«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքի մեջ է

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքի մեջ է. ABC Media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով:

«Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պատկանում է Ծառուկյան ընտանիքին։

Ծառուկյանը չունի «Մուլտի Վելնեսը», «ԱրարատՑեմենտը», «Արարատ» կոնյակի գործարանը, Կարապետյանը՝ ՀԷՑ-ը

Վերջին մեկ տարում պետության վերահսկողության տակ են անցել կամ պետականացման գործընթացների մեջ են հայտնվել մի շարք խոշոր ակտիվներ։ ՀԷՑ, «ԱրարատՑեմենտ», «Մուլտի Ուելնես»․ արդյո՞ք սա օրենքի կիրառում է, թե՞ քաղաքական ճնշում։ 

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Դատախազության միջնորդությունը բավարարվել է։

Հայաստանից Վրաստան գյուղմթերքի արտահանումն ընդլայնվում է․ հայտարարություն

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել․ տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

ՆԱՏՕ-ն ձգտում է «պոկել» Հայաստանը ՀԱՊԿ-ից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն ձգտում է «պոկել» Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից․այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և արևմտյան առանձին պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,- ասել է Վասիլևը։

 

Ինչո՞ւ և ի՞նչ է Իսրայելը զգուշացնում Էրդողանին

Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Անկարային ուղղված կոշտ հայտարարությամբ նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Թուրքիային Սիրիան օգտագործել իր դեմ և Էրդողանին զգուշացրել է՝ չհայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսի վիճակում հայտնվեց Իրանը։ Կացի ամենաքննարկված ձևակերպումը վերաբերում էր Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի համեմատությանը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ նման հայտարարությունները տեղավորվում են վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերություններում ձևավորված կոշտ հռետորաբանության շրջանակում։

«Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններին բնորոշ է դարձել չափազանց կոշտ հռետորաբանությունը։ Եթե այս հայտարարությունը դիտարկենք այդ համատեքստում, ապա այն ոչ թե բացառություն է, այլ վերջին տարիներին ձևավորված նույն տրամաբանության շարունակությունը։ Փոխադարձ մեղադրանքներում ավելի հաճախ են օգտագործվում պատմական իրադարձություններին և պատմական հիշողությանը հղումները»,- նշել է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Թուրքիայի և Իրանի համեմատությունը պետք է դիտարկել հիմնականում որպես քաղաքական հռետորաբանություն, քանի որ երկու երկրների իրավիճակները էականորեն տարբեր են։

«Իրանի և Թուրքիայի համեմատությունը քաղաքական ու ռազմական առումով հիմնավորված չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Միացյալ Նահանգների դաշնակից, մինչդեռ Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այս համեմատությունն ավելի շատ պետք է դիտարկել որպես հռետորաբանության տարր, քան իրական քաղաքական գնահատական»,- ասել է թուրքագետը:

«Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի գնահատմամբ՝ Իսրայել-Թուրքիա հակասությունների հիմքում ավելի լայն տարածաշրջանային մրցակցություն է։

«Թուրքիա-Իսրայել հարաբերություններն այնքան խորք ունեն, որ ես չեմ կարծում՝ կողմերը գնան լուրջ ռազմական բախման։ Այս պահին մենք ավելի շատ քաղաքական պայքարի և ազդեցության համար մրցակցության ականատես ենք»,- նշել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Սիրիան դարձել է այն ուղղություններից մեկը, որտեղ հատվում են Անկարայի և Թել Ավիվի շահերը։

«Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ամրապնդել տարածաշրջանում, իսկ Իսրայելը փորձում է պաշտպանել իր շահերը և թույլ չտալ, որ իր անվտանգության համար վտանգներ ձևավորվեն»,- ասել է Առաքելյանը։

Փորձագետների գնահատմամբ՝ չնայած փոխադարձ կոշտ հայտարարություններին, այս փուլում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ ռազմական բախման հավանականությունը ցածր է։Նա նաև հավելել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև ընթացող կոշտ հռետորաբանության խորքում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություն է։  ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Թուրքիային պահել իրենց ռազմավարական հաշվարկների շրջանակում, մինչդեռ Անկարան փորձում է առավել շահեկան դիրք զբաղեցնել միջազգային քաղաքական դաշտում։

 

 

Չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, իրենց մասին ենք մտածում․ Գևորգ Պապոյանը՝  ՌԴ զանգելու և սահմանափակումները վերացնելու խնդրանքի մասին

Չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, ուզում ենք ԵԱՏՄ-ն մնա գործող կառույց․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները զանգահարել ՌԴ և խնդրել, որ վերացնեն սահմանափակումները։

«ԵԱՏՄ-ի մասին ենք մտածում, որովհետև ԵԱՏՄ-ն մեր կազմակերպությունն է»,-հավելեց Պապոյանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդվել էր, որ Փաշինյանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել էր միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

 

 

Ծառուկյանի կոնյակի կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը․ տեղեկացնում են Դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30- ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:

Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  •  75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
  • 10 գույքի շուկայական արժեք:
  • 42 տրանսպորտային միջոց:
  • 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
  • Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Բնապահպանության տեսչական մարմինը ծառահատումների դեպքով ՔԿ հաղորդում է ներկայացրել

2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ․ տեղեկանում ենք ԲԸՏՄ-ից։

«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։  Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

 

Netflix-ին դատի են տվել Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ չթողարկված ֆիլմի պատճենը կորցնելու համար

Netflix-ի դեմ 105 միլիոն դոլարի հայց է ներկայացվել․ ֆիլմարտադրությամբ զբաղվող Op-Fortitude ընկերությունը պնդում է, որ սթրիմինգային հարթակը կորցրել է Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ դեռևս չթողարկված «Fortitude» ֆիլմի կոշտ սկավառակը․ գրում է Euronews-ը։

Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված հայցում սցենարիստ և պրոդյուսեր Սայմոն Աֆրամը և նրա Op-Fortitude ընկերությունը մեղադրում են Netflix-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թրիլլերի վաճառքը վտանգելու համար։

The Hollywood Reporter-ը գրում է, որ ֆիլմի պատճենը եղել է այն մի քանի կոշտ սկավառակներից մեկում, որոնք անցյալ ամիս գողացվել են Netflix-ի՝ Լոս Անջելեսում գտնվող գրասենյակներից։

Սթրիմինգային հսկան հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։

Ռեժիսոր Սայմոն Ուեսթի «Fortitude» ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմության վրա․ այն պատմում է բրիտանական հետախուզության սպաների մասին, որոնք իրականացնում են ռազմավարական հատուկ գործողություններ՝ նացիստական ղեկավարությանը մոլորեցնելու համար։

 

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել ԵՄ՝ առանց մեր կանոնները հարգելու․ Ֆոն դեր Լայենը՝ միգրացիոն ճգնաժամի մասին

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու․ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս մասին գրել է X սոցիալական հարթակում՝ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամին ի պատասխան։

«Սեուտայում տեղի ունեցողն անընդունելի է։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու։ Վտանգավոր անցումները պետք է անհապաղ դադարեցվեն, մարդկանց թրաֆիքինգի ցանցերը պետք է ոչնչացվեն, և միգրանտների վերադարձը պետք է արագացվի մեր օրենքներին համապատասխան», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հանձնարարել է երկու եվրահանձնակատարների միջոցներ ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։

Նրա խոսքով՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններն արդեն իսկ սերտորեն համագործակցում է Իսպանիայի հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում այցելել ճգնաժամային գոտիներ։ Նա նաև կաշխատի Իսպանիային լրացուցիչ օպերատիվ աջակցություն ցուցաբերել Frontex-ի միջոցով։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Միջերկրածովյան հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան կանոնավոր կապ է պահպանում մարոկկյան կողմի հետ։

«Ես վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կտա կոնկրետ արդյունքներ»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի քան 49․000 միգրանտ փորձել է անօրինական մուտք գործել Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա։ Այնտեղ հասնելու ճանապարհին տասնյակ միգրանտներ զոհվել են։