Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք․ Մեդվեդևը՝ Փաշինյանին

Հայաստանի իշխանությan նկատմամբ կիրառելի է միայն մեկ կանոն-խոսույթ՝  «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»։ Այս մասին ասել է ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նա նաև ասել է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, սակայն երկարաժամկետ կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Մեդվեդևը նման հայտարարություններ է արել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե ուրախ կլինի, որ ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կառույցի կազմից։

«Այդպիսով ՀԱՊԿ-ը մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշել էր Փաշինյանը։

Փաշինյանն ու Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ հայտնում են Կառավարությունից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ, պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Facebook-ի իր էջում գրում է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։

«Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում:

Կարելի է երկար հաշվել՝ քանի քառակուսի կիլոմետր է Տիգրանաշենը, որքան՝ Արծվաշենը, և վերջում նույնիսկ ստանալ Հայաստանի համար «դրական» տարածքային հաշվեկշիռ։ Բայց աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։

Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը:

Հանձնելով Տիգրանաշենը՝ Հայաստանը փաստացի Բաքվի համար ինքնիշխան տարածք է ապահովում Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Իրան ռազմավարական հաղորդակցության անմիջական հանգույցում։ Այստեղով է անցնում M2 միջպետական մայրուղու շուրջ 4.5 կմ հատվածը։

Այլ կերպ ասած՝ խնդիրը ոչ թե գյուղ կորցնելն է, այլ սեփական տարածքային հաղորդակցությունների նկատմամբ լրացուցիչ խոցելիություն ստեղծելը։

Իսկ ի՞նչ ենք ստանում դիմացը։

Արծվաշեն։ Ավելի մեծ տարածք, բայց Ադրբեջանի տարածքով շրջապատված և Հայաստանի հիմնական հաղորդակցային համակարգից կտրված։ Այսինքն՝ տարածքային ձեռքբերում՝ խիստ սահմանափակ ֆունկցիոնալ արժեքով, հաղորդակցային զիջման դիմաց՝ բարձր ռազմավարական արժեքով։

Ավելին՝ նոր կոնֆիգուրացիան ոչ թե պարզեցնում է հայ-ադրբեջանական սահմանը, այլ դարձնում այն ավելի բարդ։ Ստեղծվում է նոր անցակետերի, հատուկ ռեժիմների, ճանապարհային շրջանցումների, անվտանգության երաշխիքների և մշտական բանակցությունների անհրաժեշտություն։

Եվ այս ամենը՝ այնպիսի միջավայրում, որտեղ կողմերի միջև ռազմավարական վստահությունը, մեղմ ասած, շատ ցածր է։

Սահմանազատման իմաստը պետք է լինի սահմանների ապակոնֆլիկտայնացումը, ոչ թե նոր կոնֆլիկտային հանգույցների ձևավորումը։

Հետևաբար, Տիգրանաշեն-Արծվաշեն խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «մերը՝ մեզ, ձերը՝ ձեզ» պարզունակ բանաձևով, այլ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արժեքի տեսանկյունից։

Որովհետև քարտեզի վրա 1 կմ²-ը միշտ 1 կմ² է։

Աշխարհաքաղաքականության մեջ՝ երբեք»,- նշել է նա։

 

Երկրաշարժ Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա,Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

2026-ին ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերը․ վիճակագրություն

Հայաստանի զինված ուժերում մահվան դեպքերը շարունակում են աճել։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 24-ը ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններով հաստատվել է զինծառայողների մահվան 13 դեպք։

Հանգամանքները տարբեր են՝ հրազենային վնասվածքներից և սպանություններից մինչև դժբախտ պատահարներ, ինքնասպանության դեպքեր և ծառայությանը չառնչվող պատճառներ։ Որոշ դեպքերով քննությունը դեռ շարունակվում է, իսկ մի շարք դեպքերում ՊՆ-ն զինծառայողների անունները կամ մահվան պատճառները չի հրապարակել։

ABC Media-ն առանձնացրել է պաշտոնապես հաստատված դեպքերը՝

Հունվարի 14 – Վահան Խաչատուրի Պետրոսյան. հրազենային վնասվածք, դեպքով վարույթ է նախաձեռնվել։

Փետրվարի 7 – Դավիթ Արմենի Մանուկյան. պայմանագրային զինծառայող, դին հայտնաբերվել է զորամասում։ Հանգամանքները քննվում են։

Փետրվարի 26 – Նարեկ Համլետի Հակոբյան. 19-ամյա ժամկետային զինծառայող, սպանվել է հրազենային կրակոցից։

Ապրիլի 2 –  պայմանագրային զինծառայող. մահացել է ՊՆ զորավարժադաշտում։ Դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ապրիլի 14 – Նարեկ Արշակի Հակոբյան. մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Հունիսի 2 – Արամայիս Մերուժանի Գևորգյան. դին հայտնաբերվել է Կապանի զորամասում։ Դեպքով վարույթ է նախաձեռնվել։

Հունիսի 10 – ՊՆ սպա Ն.Ա.. մահվան դեպք, որի հանգամանքները քննվում են։

Հունիսի 26 – պայմանագրային զինծառայող Ռ.Խ.. մահվան հանգամանքները քննվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հուլիսի 21 – Նարեկ Թորոսյան. ժամկետային զինծառայող։ Դեպքով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Օգոստոսի 13 – Գրիգոր Էդգարի Զաքարյան. դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները քննվում են։

Օգոստոսի 19 – Սուրեն Մամբրեի Վարդանյան. 19-ամյա զինծառայող, մահացել է զինծառայողների տեղափոխող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

 

«Աստծո ձեռք»-ը վաճառվել է 3.3 միլիոն դոլարով

Adidas Azteca գնդակը, որով խփված գոլը պատմության մեջ է մտել «Աստծո ձեռքը» անվամբ, վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում 3.3 միլիոն դոլարով։

Ի սկզբանե ակնկալվում էր, որ գնդակը կվաճառվի մոտավորապես 10 միլիոն դոլարով։

Heritage Auctions-ը լոտն անվանել է «եզակի» և «գոյություն ունեցողներից ամենահիշարժան առարկան ֆուտբոլային աշխարհում»։

1986 թվականի հունիսի 22-ին կայացած Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի ժամանակ արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան իր ձեռքով գոլ խփեց Անգլիային։ Չնայած անգլիացի խաղացողների վրդովմունքին՝ մրցավար Ալի Բին Նասերը հաշվեց գոլն՝ ընդունելով այն որպես գլխով խփված։

Մարադոնան ինքը հայտարարել է, որ վիճահարույց գոլը խփվել է «մասամբ Մարադոնայի գլխով, մասամբ՝ Աստծո ձեռքով»։

Ավելի քան 30 տարի գնդակը պատկանել է հենց այդ նույն մրցավարին։ 2022 թվականին Ալի Բին Նասերն այն վաճառել է 2.37 միլիոն դոլարով։ Նոր սեփականատերը գնդակն աճուրդի է հանել 2023 թվականին, սակայն աճուրդը չի առաջացրել զգալի հետաքրքրություն և հանվել է վաճառքից։

 

Սինգապուրում յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքներին ավելի քան 55․000 ԱՄՆ դոլար կհատկացվի

Սինգապուրում աջակցության նոր փաթեթի շրջանակում յուրաքանչյուր երեխայի համար, մինչև 17 տարեկանը լրանալը, ընտանիքներին կտրամադրվի գրեթե 70․000 սինգապուրյան դոլարի չափով (55․153 ԱՄՆ դոլար) ուղղակի ֆինանսական աջակցություն․ գրում է The Economic Times-ը։

Որոշումը կայացվել է երկրի ծնելիության ընդհանուր մակարդակի նվազման ֆոնին։

Փաթեթը ներառում է երեխաների համար նախատեսված ֆինանսական հատկացումներ, բնակարանային աջակցության ծրագրեր, երեխաների խնամքի սուբսիդիաներ, ծնողական արձակուրդ և 10.000 սինգապուրյան դոլարի (7.879 ԱՄՆ դոլար) չափով նվեր նորածինների համար։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մինչև երեխայի 17 տարեկանը լրանալը յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունը կկազմի գրեթե 70․000 սինգապուրյան դոլար (55․153 ԱՄՆ դոլար)։

Սինգապուրում ծնելիության ընդհանուր գործակիցը նախորդ տարի նվազել է մինչև 0․87։ Երկրի բնակչությունը կազմում է 6․1 միլիոն, սակայն քաղաքացիները կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 60%-ը։

Ծնելիության մակարդակի նվազումը մտահոգություններ է առաջացրել բնակչության ծերացման և աշխատուժի ապագայի վերաբերյալ։ Երկիրը շարժվում է «գերծերացած» հասարակություն դառնալու ճանապարհով։

 

 

Որտե՞ղ են մեր այն հողերը, որ դելիմիտացիայով պետք է հետ տրվեին, իսկ կարո՞ղ է Ադրբեջանը չի ուզում վերադարձնել․ Նարեկ Կարապետյան

Լրիվ կկվի հեքիաթն է, որ ձագերին հերթով տանում են․ այսօր ճեպազրույցում այսպես Հայաստանի ներկայիս վիճակը բնութագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Որտե՞ղ են մեր այն հողերը, որ դելիմիտացիայով պետք է հետ տրվեին, իսկ կարո՞ղ է Ադրբեջանը չի ուզում վերադարձնել, և միայն վերցնում է»,- ասաց նա։

Ադրբեջանը, ըստ նրա, պետք է վերադարձնի հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում՝ հազարավոր հեկտարներ։

«Դա է հիմնական ցուցիչը, թե իրենք պատրա՞ստ են իրական, երկարաժամկետ խաղաղության, թե՞ ուղղակի ինչ ուզում ստանում են»,- ասաց նա։

Սիսիանի զորամասում 37-ամյա պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Սիսիանի զորամասերից մեկում հայտնաբերվել է 37-ամյա պայմանագրային զինծառայողի դի։

ՀՀ ՊՆ-ից ABC Media-ին հայտնեցին, որ, նախնական տվյալներով, զինծառայողի մահը ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով է։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հրվ․ Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հետ ևս մի զորավարժության չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում գործողությունների պատճառով

Հարավային Կորեան հաստատել է Միացյալ Նահանգների հետ իր վերջին համատեղ զորավարժությունների չեղարկումը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում գործողությունների պատճառով ամերիկյան զորքի պակասին. գրում է Bloomberg-ը։

Ssangyong զորավարժությունները, որոնք նախատեսված էին սեպտեմբերին և անցկացվում են երկու տարին մեկ, չեն կայանա նախատեսվածի համաձայն։

Ամերիկյան հրամանատարությունը Սեուլին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով ուժեր տեղակայելու անհնարինության մասին։

Սա վերջին շրջանում համատեղ զորավարժությունների ծավալի երկրորդ նշանակալի կրճատումն է։ Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր կրճատել այլ զորավարժությունների մասշտաբը, որոնք ավարտվել էին նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ օգոստոսի 21-ին։

Վաշինգտոնը դա բացատրել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը պահպանելու ցանկությամբ, ինչպես նաև Սեուլի՝ Իրանի հակամարտության հարցում Միացյալ Նահանգներին օգնելու դժկամությամբ։ Սակայն Կորեայի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ssangyong զորավարժությունները հետաձգվել են, այլ ոչ թե ամբողջությամբ չեղարկվել։

Նրա խոսքով՝ երկու երկրների զինված ուժերը շարունակում են խորհրդակցություններն ապագայում զորավարժությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ։