Գազայում կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու… Նրանք նույնիսկ մարդ չեն․ իսրայելցի նախարար

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Գազայի հատվածում որոշ մարդիկ «արժանի չեն ապրելու»։

Ըստ Financial Times-ի՝ ՀԱՄԱՍ խմբավորման նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ զրույցի ժամանակ նախարարն անհամաձայնություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայում ռազմական գործողությունների կրճատման հարցում։

«Կարծում եմ՝ մենք պետք է ամեն գիշեր իրականացնենք 30-40 թիրախային սպանություն… Ոչ միայն նրանց, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում։ Այնտեղ կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու… Նրանք նույնիսկ մարդ չեն», – նշել է նախարարը։

Նա նաև կոչ է արել վերսկսել հրեական բնակավայրերի շինարարությունը Պաղեստինի տարածքում։

Հարցազրույցի ժամանակ Բրասլավսկին, որը 2025 թվականի հոկտեմբերին ազատ էր արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից, խնդրել է իրեն թույլատրել մահապատժի ենթարկել ահաբեկչության մեղադրանքով դատապարտված անձանց։

Բեն-Գվիրը խոստացել է, որ կանի ամեն բան Բրասլավսկու խնդրանքը կատարելու համար։

«Ես կշարժեմ երկինքն ու երկիրը, և խոստանում եմ ձեզ ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի ունենա։ Իմ ամենամեծ երազանքներից մեկն է ձեզ այնտեղ տեսնելը», – նշել է Բեն-Գվիրը։

Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը ձեռք է բերվել 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Այն նախատեսում է հրադադար, Գազայում պահվող պատանդների ազատ արձակում՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց, մարդասիրական օգնության ավելացում և իսրայելական ուժերի փուլային դուրսբերում։ Ներկայում համաձայնագրերի իրականացումը մնում է անավարտ։

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ՀՀ տարածքից առավելագույնը «քամել». Աբրահամյան

Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»,- գրել է նա։

Հորմուզի նեղուցով անցումը պետք է լինի ազատ և առանց որևէ վճարի․ Էրդողան

Մենք կցանկանայինք, որ Հորմուզի նեղուցով անցումը լինի ազատ և առանց որևէ վճարի․ Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար և գործնական կլինի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա համաշխարհային նավագնացության և առևտրի վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի հուշագրով գործող 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է այսօր՝ օգոստոսի 17-ին։ Պակիստանի կառավարության աղբյուրներն օգոստոսի 12-ին հայտարարել են, որ Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդներին տեղեկացրել են հրադադարի ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնության մասին։ Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական տվյալների, գրել է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրադադարի հասնելու ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Թերթը գրում է, որ Թեհրանի կողմից հակահարված տալու պատրաստակամությունը վկայում է «խոր անվստահության մասին, որը, հավանաբար, կխանգարի երկու կողմերին հասնել կայուն համաձայնության՝ հակամարտությունն արագորեն ավարտելու համար»:

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են դաշնակից. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են դաշնակից. РИА Новости-ի հետ զրույցում նշել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը։

«Հենց սկզբից Հայաստանը եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, որն արժանի ներդրում է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես դաշնակից», – հայտարարել է Մասադիկովը։

Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը գործակալության հետ զրույցում նշել է, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին Գյումրիում վնասներ են պատճառել․ ջրալցվել են նկուղներ ու բակեր

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն. հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։

«Քաղցր հուշեր» բլոկադայի մասին. Արցախի հանրային ռադիոյի ամենահամեղ կոնֆետները

Քարվաճառում ապրելուս տարիներին թղթակցում էի տեղի «Նոր Շահումյան» թերթին։ Գրում էի տեղի անցուդարձից, ինչպես նաև՝ թերթին նոր խորագիր էի առաջարկել. «Հանդիպում արվեստի հետ»։ Այս խորագրի տակ հրապարակում էի ավելի վաղ ունեցածս հարցազրույցները թատրոնի ներկայացուցիչների հետ՝ ըմբոշխնելով երևանյան բոհեմի ու քարվաճառյան լեռների միջև սեղմված իմ աշխարհը։

Մի օր զանգ եմ ստանում անծանոթ համարից. «Տյու Թամա՞րն ըս», արցախյան անմիջականությամբ հնչում է հարցն առանց նախաբանի։ «Այո», տարակուսած պատասխանում եմ։ «Տյու Քարվաճա՞ռ ըս ապրում։ Բա ես խե՞ գյուդում չեմ, վեր տյու ստի լավ հոդվածներ ըս կիրում», անկեղծ վրդովմունքով շարունակում է զրուցակիցս։ Արդարանում եմ, թե ինչու Արցախի հանրային ռադիոյի լուրերի բաժնի այն ժամանակվա ղեկավար տիկին Նվարդը չգիտի, որ ես Քարվաճառում եմ ապրում ու «ստի լավ հոդվածներ ըմ կիրում»։ Այսպես սկսվում է իմ համագործակցությունը Արցախի հանրային ռադիոյի հետ։ Դառնում եմ Քարվաճառի ձայնն արցախյան ռադիոյում, տարիներ շարունակ, մինչև 2020 թվականի նոյեմբեր լուսաբանելով քարվաճառյան անցուդարձը։

2020 թվականի արհավիրքից ու Քարվաճառը կորցնելուց հետո 2022 թվականին նորից Արցախում ենք, այս անգամ՝ Ստեփանակերտում։ Ամուսինս՝ Դավիթը, աշխատանքի է անցնում Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնում։ Այցելում եմ ռադիո։ Հանդիպում եմ տարիներ շարունակ իմ նյութերը մոնտաժած, եթեր հեռարձակած մասնագետներին։ Հիշում ենք քարվաճառյան լուրերն ու ամբողջական Արցախի երջանիկ տարիները…

Արցախի հանրային ռադիոն դառնում է Ստեփանակերտի ամենատաքուկ անկյուններից մեկն ինձ համար։

Սկսվում է բլոկադան. տաք ու հարազատ մարդիկ առավել տաք ու հարազատ են դառնում։ Ռադիոյի շենք այցելություններս ավելի հաճախակի են դառնում։

«Տանը շաքար կա, չէ՞», մի օր հարցնում է Դավիթը։ Տանը մեկ-երկու կգ շաքարավազ կար. մենք շաքարավազ առհասարակ չենք օգտագործում։ «Կարինեն կոնֆետ է սարքում, տանեմ, սարքի»։ Պարզվեց՝ ռադիոյի Կարինեն կարողանում էր սարքել աշխարհի ամենահամեղ կոնֆետները՝ մի բուռ շաքարավազով ու այդ պահին առկա ընկուզեղենով։ Ռադիոյում մերթընդմերթ կազմակերպվող քաղցր ընդմիջումները տաքացնում ու ուժեղ են դարձնում բլոկադայի ցուրտ ու հուսահատ օրերին։

Ադրբեջանի կողմից վերջին մահաբեր հարձակումից հետո Ստեփանակերտում սարսափելի պատկերները շատ էին։ Ամենահուզիչ տեսարաններից էր Արցախի հանրային հեռուստառադիո ընկերության մեքենան՝ բեռնված երկար տարիների արդյունքում ձեռք բերված ձայնա- և տեսագրություններով։ Աշխատակիցները բոլոր սկավառակները բեռնել էին մեքենան՝ դեպի անորոշություն ճանապարհելով մի ողջ Արցախի պատմություն…

Տաքուկ ու ջերմ էր Արցախի հանրային ռադիոն, ինչպես ողջ Արցախն էր տաքուկ ու ջերմ։ Իսկ կոնֆետներն այնտեղ ամենահամեղն էին, բլոկադայում հայթաթած մի բուռ շաքարավազով ու Արցախի ամենահամով ճղոպուրով…

Թամարա Գրիգորյան

Ռոնալդուն կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան 2027 թվականին

Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ 2026/27 մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր ֆուտբոլային կարիերայում։ 41-ամյա պորտուգալացին այդ մասին խոսել է Vogue-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ ցանկանում է կարիերան ավարտել՝ թողնելով մեծ ժառանգություն։

«Հավանաբար, սա ֆուտբոլում իմ վերջին տարին է, և ես ցանկանում եմ հսկայական ժառանգություն թողնել»,- ասել է Ռոնալդուն։

Ֆուտբոլից հեռանալուց հետո նա ծրագրում է ավելի շատ հանգստանալ, ճանապարհորդել, զբաղվել իր սիրելի փադելով և վայելել ընտանիքի հետ անցկացրած ժամանակը։ Ռոնալդուն նշել է, որ իր կարիերայի 25 տարիները լի են եղել զոհողություններով ու զրկանքներով։

Ռոնալդուն 2023 թվականից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Զույգը հարաբերությունների մեջ է 2016 թվականից։

Կյանքին պարով պատասխանող Թերեզա տատիկը

«Արտաքինս շատ գրավիչ է եղել, հնարավոր չէր անցնեի,  հետևիցս «ռեպլիկա» չթողնեին»․ երիտասարդ տարիների մասին մեղմ ժպիտով պատմում է Թերեզա տատիկը։

Տարիներն, իհարկե, իրենց հետքն են թողել․ դեմքին ավելացել են կնճիռներ, մազերը ճերմակել են, երբեմնի արագ ու թեթև քայլքն էլ փոքր-ինչ դանդաղել է։ Բայց Թերեզան ծերության հետ հաշտվել չի պատրաստվում։

«Չէ՛, չեմ հաշտվում իմ ծերության հետ։ Լազուր աչքերիս փայլը ո՞ւր կզավ։ Ի՞նչ նկարիչ էր՝ կախարդ վրձինով, գեղեցիկ դեմքիս ակոսներ քաշեց։ Վարսահարդարն էլ՝ ինչ իրավունքով շեկլիկ մազերս սպիտակով ներկեց»,- իր գրած բանաստեղծությամբ է պատասխանում տիկին Թերեզան։

Ժամանակը, սակայն, մի բան չի կարողացել փոխել։ Նրա ներսում դեռ ապրում է այն փոքրիկ Թերեզան, որը ութ տարեկանում Մարոյի դերն էր խաղում հարևանների կազմակերպած բեմադրության մեջ։

«Բեմ սարքեցինք։ Ախպերս դարձավ Կարոն, մեծ քույրս՝հեղինակը, մյուս քույրս՝ իմ մայրը դարձավ, ես դառա Մարոն, հարևանը դառավ տերտեր։ Մի խոսքով՝ հավաքվեցինք, բեմադրեցինք»,- մանկության տարիները հիշում է Թերեզա տատիկը։

Բայց նրա կյանքի առաջին էջերը այսքան լուսավոր չեն եղել։ Պատերազմը խլեց հորը։

«Վեց երեխա ենք եղել։ Հայր չեմ ունեցել։ Մայրս միայնակ վեց երեխա է պահել առանց ամուսնու։ Դառն է եղել մանկությունս»,- պատմում է նա։

Հետո կյանքը մի փոքր ավելի բարեհաճ գտնվեց նրա հանդեպ։ Թերեզան ամուսնացավ դասընկերոջ հետ։

«Մենք նույն դասարանում էինք սովորում ու նստում էինք կողք կողքի»,- հիշում է տիկին Թերեզան։

Ամուսնու մասին խոսելիս նրա պատմության մեջ սերը չափվում է գուցե այսօրվա համար անսովոր չափանիշով։ Ասում է՝ ամուսինը խմելու սովորություն ուներ, բայց երբեք իր վրա ձեռք չէր բարձրացնում։

«Խմելու սեր ուներ, բայց ինձ երևի սիրում էր, որովհետև մատով անգամ չի կպել ինձ, չի ծեծել»,- պատմում է նա։

Միասին, սակայն, երկար չապրեցին։ 1982 թվականին, ընդամենը 43 տարեկանում, Թերեզայի ամուսինը մահացավ սրտի կաթվածից։

Կյանքը նրան նորից մենակ թողեց, բայց Թերեզան չհանձնվեց։ Ամուսնու մահից հետո երեխա որդեգրեց։

«Վեց ամսականից պահել եմ մինչև 28 տարեկանը»,- պատմում է նա։

Սակայն տարիներ անց Թերեզան կորցրեց նաև որդուն։ Իսկ դրանից հետո՝ թոռնուհու հետ կապը։ Փոքրիկ աղջկան մինչև վեց տարեկանը հենց ինքն էր մեծացրել, բայց որդու մահից հետո երեխան մոր հետ հեռացավ, և այդ օրվանից նրանից ոչ մի լուր չունի․․․

Այս մասին խոսելիս ձայնը դողում է, արցունքները չի կարողանում թաքցնել։

«Կարոտում եմ․․․»,- արցունքները կուլ տալով՝ ասում է Թերեզա տատիկը։

Թերեզայի կյանքի ճանապարհը նրան մի քանի անգամ է տնից տուն տարել։ 1990-ականներին տեղափոխվեց Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղ, հետո բնակվեց Ստեփանակերտում։ Արցախում էլ կյանքը հեշտ չէր, և 2016 թվականին Թերեզան վերադարձավ Երևան։

Բայց մենակությունն ամեն օր չի հաղթում Թերեզային։

Նրա օրը սկսվում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության տարեցների՝ Շենգավիթի ցերեկային կենտրոնում:

Այստեղ տարեցները մի քանի ժամով մոռանում են տան հոգսերը։ Զրուցում են, լսում միմյանց, նարդի, շախմատ, դոմինո ու լոտո խաղում, երգում ու պարում։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս ընթացքում իրենց միայնակ չեն զգում։

Կենտրոն գալու առաջին օրվա մասին խոսելիս տիկին Թերեզայի աչքերը փայլում են։

«Մեծ բավականություն եմ ստացել հենց առաջին օրվանից։ Հենց մտել եմ ներս բոլորը  հարազատի նաման են դիմավորել։ Հենց առաջին օրվանից  որոշել եմ, որ ամեն օր պիտի գամ»,- պատմում է նա։

Թերեզա Խաչատրյանը կենտրոնի ամենաճանաչված այցելուներից է։ Այստեղ նրան ճանաչում են ոչ միայն որպես կենտրոնի անդամ, այլև որպես կենտրոնի միակ պարուհի։

«Մեկը մեկին ասում է՝ ծերանոց է գնում։ Ես ասում եմ՝ ծերանոց չի, սա մեծահասակների մանկապարտեզն է»,- ժպիտով ասում է նա։

Կենտրոնն իր երկրորդ տունը համարող Թերեզան այստեղ գտել է ոչ միայն մարդկանց, այլև իրեն։ Տարիները նրանից շատ բան են խլել՝ երիտասարդությունը, սիրելի մարդկանց, որդուն, թոռնուհու հետ կապը։ Բայց չեն կարողացել խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։

Ու քանի դեռ այստեղ հնչում է երաժշտությունը, Թերեզա տատիկը պարում է։ Գուցե ոչ այնպես, ինչպես երիտասարդ տարիներին, բայց նույն սիրով ու նույն եռանդով։

Նրա պարը պարզապես պար չէ։ Դա տարիների, կորուստների ու միայնության միջով անցած կնոջ պատասխանն է կյանքին՝ քանի դեռ կարող եմ՝ ապրելու եմ։

Սվետլանա Պետրոսյան

Խոշոր գողություն Սիցիլիայի թանգարանում․ անհետացել են Անտոնելլո դա Մեսինայի գործերը

Սիցիլիայի Մեսինա քաղաքի Տարածաշրջանային թանգարանից (MuMe) գողացել են Վերածննդի դարաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Անտոնելլո դա Մեսինայի մի քանի ստեղծագործություն։ Այս մասին հայտնել է թանգարանի տնօրեն Մարիզա Մերկուրիոն։

Նրա խոսքով՝ գողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ուշ երեկոյան։ Հանցագործները ներխուժել են ցուցասրահներ՝ շրջանցելով ահազանգման և անվտանգության համակարգերը, և թանգարանից դուրս են բերել Սուրբ Գրիգորիի հայտնի պոլիպտիխի հինգ փայտե վահանակներից երեքը։

Բացի այդ, գողացել են փոքր չափերի երկկողմանի մի նկար, որի մի կողմում պատկերված է Մադոննան, իսկ մյուսում՝ Քրիստոսը՝ փշե պսակով։ Նշված աշխատանքը հանվել է պաշտպանիչ զրահապատ ցուցափեղկից։

«Մենք ցնցված ենք։ Սա մեծ կորուստ է թանգարանի, քաղաքի, համայնքի և արվեստի աշխարհի համար»,- Մերկուրիոյի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն։

Թանգարանի տնօրենը նշել է, որ գողացված ստեղծագործությունները դա Մեսինայի երկու ամենակարևոր և հայտնի աշխատանքների շարքին են դասվում։ Նա հույս է հայտնել, որ իրավապահներին կհաջողվի բացահայտել և ձերբակալել գողության հեղինակներին։

«Արցախ»՝ Իրանի դեսպանի շուրթերից․ Արման Աբովյանը տեսանյութ է հրապարակել

Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը. գրել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը և տեսանյութ հրապարակել։

«Այն դեպքն է, երբ Իրանի դեսպանը առանց կաշկանդվելու, առանց բարդույթների փորձում է արցախյան «ժենգյալով հացը» և համտեսի ընթացքում կրկնում «Արցախ» բառը, մինչդեռ սրանք “тупо” խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել մեր Հայրենիքի օկուպացված տարածքի ճիշտ անվանումը։

Շնորհակալություն հարգարժան դեսպանին և հավերժական ամոթ նրանց, ովքեր վախենում են անգամ արտասանել մեր Հայրենիքի մասերի հայկական անվանումները»,-գրել է նա։