1 օրենքով հարցը լուծվում է․ Նարեկ Կարապետյանն առաջարկեց ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»

Մեր քաղաքական մտքի նպատակն է՝ ունենալ խաղաղություն, բայց դրա հետ միասին՝ ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց իշխող ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»։

«Մենք ունենք առաջարկ․ եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով․ «1 օրենքով այդ հարցը լուծվում է»։

Ի դեպ, ըստ նրա, Թուրքիան նմանատիպ օրենք ունի Հայաստանի մասին՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն այնտեղ հող գնելու։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Վարդապետյանին 

ՀՀ պահեստազորի զիծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Վարդապետյանին։

«Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 22.07.2026 թ. Ձեզ է հասցեագրվել թիվ 2130114 դիմում-բողոք/հաղորդումը՝ «Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ։

Դիմումում նշել էի, որ «Օլիմպավան» մարզահամալիրում ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին, անհիմն սահմանափակում է մարզահամալիրում պարապող երեխաների, մարզիկների և այլ օրինական օգտվողների իրավունքները, ինչպես նաև հանգեցնում է նրանց օրինական շահերի անհամաչափ սահմանափակման։

Միաժամանակ խնդրել էի, Ձեր լիազորությունների շրջանակներում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց մարզական գործընթացի բնականոն և անընդհատ շարունակականության ապահովման ուղղությամբ։

Սակայն մինչ օրս ինձ չի տրամադրվել որևէ տեղեկություն դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ Ձեր կողմից իրականացված ուսումնասիրությունների, տրված հանձնարարականների կամ ձեռնարկված այլ միջոցառումների վերաբերյալ։ Նման պայմաններում հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Դուք փաստացի կիսում եք քննչական մարմնի որդեգրած այն մոտեցումը, համաձայն որի՝ ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը դիտարկվում է որպես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։ Մինչդեռ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության առկայությունն ինքնին չի կարող իրավական բավարար հիմք հանդիսանալ ամբողջ մարզահամալիրի գործունեության կասեցման և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի նման ծավալով սահմանափակման համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեր կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Խնդրում եմ նաև հայտնել, արդյոք Ձեր կողմից իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ կամ առաջարկություններ՝ նշված իրավունքների խախտումները վերացնելու և հետագայում նման խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ․ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունները՝ կետերով

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։

Բաղայիի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

  • Այս պահին Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չի վարում, իսկ Օմանի հետ բանակցությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը։ Դրանց նպատակն է սահմանել ժամանակավոր երթուղի, որը կապահովի Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։
  • Քանի դեռ պահպանվում է ծովային շրջափակումը, և շարունակվում են Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա։
  • ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ։ Վերջին հինգ ամիսների ընթացքում ականատես եղանք, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում մեծացրել է անկայունությունը։
  • Պակիստանը միջնորդի դեր է կատարում Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներում․ Քաթարը նույնպես աջակցություն է ցուցաբերում։ Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և Չինաստանը կիսում է մեր մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ի հակամարտային վարքագծի սրման հետ։ Մեր չինացի բարեկամները ջանքեր են գործադրում իրավիճակի սրումը կանխելու համար, սակայն նոր միջնորդի ներգրավումը ճիշտ չի լինի։

Կուբան կրկին մթության մեջ է

Կուբայի ազգային էլեկտրացանցը կիրակի ուշ երեկոյան կրկին խափանվել է, ինչի հետևանքով շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզին հայտնվել է մթության մեջ․ գրում է Reuters գործակալությունը։

Կիրակի տեղի ունեցած խափանումը հաջորդում է հուլիսին գրանցված երեք համապետական հոսանքազրկումներին․ իրավիճակն ավելի է բարդանում ԱՄՆ-ի սահմանած նավթային շրջափակման պատճառով, որը լրացուցիչ ճնշում է գործադրում կղզու արդեն իսկ հնացած էներգետիկ ենթակառուցվածքների վրա․ վառելիքի պակասի պատճառով կղզին չի կարողանում շահագործել իր էլեկտրակայանները և բավարար էլեկտրաէներգիա արտադրել։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար, իսկ Վենեսուելայի գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։

Ես բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Միրզոյանի կամ Կոնջորյանի կնոջ, ո՛չ Ռուբինյանի եղբոր հետ, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց նրանք են բարձր աշխատավարձով պաշտոններ զբաղեցնում․ Աննա Գրիգորյան

Երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանն առաջադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինքն ուղղակի խոշոր սեփականատեր էր, ընդհանրապես օրենքի և օրինականության հետ կապված խնդիր չուներ։ Այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դիրքորոշումներ հնչեցրեց, միանգամից հայտնվեց կալանքի տակ, սա օբյեկտիվ իրականությունն է, որը դուք չեք կարող չտեսնել․ այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը։

«Օրինակ՝ Սամվել Կարապետյանը 2021 թվականից հետո հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, և այն պահից սկսած, երբ հնչեցրել է որևէ միտք, որը ձեր քաղաքականությանը հակառակ է, միանգամից հայտնվել է կալանքի տակ։ Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չէր լինի»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ում նկատմամբ հարուցել քրեական գործ՝ բացառապես պայմանավորված է նրանով, թե տվյալ մարդը քաղաքականության մեջ է, թե ոչ, և ինչպիսի դրսևորումներ այն ունի։

Պատգամավորը խոսեց նաև քաղաքական հովանավորչության մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա։ Ամբողջ հարցն այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է Կառավարությանը, և այն բանից հետո, երբ Կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձր պաշտոնի»։

Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ըստ նրա, հանդիսանում է նաև Viva Armenia-ի կառավարման մարմնի անդամ․ «Էլի, առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա։ Ամբողջ խնդիրն այն է, որ Viva Armenia -ում Կառավարությունն ունի 20% մասնաբաժին։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի՞ առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չե՞ք տեսնում»։

Անդրադարձավ նաև վերջին օրերին մեծ աղմուկ հանած նորությանը՝ Հայկ Կոնջորյանի կնոջը, որը նշանակվել է «Հայփոստ»-ում տնօրեն և բավականին բարձր աշխատավարձ է ստանում, Արարատ Միրզոյանի կնոջը, որը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարն է։

«Ես, իհարկե, բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ո՛չ Լևոն Ռուբինյանի և մնացածի հետ, կարող է՝ լավ էլ մարդիկ են, լավ էլ մասնագետներ են, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են ու բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում»,-ասաց նա։

Շոգը խանգարում է ուսմանը․ Եվրոպայում քննարկում են դպրոցական ամառային արձակուրդները երկարացնելու տարբերակները

Եվրոպայի որոշ երկրներում, կիզիչ շոգով պայմանավորված, հնարավոր է՝ երկարացվեն ամառային արձակուրդները․ գրում է Euronews-ը։

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող կրթական տեղեկատվական Eurydice ցանցի տվյալներով՝ Եվրոպայում դպրոցական ամառային արձակուրդների տևողությունը երկրից երկիր զգալիորեն տարբերվում է։ ԵՄ տարածքում դպրոցական ամենաերկար ամառային արձակուրդներն Իտալիայում (14 շաբաթ), Մալթայում (13 շաբաթ), Լատվիայում (13 շաբաթ) և Կիպրոսում (13 շաբաթ) են։ Իսկ ամենակարճ դպրոցական ամառային արձակուրդները սահմանված են Դանիայում, Նիդեռլանդներում և Գերմանիայում, որտեղ աշակերտներին ամառային արձակուրդի համար հատկացվում է 6 շաբաթ։

Շոգի ալիքները, սակայն, ավելի ու ավելի հաճախակի են դառնում Եվրոպայում, ինչի պատճառով Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան քննարկում են դպրոցական օրացույցները ծայրահեղ եղանակային պայմաններին համապատասխանեցնելու հնարավորությունները․ առաջարկվում է դասերն ավարտել ավելի վաղ, ինչպես նաև երկարացնել դպրոցական ամառային արձակուրդների տևողությունը։

Այս տարի Ֆրանսիայի և Բելգիայի դպրոցներն արդեն իսկ ստիպված են եղել նախատեսվածից շուտ ավարտել ուսումնական օրը կամ ժամանակավորապես դադարեցնել դասերը՝ շոգի ալիքի պատճառով։ Բելգիայում արհմիությունները կոչ են արել դպրոցներին յուրաքանչյուր դասասենյակում ունենալ ջերմաչափ, ինչպես նաև դադարեցնել դասերը, երբ ջերմաստիճանը գերազանցի օրենքով սահմանված շեմը։ Իսկ Իսպանիայում որոշ դպրոցներ փոքր-ինչ փոփոխել են գրաֆիկները՝ դասերը ժամը 08:30-ի փոխարեն սկսելով 08:00-ին՝, և 16:30-ի փոխարեն՝ ավարտելով 15:00-ին։

Ծրագրային ապահովման խոցելիությունից օգտվելով՝ հաքերները կոտրել են ավելի քան 4500 դրամապանակ և գողացել 86 միլիոն դոլար կրիպտոարժույթով

Հաքերներն օգտվել են Coldcard ապարատային կրիպտոարժութային դրամապանակների ծրագրային ապահովման խոցելիությունից։ Այն համարվում է թվային ակտիվները պահելու ամենաապահով միջոցներից մեկը: Անցյալ շաբաթվա վերջից շարունակվող հարձակման հետևանքով հաքերներին հաջողվել է գողանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ Bitcoin-ով․ հաղորդում է Bloomberg-ը։

Համակարգի թերության պատճառով հաքերները կարողացել են համակարգված կերպով հաշվարկել մուտքի բանալիները և դատարկել օգտատերերի դրամապանակները: Galaxy Research-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ վնասը գերազանցել է 86 միլիոն դոլարը։ Հաքերները կոտրել են ավելի քան 4500 դրամապանակ։

«Սա ցույց է տալիս, որ կրիպտոարժույթը չի կարող գոյություն ունենալ ինքնուրույն ռեժիմով: Սարքը պատասխանատու է միայն ձեր գաղտնաբառերը ստեղծելու համար, և եթե մաթեմատիկական հիմքը խախտված է, ձեր գաղտնաբառերը կարող են վերականգնվել հակադարձ ինժեներիայի միջոցով», – նշել է կիբեռանվտանգության ոլորտում գործող Failsafe ընկերության գործադիր տնօրեն Անեյրին Ֆլինը։

2026 թվականի սկզբից մինչ օրս գողացված կրիպտոարժույթների քանակը նվազել է նախորդ տարվա համեմատ։ Տարվա առաջին կեսին ընդհանուր կորուստները հասել են 972 միլիոն դոլարի, ինչը 2025 թվականի առաջին կեսին գողացված 2.3 միլիարդ դոլարի կեսից պակաս է։ Այնուամենայնիվ, հաքերային հարձակումների ընդհանուր թիվը հասել է 207-ի, որն ամենաբարձրն է ցանկացած վեցամսյա ժամանակահատվածում։

Այս տարի Եվրոպայում անտառային հրդեհների վնասն արդեն գերազանցել է 3 միլիարդ եվրոն․ The Financial Times

2026 թվականին Եվրոպայում անտառային հրդեհների և ջերմային ալիքների հասցրած տնտեսական վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն․ այս մասին նշվում է The Financial Times-ի ներկայացրած վերլուծությունում։

«Ֆրանսիան, Իսպանիան և Եվրոպայի այլ մասերը պատուհասած անտառային հրդեհներն ու ջերմային ալիքներն այս տարի արդեն արժեցել են ավելի քան 3 միլիարդ եվրո», – գրում է լրատվամիջոցը։

The Financial Times-ը գնահատում է, որ հրդեհների սեզոնի առաջին երկու ամիսների ընթացքում այրվել է մոտ 0,5 միլիոն հեկտար տարածք, ինչը 3,1 միլիարդ եվրոյի վնաս է պատճառել միայն եվրոգոտու ամենաշատ տուժած 5 երկրում։ Թերթը նաև նշում է, որ տնտեսական վնասների ամբողջական չափը դեռևս հաշվարկվում է, քանի որ անշարժ գույքին, գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը հասցված վնասը դեռևս գնահատվում է։

Եվրոպան ապրում է վերջին տարիների ամենաթեժ շրջաններից մեկը․ ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր անտառային հրդեհների ամենամեծ թվին։

Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհների պատճառով շուրջ 60․000 մարդու հրահանգվել է տարհանվել

Անտառային հրդեհների պատճառով առաջացած վտանգի ֆոնին մոտ 60․000 մարդու հրահանգվել է տարհանվել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքան քաղաքից․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Սփոքանի շրջանում մոլեգնող հրդեհն ունի 3 առանձին օջախ։ Հրդեհների կառավարման դաշնային օպերատիվ խմբի տվյալներով՝ կիրակի օրվա դրությամբ հրդեհները տարածվել էին 2180 հեկտար տարածքի վրա։

Սփոքանի քաղաքապետ Լիզա Բրաունը տեղի ունեցածն անվանել է «ամենածանր բնական աղետը, որին երբևէ բախվել է մեր շրջանը»։

Վաշինգտոն նահանգի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնն օգնություն է խնդրել Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։

Եթե ՀՀ-ում բռնաճնշումներ չկան, չկան քաղբանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ 2 ամիս կալանավորվել․ Ռուբեն Մխիթարյան

Պարոն Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բռնաճնշումների մասին, որ բռնաճնշումներ չկան, բայց ես այդ մասով ելույթ եմ ունենում երկրորդ անգամ այս ամբիոնից, ու ինձ հետաքրքիր է․ եթե Հայաստանի Հանրապետությունում բռնաճնշումներ չկան, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պրիմիտիվ ժեստի համար ինչի՞ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել․ այսօր ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Վստահ եմ՝ բոլորդ էլ հիշում եք, կարիք չկա ժեստը հիշեցնելու։ Քննիչի կայացրած որոշումից հետո, երբ առաջին ատյանը կալանքի որոշում է տալիս, վերաքննիչ դատարանն ինձ ուղարկում է տուն՝ նշելով, որ հանցակազմ առկա չէ․․․Եթե սա քաղաքական չէր, ոչինչ չանելու համար մարդն ինչի՞ է իր ընտանիքից կտրվում շուրջ երկու ամիս և իր կալանքը կրում քրեակատարողական հիմնարկում։ Ինչևէ, չենք նեղվում, գնում ենք առաջ»,-ասաց նա՝ հիշատակելով նաև իր կուսակից Ալիկ Ալեքսանյանի մասին, որը կալանքի տակ է։

«Մեր առաջամարտիկ պայքարի ընկերներից Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Էլի խնդիր չկա, մենք մեր պայքարից չենք ընկրկում, մենք ունենք շատ ընկերներ, որոնք կալանավորված են»,- նշեց պատգամավորը։

Իսկ ելույթը եզրափակեց հետևյալ տողերով․ «Պարոն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք Ազգային ժողովի նախագահ։ Բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ, և ամենակարևորը՝ բարեկրթության մասով՝ ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ, շնորհակալություն»։