Անգլիայում 1988-2025 թվականներին ծայրահեղ շոգից մահացել է ավելի քան 40․000 մարդ

Անգլիայի ազգային վիճակագրության գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն՝ Անգլիայում 1988-2025 թվականների ամենաշոգ օրերին մահացել է ավելի քան 40․000 մարդ․ հայտնում է The Guardian-ը։

Թվերը չեն ներառում այս ամառը, երբ Անգլիան տապալվել է մի շարք ջերմային ալիքներից և, ըստ կանխատեսումների, կգրանցի մահացությունների ամենաբարձր թիվը։

Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունը հուլիսի 30-ին հայտարարել է, որ միայն մայիս և հունիս ամիսներին ջերմային ալիքների ժամանակ մահացել է մոտ 2877 մարդ։ Ընդհանուր թիվը գրեթե կրկնակի գերազանցում է 2025 թվականի ամբողջ ամռան ցուցանիշը։

Օդի բարձր ջերմաստիճաններից մահվան դեպքերի թիվն ավելի կաճի, քանի որ բրածո վառելիքի այրման հետևանքով առաջացած կլիմայական ճգնաժամը շարունակում է բարձրացնել ջերմաստիճանը, իսկ բնակչությունը ծերանում է։ Տարեց մարդիկ, ինչպես նաև երեխաները և հիվանդները հատկապես խոցելի են շոգերի նկատմամբ։

2027 թվականի տապն ավելի կսրվի Խաղաղ օվկիանոսում ձևավորվող Էլ Նինյո եղանակային երևույթի պատճառով։

Մայրցամաքային Եվրոպայում առնվազն 35․000-ով ավելի մարդ է մահացել շոգ ամռան ընթացքում, քան սովորաբար գրանցվում է։

Կյանքումս առաջին անգամ ցանկանում եմ, որ այս տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեն․ Բիլ Գեյթսը՝ թռիչքաձև զարգացող AI-ի մասին

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը երկար ժամանակ լավատեսորեն էր վերաբերվում արհեստական բանականության (AI) հնարավորություններին՝ հավատալով, որ դրա շնորհիվ աշխարհն ավելի լավը կդառնա։ Նա կարծում էր, որ այս նոր տեխնոլոգիան մարդկանց կազատի ավելորդ աշխատանքից և կարագացնի այնպիսի նորարարական լուծումների մշակումը, որոնք կօգնեն պայքարել հիվանդությունների ու կլիմայի փոփոխության դեմ։

Ամերիկացի միլիարդատերը, սակայն, կարծես մտափոխվել է։ Առցանց հրապարակված էսսեում նա մտահոգություն է հայտնում, որ արհեստական բանականությունը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ բերել․ գրում է The Washington Post-ը։

Հարցազրույցում Գեյթսն ասել է, որ այժմ ինքը վախենում է արհեստական բանականության հետ կապված հնարավոր բացասական հետևանքներից, որոնք հնարավոր է՝ առաջանան անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում։

Գեյթսի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրեն ավելի ու ավելի է սկսել անհանգստացնել տեխնոլոգիայի՝ աշխատանքային առաջադրանքներ կատարելու և հաքերային հարձակումներ իրականացնելու աճող կարողությունը։ Ամենից շատ նրան մտահոգում է արհեստական բանականության նկատմամբ վերահսկողության և դրա բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ առաջընթացի բացակայությունը։

Նա նշում է, որ կյանքում առաջին անգամ ցանկանում է, որ որևէ տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեն։

«Ինձ համար զարմանալի է, որ ես նման բան եմ ցանկանում», – ասել է Microsoft-ի համահիմնադիրը։

Իր էսսեում Գեյթսը ներկայացնում է արհեստական բանականության ռիսկերին արձագանքելու մի շարք առաջարկներ, այդ թվում՝ որոշ աշխատանքներ բացառապես մարդկանց համար պահպանելու գաղափարը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Գեյթսը մտադիր է այս տարվա վերջին հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ արհեստական բանականության հետ կապված աճող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ գլոբալ նախաձեռնություններ առաջարկելու նպատակով։

Նա կարծում է՝ հնարավոր է՝ Չինաստանը համաձայնի սահմանափակել արհեստական բանականության՝ պոտենցիալ վտանգ ներկայացնող մոդելների թողարկումը, եթե ԱՄՆ-ն այդ հարցում առաջին քայլն անի։

Գեյթսը նաև առաջարկում է երկրներին վերահսկել արհեստական բանականության՝ մոլեկուլներ ստեղծելու և կենսաբանական հարձակումներ իրականացնելու կարողությունները՝ քայլ, որը չի խոչընդոտի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Բաքվի սլավոնական համալսարանում կդասանդվի հայերեն

Բաքվի սլավոնական համալսարանում հայերենը կդասավանդվի 2026-2027 ուսումնական տարվանից սկսած․ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեն։

«Բաքվի սլավոնական համալսարանի ակադեմիական խորհրդի որոշման համաձայն՝ հայերենի դասավանդումը նախատեսվում է հաջորդ տարիների համար», – նշել է նա։

Ավելի վաղ համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտարարել էր, որ բուհը նախատեսում է հայերեն դասավանդել 2026-2027 ուսումնական տարվանից սկսած։

Ճամբարակ-Վահան ճանապարհի վրաերթի գործով 1 անձ է ձերբակալվել

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է»,- ասված է հայտարարության մեջ։

Թրամփն ուժեղացրել է Իրանի նկատմամբ ճնշումը՝ ավելի խիստ ճնշման ենթարկելով նրա աջակիցներին․ Նեթանյահուի հայտարարությունները՝ կետերով

Իրանի հարցում լուծման տարբերակներից մեկը նրա նկատմամբ ճնշումն ավելացնելն է․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

  • Ես Թրամփին ասել եմ, որ Իրանի հարցում լուծման հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնության գա․ մենք դրան դեմ չենք։ Ես պարզապես կասկածում եմ՝ արդյոք հնարավո՞ր է համաձայնության գալ նրանց հետ։
  • Ես Թրամփին ասացի, որ կա նաև հարցի լուծման մեկ այլ տարբերակ՝ խստացնել ճնշումը։ Երեկ նա շատ վճռական կերպով վերահաստատեց այդ որոշումը։
  • Երեկ նախագահ Թրամփն ուժեղացրեց Իրանի նկատմամբ ճնշումը՝ ոչ թե ուղղակիորեն Իրանի վրա ճնշումն ավելացնելով, այլ նրան աջակցողներին ավելի խիստ ճնշման ենթարկելով։
  • Առջևում դեռ մարտահրավերներ ունենք․ Իրանի հետ կապված խնդիրը դեռևս չի լուծվել։ Պետք է նաև լուծենք Գազայում, Լիբանանում և այլ ուղղություններում առկա խնդիրները։ Մենք վճռական ենք դա անելու հարցում։

Շատ էին ուզում հորս բերել դատարան, բժիշկները թույլ չեն տվել․ Լևոն Քոչարյան

Շատ էին ուզում հորս բերել դատարան, բժիշկները թույլ չեն տվել․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, լրացել է ձերբակալման ժամկետը, որից հետո նոր միջնորդություն է ներկայացվել նրան 24 ժամվա ընթացքում ձերբակալելու համար։

«Նպատակն ամեն գնով հորս դատարան բերելն է լինելու, լսել եք ցուցումներն այստեղ (ԱԺ-ում-Խմբ․)»,- ասաց նա։

Կես հացի շուրջ վեճը գերմանացի հացթուխին 15․000 եվրո է արժեցել

Գերմանիայի Բավարիա երկրամասում հացթուխը հացի քաշի շուրջ հաճախորդի հետ վեճից հետո ստիպված է եղել 15․000 եվրո ծախսել նոր կշեռքներ գնելու համար․ գրում է Euronews-ը։

Վեճը տեղի է ունեցել Մյունխենից հյուսիս գտնվող Պֆաֆենհոֆեն ան դեր Իլմ քաղաքում, որտեղ հացթուխ Մաթիաս Բրայթները տասնամյակներ շարունակ ամբողջական հաց գնել չցանկացող հաճախորդներին հացի կես կտորն է վաճառում։

Մամուլի ուշադրությունը գրաված վեճը սկսվել է այն բանից հետո, երբ հաճախորդը էլեկտրոնային նամակ է գրել հացատուն՝ բողոքելով, որ տանը կես հացը կշռելուց հետո պարզել է, որ դրա քաշը 10 գրամով պակաս է եղել ամբողջական հացի համար նշված քաշի կեսից։

«Երբեմն մի քիչ ավելի է լինում, երբեմն՝ մի քիչ պակաս։ Հաջորդ անգամ հաստատ 10 գրամ ավելի կլինի»,- պատասխանել է Բրայթները։

Հաճախորդն այնուհետև դիմել է համապատասխան մարմիններին, ինչից հետո տեղական վերահսկողական մարմինը Բրայթներին հայտնել է, որ նա այլևս չի կարող կես հաց վաճառել՝ առանց դրանք առանձին-առանձին կշռելու։

Բրայթները նշում է, որ չի ցանկանում նախապես փաթեթավորված կես հաց վաճառել, ինչը նշանակում է, որ հաճախորդների համար կտրված յուրաքանչյուր չափաբաժին պետք է առանձին կշռվի վաճառքի պահին։

Ուստի հացթուխը ստիպված է եղել իր հացատներում նոր կշեռքներ տեղադրել։ Նրա խոսքով՝ դրանց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15․000 եվրո։

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը․ հայտնում է ՀՀ ՏԿԵՆ-ն։

«Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

Դատարանը մերժել է Էփշտեյնի գործով մեղավոր ճանաչված միակ անձի դատավճիռը չեղարկելու միջնորդությունը

 ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է սեռական թրաֆիքինգի գործով Ջեֆրի Էփշտեյնի հանցակից Գիսլեյն Մաքսվելի նկատմամբ կայացված դատավճիռը չեղարկելու միջնորդությունը․ գրում է Euronews-ը:

64-ամյա Մաքսվելն Էփշտեյնի գործով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա այս գործով մեղավոր ճանաչված միակ անձն է։ Իսկ Էփշտեյնը մահացել էր 2019 թվականին Նյու Յորքի բանտախցում՝ սեփական դատավարությանը սպասելիս։

Միջնորդությունը մերժելու որոշման մեջ դատավոր Փոլ Էնգելմայերը նշել է, որ Մաքսվելի պնդումները, թե դատավարության և դատավճռի կայացման ընթացքում խախտվել են իր սահմանադրական իրավունքները, «անհիմն են»՝ հավելելով, որ այդ մասին Մաքսվելի «բոլոր պնդումները, կամ գրեթե բոլորն անհեթեթ են»։

«Նրա գրեթե ոչ մի պնդում դատավարական առումով ենթակա չէ քննության։ Դատավարության ընթացքում ներկայացված վկայությունների և փաստաթղթերի ճնշող ծավալով ապացույցները վերջնականապես հաստատել են նրա մեղավորությունը, իսկ միջնորդության մեջ ներկայացված պնդումներն ակնհայտորեն անհիմն են և, հիմնականում, հիմնված են ենթադրությունների, խեղաթյուրումների և/կամ բացահայտ կեղծ պնդումների վրա», – ասել է Էնգելմայերը։

Մաքսվելը 2021 թվականին մեղավոր է ճանաչվել Էփշտեյնին անչափահաս աղջիկներ «մատակարարելու» համար։

Փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը Մաքսվելին հարցաքննության էր հրավիրել՝ Էփշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար, սակայն նա հրաժարվել էր որևէ հարցի պատասխանել։ Մաքսվելի փաստաբանը հայտարարել էր, որ նա պատրաստ է խոսել միայն այն դեպքում, եթե Թրամփը նրան ներում շնորհի։

Հայաստանը պետք է դադարեցնի խաբուսիկ քաղաքականություն վարել. պաշտոնական հայտարարություն

Հայաստանը չի խորհրդակցում իր ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների հարցում. РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մենք տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական ​​աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», – նշել է Աղասանդյանը։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն, իր հերթին, նշել է. «Հայաստանը պետք է դադարեցնի խաբուսիկ քաղաքականություն վարել՝ միաժամանակ ձգտելով միանալ Եվրամիությանը և շարունակելով օգտագործել Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները»:

Նա նշել է, որ սա ցինիկ և սխալ է Հայաստանի կողմից։