Մեղադրանքի մեծ մասը Քոչարյանի հետ կապ չունի. փաստաբան Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց նախագահին ուղղված մեղադրանքի վիճահարույց մի շարք դրույթներ՝ պնդելով, որ մեղադրանքի հիմքում դրված է այն ենթադրությունը, թե Քոչարյանը կատարված բոլոր գործողություններից տեղյակ է, և, ըստ այդմ, դրանց համար պատասխանատու է։

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանը ամեն ինչից տեղյակ է, և ինչ եղել է, իր մեղավորությունը կա»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի շրջանակում նախագահը ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի վերադաս, իսկ Կառավարության անդամները՝ որպես նրա ենթականեր, մինչդեռ, ըստ Օրբելյանի, Քոչարյանի կատարած համապատասխան գործողությունը սահմանափակվել է Կառավարության որոշումների վավերացմամբ։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից․

«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։

Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։

Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։

Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։

Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»,- ասված է ուղերձում։

 

ՀՀ-ում Եկեղեցու հետ հարաբերությունների հետագա սրումն անխուսափելիորեն կհարվածի իշխող թիմի վարկանիշին․ Deutsche Welle

Հայաստանում սկսվել է դատավարություն Հայ եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ: Դատավարության իրավական հիմքն արքեպիսկոպոսներից մեկի կարգալույծ լինելու շուրջ վեճն է, որը քողարկվում է Փաշինյանի և երկրի ամենաազդեցիկ հաստատության միջև առճակատմամբ: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը բավականին կոշտ է դարձել․ գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշվում է, Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվում է օգտագործել Կաթողիկոսի հոգևոր տիտղոսը՝ նրան դիմելով բացառապես իր աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան: Փաշինյանը հրապարակավ մեղադրել է պատրիարքին իր կուսակրոնության ուխտը խախտելու համար, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել ընդդիմության շրջանում:

Փաշինյանը նոր մեղադրանքներ է առաջադրել, այս անգամ՝ քաղաքական բնույթի: Նա պնդել է, որ Կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկում երկրի շրջաններ՝ աշխարհիկ կառավարությունը տապալելուն ուղղված նոր հեղափոխական շարժում սկսելու համար:

Հարցումների համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցին վայելում է բարձր վստահություն և բանակի հետ միասին մնում է երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատությունը:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպությունները լիովին անջատ են պետությունից: Միաժամանակ, հիմնական օրենքը Հայ առաքելական եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ՝ ճանաչելով նրա բացառիկ պատմական առաքելությունը ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում: Աշխարհիկ և կրոնական իշխանությունների փոխգործակցության իրավական շրջանակը կարող է լրացուցիչ կարգավորվել առանձին օրենքով, որը ներկայիս ճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի է դառնում բուռն քաղաքական բանավեճի առարկա։

Փաշինյանը հակադարձել է այս պնդումներին: Նրա խոսքով՝ Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը նրան չի տալիս իրավական շրջանակներից դուրս գոյություն ունենալու կամ «պետություն պետության մեջ» կառուցելու իրավունք:

Քաղաքագետները կանխատեսում են, որ հետագա սրացումն անխուսափելիորեն կհարվածի իշխող թիմի վարկանիշին։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ներկայում քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ․ գրում է lenta.ru-ն։

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առաջ, որոնց Դուք և Ձեր ընտանիքը բախվում եք ներկայում», – գրել է Պուտինը։

Նա նշել է Քոչարյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի զարգացման գործում։

Ողբերգական ավտովթար Գագարինում․ բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Բախման հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

ԵԱՏՄ-ից դուրս գալը զգալի վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը․ ռուսական մամուլի ամփոփում

Ռուսաստանին որպես դաշնակից չճանաչելը Հայաստանի կողմից ՌԴ-ի հետ ձեռք ձեռքի տված աշխատելու իր դժկամությունն արդարացնելու փորձ է․ EADaily-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և երկրի ներքին գործերին միջամտության կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը։

ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանն այլևս չի նշված որպես ռազմավարական դաշնակից։ Այս հայտարարությունը, ըստ Ջաբարովի, փորձ է արդարացնելու «ԵՄ-ի հետ կասկածելի կապերի ամրապնդումը և հետագայում ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը, ինչը զգալի վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը»։

Ըստ Ջաբարովի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չի պաշտպանել Արցախը և հատուկ օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից։

Ավելին, Արցախը չի ճանաչվել որպես Հայաստանի մաս Երևանի կողմից։ Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը որևէ իրավական հիմք չուներ միջամտելու համար։

«Սա կարևոր է, քանի որ միջազգային իրավունքի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունը նախատեսված է անդամ պետություններին արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար։ Եթե տարածքն իրավաբանորեն չի պատկանում անդամ պետությանը, ապա այն չի կարող «պաշտպանվել» այս մեխանիզմի շրջանակում», – ընդգծել է Ջաբարովը։

Նրա կարծիքով՝ վաղաժամ է քննարկել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ չնայած Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դերի վերաբերյալ Երևանի վերջին հայտարարություններին։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, բայց կան կանոններ կազմակերպություններ մուտք գործելու և դուրս գալու համար։ Ոչ ոք դուրս չի հանի Հայաստանին ՀԱՊԿ-ից առանց պաշտոնական հարցման», – հայտարարել է սենատորը։

РИА Новости-ն գրում է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալն ամենամեծ ազդեցությունը կունենա երկրի ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրողները կկորցնեն իրենց ամենամեծ շուկան՝ Ռուսաստանը։

Գործակալության վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Ռուսաստան է արտահանել թունդ ալկոհոլ, որի բաժինն այս կատեգորիայի ընդհանուր արտահանման գրեթե 86%-ն է։ Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12.2 միլիոն դոլար արժողությամբ ծաղիկներ, որը կազմում է ընդհանուր արտահանման 88%-ը։ Ձկան արտահանումը հասել է 17.6 միլիոն դոլարի (98%), սուրճի՝ 11.6 միլիոն դոլարի (89%), իսկ սև մետաղների, հիմնականում ֆեռոհամահալվածքների և հարթ գլանվածքի արտահանումը՝ 8.8 միլիոն դոլարի (31%)։

Հայաստանից Ռուսաստան արտահանվող 10 խոշորագույն ապրանքներից են նաև օրթոպեդիկ արտադրանքը՝ 27.1 միլիոն դոլար (99.9%), կոշիկը՝ 14.7 միլիոն դոլար (96%), շոկոլադը և շոկոլադե արտադրանքը՝ 5.9 միլիոն դոլար (70%), իսկ հանքային և գազավորված ջուրը՝ հավելանյութերով, 5.6 միլիոն դոլար (89%)։

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն. հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից

Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունից։ Նա կորցրել է հունվարից ի վեր քաղաքացիների շրջանում աստիճանաբար ձեռք բերած վստահության ողջ պաշարը։ Այս մասին վկայում են CSA ընկերության կողմից Le Journal du Dimanche թերթի պատվերով անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքները։

Հարցմանը, որին մասնակցել է 1000 ֆրանսիացի, պետության ղեկավարի վարկանիշը նվազել է 7 տոկոսային կետով։ Այժմ Մակրոնի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 21%-ը, մինչդեռ 79%-ը դժգոհ է նախագահի վարած քաղաքականությունից։

Ինչպես նշում է պարբերականը, նախագահը «կորցրել է իր ողջ վարկանիշը, որը այս տարվա հունվարից ի վեր աստիճանաբար ձեռք էր բերել»։ Միևնույն ժամանակ, նրա նկատմամբ դժգոհությունն աճել է նույնիսկ նրա հիմնադրած «Վերածնունդ» կուսակցության աջակիցների շրջանում։

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը կներկայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը՝ Եվրամիությանը միանալու Երևանի մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում, իհարկե, կարևոր է։ Նախագահը, բնականաբար, կօգտվի այս հանդիպումից՝ ևս մեկ անգամ ներկայացնելու մեր փաստարկները։ Սակայն մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը պետք է ընդունեն հենց իրենք՝ հայերը։ Մենք էլ հենց առաջարկում ենք նրանց դա անել՝ հանրաքվե անցկացնել»,- ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ նման դիրքորոշում են հայտնել նաև ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում։

«Հենց այդ մասին էլ կխոսվի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հայտնի է Արարատ-Արմենիայի խաղերի ժամանակացույցը լիգայի փուլում

Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում իր պատմական ելույթները Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կսկսի սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»: ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է մրցաշարի լիգայի փուլի խաղացանկը. գրում է Armsport.am-ը։

Երևանյան ակումբի հանդիպումների ամբողջական ժամանակացույցն ըստ Երևանի ժամանակի.

  • 16 սեպտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» (Տնային)
  • 15 հոկտեմբերի, 23:00 | «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
  • 22 հոկտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» (Տնային)
  • 5 նոյեմբերի, 00:00 | «Տորրենսե» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
  • 26 նոյեմբերի, 21:45 | «Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
  • 10 դեկտեմբերի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նայմեգեն» (Տնային)
  • 21 հունվարի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» (Տնային)
  • 28 հունվարի, 00:00 | «Միլան» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում:

Երևանյան ակումբն այս ուղեգիրը նվաճեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ անցումային փլեյ-օֆֆում տարած դրամատիկ հաղթանակի (ընդհանուր՝ 2-1) շնորհիվ, իսկ վիճակահանությունից առաջ ընդգրկված էր 4-րդ զամբյուղում: