Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու որոշեց Հայաստանում կազմակերպել Ազգային աղոթքի նախաճաշ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանն ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ քննարկումներին։

Վարչապետի խոսքով՝ 2024 թվականի փետրվարին ինքը մասնակցել է ԱՄՆ Կրոնական ազատությունների գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, ինչը մեծ տպավորություն է թողել իր վրա․ «Ես ցնցված էի այդ միջոցառման ամեն ինչով… կարևորությամբ ու պարզությամբ, ազատությամբ, կարգապահությամբ և հոգևոր բովանդակությամբ, որը արտահայտվում է աշխարհիկ ձևով… Եվ այնտեղից վերադառնալիս ինձ մի հարց էր միայն տանջում․ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում չկա այս ձևաչափը»։

Վարչապետն ընդգծել է, որ այդ ձևաչափը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։

Վարչապետը պարզաբանել է, որ ԱՄՆ այցը նվիրված է եղել միայն Ազգային աղոթքի նախաճաշին, և որևէ պաշտոնական հանդիպում նախապես պլանավորված չի եղել։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ում ադմինիստրացիայի փոփոխության շրջանը, հնարավոր է եղել Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ․

«Դժվարությամբ հնարավոր եղավ հանդիպել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ… բառիս ֆիզիկական իմաստով, որովհետև այդ հանդիպման ժամանակ… շատ քչերն են Սպիտակ տունը տեսել այդ իրավիճակում, երբ իրերի դասավորության, վերադասավորության, արկղերի փաթեթները բացելու և փակելու պրոցեսի մեջ էր»։

Հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերներին հետաքրքրել է, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը։

«Իմ արձագանքը հետևյալն էր, որ ես չեմ կարող ասել՝ որքանով է իրատեսական խաղաղությունը, բայց ես կարող եմ ասել, որ ես հավատում եմ խաղաղությանը»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։

Ռուսաստանը կարող է վերսկսել դիզելային վառելիքի արտահանումը՝ ավելցուկի առկայության դեպքում. Նովակ

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հետևում են ներքին շուկայում դիզելային վառելիքի հետ կապված իրավիճակին,  Ռուսաստանը կարող է վերադառնալ վառելիքի այդ տեսակի արտահանմանն՝ ավելցուկի առկայության դեպքում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք կհետևենք դիզելային վառելիքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ելնելով առաջին հերթին ներքին շուկայի հաշվեկշռից՝ ապահովելով մեր գյուղատնտեսական արտադրողներին, մեր  սպառողներին։ Մեզ համար դա առաջնահերթություն է։ Այն դեպքում, եթե լինեն ավելցուկներ, բնականաբար, մենք կդիտարկենք արտաքին շուկաներ մատակարարումների հնարավորությունը»,- ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում մրցեց Կիպրոսի հավաքականի հետ:

Նիկոսիայում կայացած խաղի առաջին կեսում՝ 19-րդ ու 31-րդ րոպեին, Կիպրոսի հավաքականը կարողացավ երկու անգամ գրավել Հայաստանի ընտրանու դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին տան տերերի առավելությամբ: Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Կիպրոսի հավաքականից Պիլեասը կարմիր քարտ ստացավ, ու նրանք մնացին 10 ֆուտբոլիստով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, ու Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ազգերի լիգայում:

Հաջորդ՝ 4-րդ տուրի հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիային:

Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց

Տիմատիի նախկին սիրեցյալ Անաստասիա Ռեշետովան հայտարարել է իր երկրորդ հղիության մասին, սակայն ուրախալի լուրը վերածվել է նրա անձնական կյանքի շուրջ  սկանդալի։

Մոդելը հայտարարել է, որ ապագա երեխայի հայրը իր նախկին նշանածը՝ 33-ամյա գործարար Վլադիսլավ Աբրահամյանը չէ։ Նա դոլարային միլիոնատեր և հայ համայնքի ղեկավար Արա Աբրահամյանի որդին է։

Միևնույն ժամանակ համացանցում լուրեր են տարածվել, որ Աբրահամյանը դադարեցրել է հարաբերությունները Ռեշետովայի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց։

Հայաստանում մշակված Krisp-ի մոդելներն օգտագործվում են ԱԲ ոլորտում գործող առաջատար ընկերությունների կողմից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի հետ։

Ինչպես հայտնել է նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական ստարտափների ու տեխնոլոգիական ընկերությունների միջազգային ընդլայնման հնարավորությունները, մարդկային ներուժի զարգացումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաև պետական, մասնավոր և գիտակրթական հատվածների համագործակցության խորացման ուղղությունները:

Նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհավորել է Արտավազդ Մինասյանին՝ Krisp-ի հիմնադրման 9-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով ընկերության ներդրումը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում Արտավազդ Մինասյանը ներկայացրել է Krisp-ի վերջին զարգացումները, ընկերության տեխնոլոգիական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

Նրա խոսքով՝ վերջին 12 ամիսների ընթացքում Krisp-ը շարունակել է ընդլայնել իր գործունեությունը ձայնային արհեստական բանականության ոլորտում։ Հայաստանում մշակված Krisp-ի մոդելներն օգտագործվում են ԱԲ ոլորտում գործող առաջատար ընկերությունների կողմից։ Ընկերությունը զարգացնում է նաև ձայնային թարգմանության տեխնոլոգիաներ՝ 62 լեզուների աջակցությամբ, և շարունակում է մշակել նոր տեխնոլոգիական լուծումներ։

Քննարկվել է նաև Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի, ինչպես նաև Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից համահիմնադրված BigStory VC վենչուրային ֆոնդի գործունեությունը և հայկական ծագում ունեցող ստարտափների զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների միջազգային դիրքավորմանը և այն հնարավորություններին, որոնք կարող են նպաստել հայկական տեխնոլոգիական արտադրանքի, գիտելիքի և մասնագիտական ներուժի ավելի լայն ներկայացմանը միջազգային շուկաներում։

2017 թվականին Երևանում հիմնադրված Krisp-ը մշակում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմքով ձայնային տեխնոլոգիաներ՝ միջազգային շուկայի համար։

Այսօր ընկերությանը նշում է հիմնադրման 9-ամյակը, որի գործունեության ընթացքում այն դարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային ճանաչելիություն ունեցող ընկերություններից մեկը։

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Սևան-Դիլիջան թունելում 3 բեռնատար է բախվել

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարից մոտ 1,5 ժամ անց երթևեկությունը թունելով վերականգնվել է։

Կանադայի վարչապետը կայցելի Թուրքիա՝ քննարկելու պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցությունը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախատեսում է այս ամսվա վերջին այցելել Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցելու համար։ Եթե այցը կայանա, այն կլինի Կանադայի վարչապետի առաջին առանձին այցը Թուրքիա։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն հուլիսին մեկնարկած ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, ինչպես նաև էներգետիկայի, միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում հնարավոր համագործակցությունը։

Այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Քարնին ձգտում է նվազեցնել Կանադայի կախվածությունը ԱՄՆ-ի հետ առևտրից և առաջիկա տասնամյակում կրկնապատկել այլ երկրների հետ առևտրի ծավալը։

Ներկայումս Կանադայի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի ծավալը համեմատաբար փոքր է և 2025 թվականին կազմել է 4,34 միլիարդ կանադական դոլար։

Մեկ հրապարակումը չի կարող զրոյացնել այն ամենն, ինչ արել եմ. Չանչարևիչը՝ Արայիկ Հարությունյանի գրառման մասին

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Ազգերի լիգայի շրջանակում Չեռնոգորիայի դեմ կայացած խաղից հետո իր հասցեին հնչած քննադատություններին։

Խոսելով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ դարպասապահը նշել է, որ իր համար հաճելի չէր նման արձագանքը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2-3 հաշվով պարտություն էր կրել Չեռնոգորիայից (մանրամասներն՝ այստեղ)։ Այդ հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցում քննադատել էր դարպասապահի խաղը՝ գրելով. «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց…»:

«Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի մի մարդու հանդեպ, որը երբեք ոչ մեկին չի վնասել: Խաղից հետո ես էլ էի տխուր, և ինձ համար սա նորմալ չէր: Ես ամուր հոգեբանություն ունեմ և վստահ եմ, որ ֆեսյբուքյան մեկ հրապարակումը չի կարող զրոյացնել այն ամենն, ինչ արել եմ: Ես միշտ 300 տոկոսով նվիրվելու եմ, անգամ մեկ ոտքով, ունենամ վնասվածք, թե ոչ, ինձ համար միևնույն է, ես ամեն կանեմ, որ Հայաստանը հնարավոր ամենալավ արդյունքն ունենա»,- ասել է Չանչարևիչը՝ հավելելով, որ թիմակիցներն ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իրեն աջակցել են այդ բարդ պահին։

Նշենք նաև, որ Օգնյեն Չանչարևիչը դուրս է մնացել Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից և թիմի հետ չի մեկնել Կիպրոս՝ տեղի հավաքականի և հոկտեմբերի 5-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղերին։

Armsport

Մեսին դարձել է ֆուտբոլային ակումբի սեփականատեր

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին դարձել է «Էլդենսե» ֆուտբոլային ակումբի սեփականատեր։ Այն հանդես է գալիս Իսպանիայի «Սեգունդայում»՝ երկրորդ լիգայում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Էլդենսեն» հիմնադրվել է 1921 թվականին։ Ներկայումս իր «կենսագրության երկրորդ շնչառությունն է բացել եւ փորձում է ամրացնել դիրքերն ու առաջ շարժվել դեպի մեծ ֆուտբոլ»։ Ներկայումս գործարքը պետք է հաստատվի Կենտրոնական Սպորտային դեպարտամենտի կողմից։