոչնչացրել է իր հանդեպ օդերևութաբանական զենք կիրառող կենտրոնները». Ապրես Զոհրաբյան

Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գրում է. «Իրանի նկատմամբ երկար ժամանակ է (շուրջ 10-15 տարի) կիրառվում էր օդերևութաբանական զենք, որը տեղումների նվազեցման պատճառ էր դարձել, ինչի արդյունքում Ուրմիա լիճը գրեթե ցամաքել էր։
     Իրանին հաջողվել է ոչնչացնել այդ կենտրոններից մեկը կամ մի քանիսն, ինչի հետևանքով անձրևները շատացել են և Ուրմիան կրկին լցվում է։
     Նկարը 2023-ի»։