Ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Իրանի նախագահը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը․ հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

 

Գեղարքունիքում տուն է հրդեհվել․ ներսում հայտնաբերվել է դի

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջիլ բնակավայրում տուն է այրվում։

Փրկարարները մարել են կրակը, ինչից հետո տանը հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։

 

Սև ծովում ուկրաինական նավ է խոցվել․ անձնակազմում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ

Սև ծովում՝ Ռումինիայի ափերից 37 կմ հեռավորության վրա անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թուրքիային պատկանող «Royad Mammadov» քաղաքացիական բեռնատար նավին: Ըստ տեղեկությունների՝ նավը Ուկրաինայից Իտալիա եգիպտացորեն է տեղափոխելիս եղել։ (Ուկրաինան, ըստ երևույթին, վարձակալել է թուրքական մասնավոր ընկերությանը պատկանող նավը – խմբգ․)

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ջրային բեռնատարը թիրախավորել են ռուսական ուժերը: Նրա փոխանցմամբ՝ նավի անձնակազմի կազմում եղել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ:

 

Ցանցահենները ոստիկանության անունից էլ են կեղծ SMS ուղարկում և փորձում գումար շորթել

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

«Քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։

Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։

Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։

Ոչ մի դեպքում մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։

Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։

Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։

Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։

Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից»,- ասված է հայտարարությունում։

 

Ի՞նչ է ցույց տվել Երևանի մանկապարտեզներից վերցված ջրի նմուշառումը․ քաղաքապետարանը պարզաբանում է

Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներին հրահանգել էր ծորակից ջուր չխմել։ ABC Media-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն ասաց, որ օրեր առաջ իջեցված այս հրամանն այլևս չի գործում, քանի որ նմուշառումների արդյունքներով ջուրը պիտանի է խմելու համար։

«Այդ օրերին Երևանի վարչական բոլոր շրջաններում նկատվել է ջրի համի և գույնի փոփոխություն, ուստի ստիպված էինք նման հրահանգ իջեցնել։ Ջրից նմուշառումներ էին վերցվել, որոնց լաբորատոր զննության պատասխանները ցույց են տվել՝ ջուրը խմելու համար պիտանի է»,- ասաց Ազարյանը։

Նա վստահեցրեց, որ մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում քաղաքապետարանը մինչ այս շշալցված ջրեր է տրամադրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին, որ ծորակից հոսող խմելու ջրի որակը փոխվել է, որոշ քաղաքացիներ էլ ջրում այլ մարմիններ էին նկատել։

«Վեոլիա ջուր» ընկերությունը հորդորել էր չգործածել ծորակի ջուրը։

Ֆիլհարմոնիկն ու Երվանդ Քոչարի գլուխգործոցները՝ Թբիլիսում․ Վրաստանում երկու օր կնվիրեն Հայաստանի մշակույթին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն. Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը zրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրանց շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Սևանավանքի գմբեթը բաց է անձրևի առաջ․ վերականգնման նախագիծը դեռ չի հաստատվել

Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթի վերակագնման նախագծային աշխատանքները շարունակվում են․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Սևանավանքի ավագ քահանա Տեր Մինաս Մարտիրոսյանը։

«Նախագիծը պետք է հաստատի ԿԳՄՍՆ և Մայր Աթոռը, որպեսզի կարողանանք վերականգնման աշխատանքներ կատարել։ Սպասում ենք արձագանքի»,- ասաց Տեր Մինասը։

Ավագ քահանայի խոսքով՝ պետք է հոկտեմբերին աշխատանքները ավարտին հասցվեն, քանի որ եղանակը ցրտում է, անձրևները՝ շատանալու։

«Ցելաֆոններով ծածկել էինք գմբեթը, բայց քամին քշել էր։ Քանի որ շատ բարձր է, ամեն պահ չենք կարող կազմակերպել, բարձրանալ Սուրբ Կարապետի գմբեթ։ Ցավոք, հիմա անձրև գալու դեպքում խոնավությունը ներծծվում է գմբեթից»,- ասաց Սևանավանքի քահանան։

ABC Media-ն փորձեց ԿԳՄՍ նախարարությունից պարզել՝ երբ են պատրաստվում հաստատել նախագիծը՝ վերանորոգումն սկսելու համար, ասացին՝ մասնագիտական գնահատական է պետք տալ, խոստացան գրավոր հարցմանը 5–օրյա ժամկետում պատասխանել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին կայծակի հարվածից Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ընկել էր, իսկ գմբեթից քարեր թափվել։ Ականատեսներից մեկը պատմել էր՝ ուժեղ անձրևի և որոտի ժամանակ եկեղեցու տանիքից կրակ է արձակվել, անջատվել են լույսերը, իսկ հետո խաչը հայտնվել է գետնին։ Սևանավանքի ավագ քահանա Տեր Մինասի խոսքով՝ վնասվել է 9-րդ դարի խաչը, իսկ տեղի ունեցածը կարող է նաև հոգևոր զգուշացում լինել։

Ի՞նչ վիճակում է խաչը, ինչպե՞ս է վերականգնվելու գմբեթը և ի՞նչ է ասում ԿԳՄՍ նախարարությունը։ Ռեպորտաժը՝ այստեղ։

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իրականացնել «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանումը

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։

Ըստ հայտարարության՝ «Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին ապագա հնարավոր բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել լայն շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝  «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի։

««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից: Կառույցը բարդ արդյունաբերական վայր է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի տարածքների մոտ: Բարդ օբյեկտները պահանջում են համալիր աշխատանք՝ տեղանքի հետազոտություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և երկարաժամկետ մոնիթորինգ», – հայտնել են կառույցից:

2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի մեջ մտնող ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, իր սեփական միջոցներով անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:

 

 

 

 

Իրկուտսկում տեղի ունեցած դեպքից հետո Google-ում «ժանտախտ» բառի որոնումները մեկ շաբաթում աճել են 2800 %-ով

Ռուսաստանցիներն ավելի ու ավելի են որոնում ժանտախտի մասին տեղեկություններ․ գրում է meduza.io-ն։

Google Trends-ի տվյալներով՝ «ժանտախտ» բառի որոնումները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում աճել են մոտավորապես 2800%-ով։ Հետաքրքրության աճը սկսվել է Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքի հիվանդանոցում կարանտինի մասին լուրից հետո։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ այնտեղ թոքային ժանտախտից մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան։

Վարկածներից մեկի համաձայն՝ նա հոսպիտալացվել է Թաիլանդից վերադառնալուց հետո, մինչդեռ մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտ էր և պատահաբար կոտրել է հարուցիչը պարունակող փորձանոթը։

Պաշտոնապես իշխանությունները չեն հաստատել, որ նա մահացել է ժանտախտից. «Ռոսպոտրեբնադզոր»-ը պնդում է, որ նրա մոտ ախտորոշվել է «անհայտ ծագման թոքաբորբ»։

Հոկտեմբերի 3-ին Բայկալսկի քաղաքային պաշտոնյաներն իրենց Telegram ալիքում կոչ էին արել խուսափել Շելեխով գնալուց, սակայն ավելի ուշ հեռացրել են գրառումը։ Հոկտեմբերի 4-ին Իրկուտսկի մի քանի հիվանդանոցում հայտարարվել է երեքշաբաթյա կարանտին։

 

Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հետևել պաշտոնական հայտարարություններին 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հետևել «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական հայտարարություններին, այլ ոչ թե լուրերին ու ենթադրություններին․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Տվյալ դեպքում այս ոլորտում լիազորություն ունեցող առաջատար մարմինը «Ռոսպոտրեբնադզոր»-ն է։ Եվ մենք պետք է հույսը դնենք «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական հայտարարությունների վրա՝ առանց լսելու տարբեր լուրեր, ենթադրությունների և այլն», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետևո՞ւմ է Իրկուտսկի մարզում ստեղծված իրավիճակին։

Ավելի վաղ Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը հայտարարել էր, որ մարզում հայտնաբերվել է վտանգավոր վարակիչ հիվանդություն, իրականացվում են մի շարք հակահամաճարակային միջոցառումներ, և իրավիճակն ուշադրության կենտրոնում է։ Ավելին, Իրկուտսկի մարզի կառավարությունն անցկացրել է տարածաշրջանային սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ։

Իր հերթին՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի վարակված աշխատակցի մոտ իր մասնագիտական գործունեության հետ կապված որևէ միկրոօրգանիզմ չի հայտնաբերվել: Նրա հետ շփված անձանց թեստավորումը չի բացահայտել վարակիչ հիվանդության հետ կապված առողջական որևէ փոփոխություն: Գործակալությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է: