Ամբողջ աշխարհում տղամարդկանց և կանանց համար հնարավորությունների լիակատար հավասարություն չի լինի առնվազն 70 տարի․ զեկույց

Եվրոպան շարունակում է սահմանել գլոբալ չափանիշներ գենդերային անհավասարության դեմ պայքարում: Այնուամենայնիվ, ԵՄ երկրների միջև անհամապատասխանությունները շարունակվում են, և իրական հավասարությունը դեռ շատ հեռու է:

Աշխարհում տղամարդկանց և կանանց միջև անհամապատասխանությունը շարունակվում է ոչ միայն աշխատավարձի, այլև աշխատաշուկայի, կրթության և առողջապահության հասանելիության հարցում: Հնարավորությունների այս անհավասարությունը հայտնի է որպես «գենդերային անհավասարություն»:

Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան գենդերային անհավասարությունը նվազեցնելու հարցում ավելի հաջողակ է, քան մյուս երկրները: Այս տարի ԵՄ-ն վերացրել է իր ընդհանուր գենդերային անհավասարության 75.7%-ը: 24.3%-ը դեռ պետք է հասնի լիակատար հավասարության:

Եվրոպան միայն մի փոքր է առաջ Հյուսիսային Ամերիկայից, որը գլխավորել է վարկանիշային աղյուսակն անցյալ տարի: 2006 թվականից ի վեր Եվրոպայում գենդերային հավասարությունն աճել է 7%-ով: Լիակատար հավասարություն, այսինքն՝ տղամարդկանց և կանանց համար հնարավորությունների տարբերությունների բացակայություն, և զրոյական գենդերային անհավասարություն չի սպասվում առնվազն 70 տարի:

Զեկույցը վերլուծում է կրթությունը, առողջապահությունը, տնտեսական մասնակցությունը և քաղաքականությունը: Վերջին կատեգորիայում Եվրամիությունը բացառիկ լավ արդյունքներ է ցուցաբերում՝ 37% արդյունքով։

Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ավազանը 34.2% արդյունքով հետևում են։ Մյուս տարածաշրջանները հետ են մնում առնվազն 10 տոկոսային կետով։

ՀՀ-ն 58-րդ տեղում է 145 երկրի շարքում: Հարևաններ Թուրքիան 126-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 98, Վրաստանը՝ 60, իսկ Իրան-ը՝ 144-րդ:

 

Վանի դպրոցներից մեկում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով. Ermenihaber

Թուրքիայի Վան նահանգում աշակերտուհին դպրոց է գնացել որսորդական հրացանով։ Դեպքը տեղի է ունեցել Թուշպա շրջանում գտնվող Պոլաթօղլուի միջնակարգ դպրոցում։ Նշենք, որ աշակերտուհին այդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է. գրում է Ermenihaber-ը։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանական ուժեր ու աշակերտուհին տարվել է ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Նախքան ոստիկանական ուժերի դեպքի վայր մեկնելը ուսուցիչներն ու ծնողները նկատել են զենքը և միջամտել՝ նրանից վերցնելով զենքը։ Այլ մանարամասներ չեն հաղորդվել։

Նշենք, որ վերջերս դպրոցների վրա հարձակումների դեպքեր տեղի էին ունեցել 2026-ի ապրիլին Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգներում։

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։

Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք-2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է․ ՔԿ

Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալանավորվել է․ այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացել էր պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

Ռուսաստանը նոր դիվերսիաներ է պլանավորում. Կալլաս․ «Ազատություն»

Ռուսաստանը Եվրոպայում լրացուցիչ դիվերսիաներ է պլանավորում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները․ գրում է «Ազատություն»-ը։

«Մենք պետք է զգոն մնանք, քանի որ հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պլանավորում է հետագա դիվերսիոն գործողություններ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ՝ մեր հասարակությունը պառակտելու, մեր հասարակություններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չօգնեն Ուկրաինային», – ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ քանզի Ռուսաստանը նման պլաններ ունի, Եվրոպան պետք է դա նկատի ունենա այս սպառնալիքներին հակազդելու համար, նույնիսկ երբ բավարար հետախուզական տվյալներ ունենա՝ նման հարձակումներից առաջ դրանց արձագանքելու համար։

ԵՄ գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել իր կոլեկտիվ պաշտպանական կարողությունները, սակայն դեռ շատ անելիք ունի:

«Մենք շատ բան ենք արել։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտում ներդրումներն աճել են, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանական կարողությունների մեծ բացեր ունենք, և հիմա պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչպես ենք իրականում լրացնում այդ բացերը»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։

Կալլասը նաև հայտնել է, որ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկենք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ ԵՆ ռազմածովային գործողությունները տարածաշրջանում։

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք»

2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանի տրամադրած ավարտական ակտերից 27-ում որպես գլխավոր կապալառու նշված է «Ալավերդյան և ընկերներ» ընկերությունը․ գրում է «Հետք»-ը։

«Այս ընկերության 100% բաժնետերը համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Ալավերդյանն է։

2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանը 212 ավարտական ակտ է տրամադրել բնակիչներին։ Նշված ժամանակահատվածում 27 բնակիչ կառուցապատման աշխատանքները վստահել է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ին։

«Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն  2007 թվականին հիմնադրել է Արմեն Ալավերդյանը, և ըստ պետական ռեգիստրի՝ մինչ օրս պատկանում է նրան։  Ընկերության տնօրենը Թագուհի Խաչատրյանն է՝ Արմեն Ալավերդյանի կինը։ Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված տվյալների, զբաղվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգմամբ։

Արմեն Ալավերդյանը Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի տեղակալն է։ 2024 թվականին՝ բաժնի պետ Սուրեն Աբովյանի ձերբակալվելուց հետո, նա նաև բաժնի պետի պաշտոնակատարն է։ Հիշեցնենք, որ Աբովյանը ձերբակալվել էր շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով։

Ստացվում է, որ համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պաշտոնակատարին պատկանող ընկերությունը իրականացնում է շինարարական աշխատանքներ, որոնց թույլտվությունները և ավարտական ակտերը տալու գործընթացում մասնակցում է նաև ինքը՝ Ալավերդյանը։

Նախորդ տարիներին ևս Արմեն Ալավերդյանի ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացրել համայնքում։ Ընդհանուր առմամբ 2023-2026 թվականներին 36 հասցեներում «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներ է իրականացրել։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Արմեն Ալավերդյանին՝ խնդրելով նշել, արդյոք շահերի բախում չի տեսնում այս իրավիճակում և խնդրահարույց չի համարում, որ ինքը մասնակցում է սեփական ընկերությանը շինթույլտվություններ և ավարտական ակտեր տրամադրելու գործընթացում։ Ալավերդյանը պատասխանել է, որ համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո դադարեցրել է կապը ընկերության հետ»,- նշում է լրատվամիջոցը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել․ հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։

Տեսչական մարմինը, կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում ևս»,- ասված է հաղորդագրությունում։

Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ․ Տոնոյանը՝ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին

Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ գրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ՛։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։

Ուզում եմ ընդգծել, որ ԵԽԽՎ-ի այս արձանագրումը, բնականաբար, ինքն իրեն չի հայտնվել զեկույցում։ Այն վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ մեր համառ, հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Այս աշխատանքը շարունակելու ենք՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելով ՀՀ-ում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների խախտումները։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու նաև սեփականության իրավունքը, որն եվրոպական արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից է։

Հավատացնում եմ՝ կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու»,- նշում է նա։

 

Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է

Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 02:00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։

Պարզվել է, որ կրակողները նշված վայրից «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։ Վերջինս Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Թաթարստանի նախագահի նկատմամբ՝ Ուկրաինայից երեխաներ «գողանալու» համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի նկատմամբ՝ Ուկրաինայի պատերազմական գոտուց հանրապետությունում գտնվող ճամբարներ երեխաների տարհանմանը նպաստելու համար․ հայտնել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցներ են կիրառվել 10 անձի և 17 կազմակերպության նկատմամբ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների վաճառքի և ԵՄ երկրներ մուտք գործելու կամ դրանցով տարանցիկ տեղաշարժի արգելք։

ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին նաև արգելվում է միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել պատժամիջոցների ենթարկված անձանց։

Ռուսաստանի իշխանությունները մերժում են արևմտյան երկրների պնդումները: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երեխաները չեն առևանգվել, այլ «փրկվել են, տարվել են պատերազմական գոտուց»:

«Մանկատները պետք է թողնեինք հրետանային կրակի տա՞կ», – հարցրել է նա: