Ահաբեկություն՝ Պակիստանում․ մահապարտը պայթեցրել է իրեն

Պակիստանի Կաբալ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել․ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նախնական տվյալներով՝ մահապարտը պայթեցրել է իրեն՝ թիրախավորելու ահաբեկչական խմբավորումների դեմ խաղաղ ցույցի մասնակիցներին, որոնք հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ։

Պակիստանի իշխանությունը դատապարտել է հարձակումը․ դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել իրավապահները։

Ձևավորվել է ԱԺ հաշվիչ հանձնախումբը

ԱԺ-ն օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Այսպիսով, հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից` Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից` Մեսրոպ Մանուկյանը:

Ավելի ուշ կայացած նիստի արդյունքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը:

Վեհափառն ընդունել է ընդդիմադիր պատգամավորներին

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», – ընդգծեց նա։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։

Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։

«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», – նշեց Վեհափառ Հայրապետը։

Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։

Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։

Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։

Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով»,- նշված է հաղորդագրությունում։

Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մոտենում են ավարտին․ Արաղչի

Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Կառավարության այսօրվա նիստի սկզբում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի և Օմանի միջև բանակցությունների ներկայիս վիճակը․ նա նշել է բանակցությունների առաջընթացը և հայտարարել, որ դրանք գտնվում են եզրափակիչ փուլում և մոտենում են ավարտին», – ասված է Արաղչիի Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն չի տվել։

Պարսից ծոցի երկրներում դժգոհ են Իրանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունից. WSJ

Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ վարած քաղաքականությունից՝ համարելով, որ Վաշինգտոնը հստակ ռազմավարություն չունի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տեղեկությունների հանաձայն՝ տարածաշրջանի երկրներում գտնում են, որ ԱՄՆ-ի անհետևողական քաղաքականության հետևանքով Իրանը շարունակում է հարվածել Պարսից ծոցի պետություններին։

Բացի այդ՝ դաշնակիցները կոչ են անում Վաշինգտոնին ավելի հետևողական քաղաքականություն վարել և ուժեղացնել տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը։

Սերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը երկրի բնակիչներին կոչ է արել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ երկրում շարունակվող ուժեղ շոգի ֆոնին։

Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով գետերում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, ինչը վտանգում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Վարչապետը նշել է, որ էներգահամակարգը դեռևս կայուն է, սակայն արտադրության ծավալները նվազել են, ուստի քաղաքացիներին հորդորել է սահմանափակել հատկապես օդորակիչների օգտագործումը։

Ավելի վաղ Սերբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ գետերի ջրի ցածր մակարդակը խոչընդոտում է նաև վառելիքի փոխադրումը բեռնանավերով և ազդում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի վրա։

Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն

Ամերիկացի դերասան Վինսենթ Պաստորեն, որը հայտնի է «Սոպրանոները» հանրաճանաչ սերիալում դերակատարմամբ, մահացել է Նյու Յորքում 80 տարեկանում․ գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ դերասանին մահացած են գտել իր տանը․ մահվան պատճառն անհայտ է։

Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի օկուպացված Շուշի և Ստեփանակերտ

Marriott Bonvoy ընկերությունը հրաժարվել է դեպի օկուպացված Արցախ զբոսաշրջային փաթեթից․ այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Խոսքը 14-ժամյա շրջայցի մասին էր, որը ներառում էր այցելություններ Շուշի և Ստեփանակերտ, սակայն երթուղու նկարագրության չկար հիշատակում Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Հայ Դատի հանձնախմբերի և հայկական այլ կառույցների ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկել է առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։

Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին

Մարոկկոյի թագավոր Մոհամեդ VI-ի որոշմամբ Տիզնիտ-Դախլա ավելի քան 1055 կմ երկարությամբ մայրուղին անվանակոչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին․ այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով MAP լրատվական գործակալությանը։

Ինչպես գրում է MAP պետական գործակալությունը, թագավորը Թրամփին ուղղված նամակում նշել է, որ որոշումը պայմանավորված է 2020 թվականին նրա վարչակազմի կողմից Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանության ճանաչմամբ։

Մոհամեդ VI-ի խոսքով՝ մայրուղին ռազմավարական նշանակություն ունի՝ միացնելով Մարոկկոյի հյուսիսն ու հարավը, նաև Եվրոպան և Աֆրիկյան մայրցամաքը։

MAP-ի տվյալներով՝ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավորին այդ որոշման համար և հայտնել, որ հույս ունի մոտ ապագայում անցնել մայրուղու ամբողջ երկայնքով։

Շղթայական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա վիրավոր

Օգոստոսի 2-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում․ բախվել են «Nissan», «Opel» և «Գազել» մակնիշի բեռնատարը․ գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ տուժած տեղում ստացել է բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բաքին, որն էլ իր հերթին հարվածել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։