Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միացյալ Նահանգներին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում։

«Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ ԱՄՆ վարչակազմին ներքաշել է Իրանի դեմ պատերազմի մեջ՝ Իսրայելի շահերից ելնելով։ Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է այն բանի վրա, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա՝ ամերիկյան ալիքներով հազարավոր եթերաժամի միջոցով», – գրել է Արաղչին։

Իրանցի նախարարի խոսքով՝  Իսրայելի վարչապետն անգլերեն գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը։

«Օձ»,- եզրափակել է Արաղչին։

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, որը զգացվել է նաև Հայաստանում

Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կրեմլի պարտությունը Հարավային Կովկասում. Ռուսաստանը կորցնում է ՀՀ-ն՝ իր վարած քաղաքականության պատճառով․ Ուկրաինայի ԱՀԾ

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Կրեմլի կողմից հարևաններին ճնշելու ավանդական մեթոդները, այդ թվում՝ տնտեսական սահմանափակումները և քաղաքական միջամտությունը, Հայաստանում ավելի ու ավելի անարդյունավետ են դառնում․ գրում է Defense Express-ը։

Հետախուզական գործակալությունը նշում է, որ ռուսամետ ուժերը խոշոր պարտություն են կրել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել և ավելի թեքվել դեպի Արևմուտք։

ԱՀԾ տվյալներով՝ Մոսկվայի արձագանքը կանխատեսելի էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել կամ սպառնացել են հայկական արտահանմանը։ Միջոցառումները, ըստ երևույթին, նախատեսված էին բերքահավաքի սեզոնից առաջ Երևանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար։ Սակայն, կարծես, ռազմավարությունը հակառակ ազդեցություն է ունեցել։

ԱՀԾ տվյալներով՝ Փաշինյանը պատասխանել է՝ ընդգծելով Հայաստանի իրավունքը՝ փնտրելու այլընտրանքային առևտրային գործընկերներ։Ռուսաստանի ազդեցության անկումը Հայաստանում սերտորեն կապված է նաև Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի իր հեղինակության փլուզման հետ։ Տասնամյակներ շարունակ Մոսկվան չլուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործել է որպես իր ազդեցության հիմնական գործիքներից մեկը՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա: Այդ ռազմավարությունը լրջորեն խաթարվեց 2023 թվականին, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ առավ Լեռնային Ղարաբաղը, և ռուս խաղաղապահները հետագայում դուրս եկան տարածաշրջանից նախատեսված ժամկետից շուտ։

Հետախուզական ծառայության կենտրոնը նաև մատնանշում է 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները, երբ բախումները տարածվեցին միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքում: Հայաստանը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ուղղակի ռազմական օգնություն չստացավ, ինչը հետագայում վնաս հասցրեց Մոսկվայի հեղինակությանը որպես հուսալի դաշնակցի։

Հետախուզական ծառայության տվյալներով՝ այս զարգացումները նպաստել են Ռուսաստանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկմանը Հայաստանում։  Հետախուզական գործակալությունը պնդում է, որ Մոսկվան այժմ բախվում է մի խնդրի, որին չէր բախվել նախորդ տասնամյակներում. Հայաստանն ունի այլընտրանքներ։

Մինչ Ռուսաստանը փորձում էր առևտրային սահմանափակումներն օգտագործել որպես լծակ, Եվրամիությունն ընդլայնեց տնտեսական համագործակցությունը Երևանի հետ և լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրեց:

Հետախուզական ծառայության կենտրոնը գնահատում է, որ Հարավային Կովկասում Մոսկվայի նախկին մենաշնորհը զգալիորեն թուլացել է, քանի որ Հայաստանը զարգացնում է ավելի լայն քաղաքական և տնտեսական կապեր արևմտյան գործընկերների հետ։

Ռուսաստանը դեռևս պահպանում է ճնշման մի քանի պոտենցիալ գործիք, այդ թվում՝ էներգետիկ մատակարարումները և կարևոր ենթակառուցվածքային ակտիվների նկատմամբ վերահսկողությունը։

Այնուամենայնիվ, ԱՀԾ-ն նշում է, որ Երևանն այժմ կարող է պատրաստ լինել ավելի բացահայտորեն մարտահրավեր նետել Մոսկվայի դիրքորոշմանը։ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ենթադրել է, որ Ռուսաստանի կողմից գազի գների միջոցով ճնշումը մեծացնելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուսական ընկերությունների կողմից շահագործվող երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցերի վերանայմանը։

Հետախուզական ծառայության տվյալներով՝ Հայաստանը կարող է միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջել այդ ակտիվների շահագործման և պահպանման համար։

Ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերը նույնպես արագ փոխվում է։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը կարող է է՛լ ավելի նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և թուլացնել Մոսկվայի ավանդական դերը՝ որպես Հարավային Կովկասում գերիշխող արտաքին ուժի:

Ամենանշանակալի ազդանշանը, սակայն, Երևանի հայտարարած մտադրությունն է՝ սկսել Եվրամիությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց։ Եթե Հայաստանը շարունակի գնալ այս ուղղությամբ, Ռուսաստանը կարող է կորցնել Հարավային Կովկասում իր ամենակարևոր քաղաքական և ռազմական հենակետերից մեկը։

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ Կրեմլն այժմ բախվում է տարիների անհաջող ճնշման, անվստահելի անվտանգության երաշխիքների և Հայաստանին որպես աշխարհաքաղաքական կախվածության, այլ ոչ թե անկախ գործընկերոջ դիտարկելու փորձերի հետևանքներին։

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը

Շնորհավորում եմ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով. Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին։

«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է  իրավական վեճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունեության տարիներին կանգնած է եղել Հայաստանի և Արցախի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում, այսօր զրկված է ազատությունից և ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։ Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել  քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող  իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը:

Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքին մաղթում եմ առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար»,- ասված է շնորհավորանքում։

Հետընտրական փուլում բոլորին կալանավորելը պատահական չէ, իշխանությունը ցանկանում է հանգիստ պայմաններում իրականացնել Ադրբեջանի պահանջները. Աննա Գրիգորյան

Հետընտրական փուլում կալանավորումները պատահական չեն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը փորձում է Սահմանադրության փոփոխության և Տիգրանաշենը հանձնելու գործընթացների ֆոնին կանխել հնարավոր դիմադրությունը։

«Հետընտրական փուլում բոլորին կալանավորելը չի կարող պատահական լինել, այս փուլում Նիկոլ Փաշինյանն ուզում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ որևէ մեկը ձայն չհանի»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը ցանկանում է հանգիստ պայմաններում իրականացնել Ադրբեջանի պահանջները և «վերացնել բոլոր օջախները՝ արհավիրքներից առաջ», սակայն «Հայաստան» դաշինքը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այն ապօրինի է, և նախագահ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ նշեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը միայն ստի վրա է կառուցված։

Ալիևը խստացնում է ճնշումները, «որովհետև կարող է»․ միջազգային մամուլ

Ադրբեջանի կալանավորված ժողովրդավարամետ ընդդիմության առաջնորդի ընտանիքը պնդում է, որ ռեժիմը «դիտավորյալ փորձում է կոտրել նրան»՝ բանտում խմելու անվտանգ ջուր չտալով՝ նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
61-ամյա Ալի Քերիմլին նոյեմբերին ձերբակալվելուց հետո կարող է ցմահ բանտարկության ենթարկվել «քաղաքական դրդապատճառներով»։ Նա կտրականապես հերքել է դավաճանության մեղադրանքները և սպասում է դատավարությանը․ գրում է The Independent-ը։

Նրա ընտանիքը մտահոգություն է հայտնել գործչի ֆիզիկական վիճակի վերաբերյալ, երբ նա հունիսին բանտից խոսել է միջազգային լրատվամիջոցների հետ՝ կոչ անելով արևմտյան կառավարություններին մարդու իրավունքներն Ադրբեջանի հետ առևտրային կապերից վեր դասել։

Այս ամսվա սկզբին Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ ունենալով՝ Քերիմլին փորձել է իր նախնական կալանքի կարգավիճակը փոխարինել տնային կալանքով և պնդել, որ բանտում իր պայմանները վերջին շաբաթներին վատթարացել են։

Նրա խոսքով՝ իշխանությունները դիտավորյալ փորձում են հիվանդացնել իրեն և հասցնել մահվան։

Նրա դուստրը՝ Սեզան Քերիմլին, The Independent-ին հայտնել է, որ իր հորը հունիսից ի վեր թույլ չեն տվել անմիջական շփում ընտանիքի հետ, մերժել են նրանցից սննդի ծանրոցներ ստանալ, քաղաքական գործիչը շաբաթներ շարունակ անցկացրել է առանց օդափոխության՝ 30-35°C ջերմաստիճան պայմաններում։

Նրան թույլ չի տրվում մարզվել, դուրս գալ կամ գրքեր ու թերթեր կարդալ բանտում։ Նրա աղբը շաբաթներ շարունակ չի հեռացվել բանտախցից։

BBC-ն գրում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, իսկ քաղաքական դրդապատճառներով գործերի համար նախատեսված միջին դատավճիռը՝ կրկնապատկվել։

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևը վայելում է ազգային հերոսի փառքը. նա ներքին մրցակիցներ չունի, և աշխարհաքաղաքական իրավիճակը նրա օգտին է։ Սակայն սա լիովին չի բացատրում բռնաճնշումների ուժգնացումը։

Կառավարամետ լրատվամիջոցները տարածում են Ալիևի՝ «հերոսի» կերպարը՝ հազվադեպ լուսաբանելով երկրի խնդիրները։ Այս խորշը փորձել է լրացնել անկախ մամուլը, որը հետաքննություններ էր անցկացնում, այդ թվում՝ տարածաշրջանի վերակառուցման ընթացքում կոռուպցիայի վերաբերյալ։ Սակայն ընդդիմադիր գործիչները և լրագրողները ձերբակալվում են և հայտնվում ճաղերի հետևում։
Ադրբեջանի քաղաքականությունը դիտարկող փորձագետների ամենատարածված պատասխանն այն հարցին, թե ինչու է Իլհամ Ալիևը խստացնում ճնշումները, հանգում է «որովհետև կարող է» պատասխանին։

«Կառավարությունը հասկանում է, որ սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, և այս քաղաքականությունն իրականացնում է նախօրոք։ Երկրում էներգետիկ բում չի սպասվում, և կառավարությունը հնարավորություն չունի կաշառելու բնակչությանը սոցիալական նպաստներով», – նշել է իրավապաշտպան Սամադ Ռահիմլին։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը ստիպել է Եվրամիությանը փնտրել ռուսական գազի այլընտրանքներ. ԵՄ պաշտոնյաները հաճախակի այցելողներ են դարձել Բաքու, ինչը հանգեցրել է Ալիևի ճնշումներն արդարացնելու մեղադրանքների։

«Ադրբեջանի կառավարությունը հասկացել է, որ միջազգային իրավիճակը թույլ է տալիս ավելացնել քաղբանտարկյալների թիվը», – նշել է Ռահիմլին՝ հավելելով, որ ավտորիտար ռեժիմները սկսել են դուրս գալ վերահսկողությունից։

Մեղադրանքի մեծ մասը Քոչարյանի հետ կապ չունի. փաստաբան Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց նախագահին ուղղված մեղադրանքի վիճահարույց մի շարք դրույթներ՝ պնդելով, որ մեղադրանքի հիմքում դրված է այն ենթադրությունը, թե Քոչարյանը կատարված բոլոր գործողություններից տեղյակ է, և, ըստ այդմ, դրանց համար պատասխանատու է։

«Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանը ամեն ինչից տեղյակ է, և ինչ եղել է, իր մեղավորությունը կա»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի շրջանակում նախագահը ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի վերադաս, իսկ Կառավարության անդամները՝ որպես նրա ենթականեր, մինչդեռ, ըստ Օրբելյանի, Քոչարյանի կատարած համապատասխան գործողությունը սահմանափակվել է Կառավարության որոշումների վավերացմամբ։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից․

«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։

Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։

Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։

Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։

Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»,- ասված է ուղերձում։

 

ՀՀ-ում Եկեղեցու հետ հարաբերությունների հետագա սրումն անխուսափելիորեն կհարվածի իշխող թիմի վարկանիշին․ Deutsche Welle

Հայաստանում սկսվել է դատավարություն Հայ եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ: Դատավարության իրավական հիմքն արքեպիսկոպոսներից մեկի կարգալույծ լինելու շուրջ վեճն է, որը քողարկվում է Փաշինյանի և երկրի ամենաազդեցիկ հաստատության միջև առճակատմամբ: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը բավականին կոշտ է դարձել․ գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշվում է, Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվում է օգտագործել Կաթողիկոսի հոգևոր տիտղոսը՝ նրան դիմելով բացառապես իր աշխարհիկ անունով՝ Կտրիճ Ներսիսյան: Փաշինյանը հրապարակավ մեղադրել է պատրիարքին իր կուսակրոնության ուխտը խախտելու համար, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել ընդդիմության շրջանում:

Փաշինյանը նոր մեղադրանքներ է առաջադրել, այս անգամ՝ քաղաքական բնույթի: Նա պնդել է, որ Կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկում երկրի շրջաններ՝ աշխարհիկ կառավարությունը տապալելուն ուղղված նոր հեղափոխական շարժում սկսելու համար:

Հարցումների համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցին վայելում է բարձր վստահություն և բանակի հետ միասին մնում է երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատությունը:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ կրոնական կազմակերպությունները լիովին անջատ են պետությունից: Միաժամանակ, հիմնական օրենքը Հայ առաքելական եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ՝ ճանաչելով նրա բացառիկ պատմական առաքելությունը ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում: Աշխարհիկ և կրոնական իշխանությունների փոխգործակցության իրավական շրջանակը կարող է լրացուցիչ կարգավորվել առանձին օրենքով, որը ներկայիս ճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի է դառնում բուռն քաղաքական բանավեճի առարկա։

Փաշինյանը հակադարձել է այս պնդումներին: Նրա խոսքով՝ Եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը նրան չի տալիս իրավական շրջանակներից դուրս գոյություն ունենալու կամ «պետություն պետության մեջ» կառուցելու իրավունք:

Քաղաքագետները կանխատեսում են, որ հետագա սրացումն անխուսափելիորեն կհարվածի իշխող թիմի վարկանիշին։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ներկայում քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ․ գրում է lenta.ru-ն։

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն մարտահրավերների առաջ, որոնց Դուք և Ձեր ընտանիքը բախվում եք ներկայում», – գրել է Պուտինը։

Նա նշել է Քոչարյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի զարգացման գործում։