ՀՀ-ն և Ադրբեջանը տրամադրված են խաղաղության․ ՔՊ անդամ Սոնա Ղազարյանը՝ Բաքվում կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի մասին

Երևանի պաշտոնական դիրքորոշումը բոլորին հայտնի է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գնում են խաղաղության․ ՔՊ-ական Սոնա Ղազարյանն այսպես լրագրողներին մեկնաբանեց Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։

«Իսկ Դուք խնդիր համարո՞ւմ եք, որ նման խոսույթ կա»՝ հարցին նա պատասխանեց, որ երկու երկրները տրամադրված են աշխատել խաղաղության շուրջ։

Այսօր ավելի վաղ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրել էր, որ երեկ Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։

«Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին»,-գրել էր ադրբեջանագետը։

 

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում․ «Ազատություն»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը

Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։

«Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Մադրիդին «պատժելու» համար

ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար գրում է РИА Новости-ն՝  Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։

«Արդեն հայտարարված ծրագրերից բացի՝ ԱՄՆ կառավարությունը կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերակազմակերպման շրջանակում», – նշում է աղբյուրը։

Նման քայլը Սպիտակ տանը քննարկվում է որպես «պատժիչ ազդանշան» Իսպանիայի կառավարությանը, որը հրաժարվել էր թույլատրել ԱՄՆ զինվորականներին օգտագործել իր տարածքում գտնվող Ռոտա և Մորոն համատեղ ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։

Նշվում է, որ Վաշինգտոնը քննարկում է իր զորակազմի դուրսբերումն Իսպանիայից՝ Գերմանիայից արդեն հայտարարված 5000 զինվորականների դուրսբերումից բացի։

ԱՄՆ կառավարության կողմից այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել։

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»․Մեդվեդև

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը խորհրդակցություն է անցկացրել ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորներն Ինֆանտինոյից պարզաբանումներ են պահանջում՝ ՖԻՖԱ-ի մասնավոր ներդրումային ծրագրի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ կապված Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ նրա վիճահարույց ծրագրի հետ գրում է Euronews-ը։

Ծրագիրը ֆուտբոլային աշխարհում բուռն քննադատության է արժանացել, իսկ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները սպառնացել են բոյկոտել Աշխարհի առաջնության հաջորդ մրցաշարը։

Euronews-ը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների շրջանում շրջանառվում է նամակի նախագիծ, որով պատրաստվում են Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ անձամբ պատասխանելու օրենսդիրների հարցերին՝ «թափանցիկության և ժողովրդավարական հաշվետվողականության այն սկզբունքների շրջանակում, որոնք ՖԻՖԱ-ն ինքն է հրապարակայնորեն պաշտպանում»։

Հիշեցնենք, որ Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ մասնավոր ներդրումային ծրագրին արդեն իսկ երրորդ՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) դեմ արտահայտվելուց ժամեր անց։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից առաջ ծրագրին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա):

Իսպանիայի վարչապետը հազարավոր միգրանտների մուտքը Սեուտա բնութագրել է որպես «քաղաքի տարածքային ամբողջականության խախտում»

Սեուտան իսպանական քաղաք է, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, արժանի է մեր ամենախիստ դատապարտմանը հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն՝ անդրադառնալով Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա ավելի քան 49000 միգրանտների անօրինական մուտքին։

Սանչեսը տեղի ունեցածը բնութագրել է որպես իսպանական քաղաքի տարածքային ամբողջականության խախտում։

«Իսպանիայի կառավարությունը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսներն ու միջոցները՝ Սեուտայի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև ինքնավար քաղաքում խաղաղ համակեցությունն ապահովելու համար», – հայտարարել է Սանչեսը։

Ինֆանտինոյի ավագ խորհրդականը հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի մրցաշարի ծրագրի պատճառով

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ ի նշան կազմակերպության նախագահի կողմից Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի դեմ բողոքի հայտնում է Sky News-ը։

«Որպես ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդական, նախկին բանկիր և ամբողջ կյանքում ֆուտբոլի երկրպագու՝ ես չեմ կարող անտարբեր մնալ, մինչ ՖԻՖԱ-ն քննարկում է Աշխարհի առաջնության բաժնեմասը վաճառելու հարցը։ Թույլ տվեք հստակեցնել. ես որևէ կապ չունեի այս առաջարկի հետ, և կտրականապես դեմ եմ դրան։ Սա վատ գործարք է ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների համար, վատ գործարք ֆուտբոլի համար և վատ գործարք խաղի երկարաժամկետ ապագայի համար», – նշել է նա։

Աղբյուրի համաձայն՝ Ինֆանտինոն կորցրել է նախագծի շուրջ իր մերձավոր շրջապատի աջակցությունը։

Նախկինում հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահը պլանավորում է Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառել։ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս ծրագիրը կարող է 4.2 միլիարդ դոլար հավաքել։ Այս նախաձեռնությունը լայնորեն քննադատվել և դատապարտվել է պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։ Ավելի ուշ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է ՖԻՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերի բոյկոտի մասին: Այս որոշումը պաշտպանել են կազմակերպության բոլոր 55 անդամները: Առաջարկը մերժել են նաև Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) անդամները: Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան կոչ է արել բարեփոխումներ կատարել ՖԻՖԱ-ի կառավարման համակարգում: 

Դավիթ Բալեյանը Բաքվում հերթական հաղթանակն է գրանցել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը Բաքվում մեկնարկած Մ-17 աշխարհի առաջնությունում հերթական հաղթանակն է գրանցել. հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 4-1 հաշվով առավելության է հասել վրացի Սաբա Մինդիաշվիլիի նկատմամբ ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար»,- հայտնում են ֆեդերացիայից։

Արցախ Միության պատվիրակությունը ԵԽ պատգամավոր Մարինա Մեզյուրին է ներկայացրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները

Հուլիսի 15-ին Երևանում Արցախ Միության պատվիրակությունը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրի հետ՝ ներկայացնելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները և իրավունքների վերականգնման հիմնական առաջնահերթությունները: Դրանք ներառում են Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությունը և իրենց հայրենիքից բռնի վտարված շուրջ 150000 անձանց անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձի իրավունքի իրացումը:

Կազմակերպությունը ներկայացրել են Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, արտաքին կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արմինե Ալեքսանյանը: Պատվիրակությունը տիկին Մեզյուրին է փոխանցել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած զանգվածային բռնի տեղահանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների այլ խախտումների վերաբերյալ առաջին ձեռքից վկայություններ:

Պատվիրակությունը ներկայացրել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի խումբ ներկայացուցիչների և այլ հայ գերիների: Նրանց նկատմամբ իրականացվում են շինծու դատավարություններ, որոնք Եվրախորհրդարանը, «Amnesty International»-ը և անկախ դիտորդները հետևողականորեն դատապարտել են որպես քաղաքականապես մոտիվացված և արդար դատաքննության որևէ չափանիշից զուրկ գործընթացներ:

«Այս անձինք պատանդներ են, այլ ոչ թե մեղադրյալներ: Եվրոպան պետք է նրանց ազատ արձակումը դիտարկի որպես Բաքվի հետ հարաբերությունների պարտադիր նախապայման, այլ ոչ թե էներգետիկ շահերի ստվերում մղված երկրորդական հարց»,- հանդիպման ժամանակ շեշտել է Արմինե Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի ողջ տարածքում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագրին: Դարավոր եկեղեցիները, վանքերը, խաչքարերն ու գերեզմանատներն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանք ենթարկվում են ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև պետականորեն հովանավորվող համակարգված կեղծարարության՝ ծագումնաբանությունը խեղաթյուրելու նպատակով: Արցախ Միությունը զգուշացրել է տիկին Մեզյուրին, որ մշակութային այս ցեղասպանությունն անբաժանելի է բուն ժողովրդի էթնիկ զտման շարունակական քաղաքականությունից. յուրաքանչյուր ավերված եկեղեցի և կեղծված արձանագրություն նպատակ ունի իսպառ բացառել բնիկ ժողովրդի վերադարձի որևէ հնարավորություն:

Պատվիրակությունը լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ իշխանությունների և միջազգային միջնորդների կողմից առաջ մղվող այսպես կոչված «խաղաղության օրակարգի» վերաբերյալ՝ մատնանշելով Արցախի տեղահանված ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության աղաղակող անտեսումը:

«Բանակցային փաստաթղթերը չեն պարունակում որևէ դրույթ արցախցիների հավաքական վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչն ուղղակիորեն Հայաստանի կառավարության անգործության արդյունք է»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման և լռության վրա կառուցված որևէ կարգավորում չի կարող տարածաշրջանում բերել կայուն ու արդար խաղաղություն: Մենք վերահաստատում ենք մեր վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների իրացման և արդարադատության հասնելու մեր վճռականությունը՝ օգտագործելով բոլոր հասանելի իրավական ու քաղաքական ճանապարհները»:

Մարինա Մեզյուրը հանդիպման ժամանակ ընդգծել է իր շարունակական հոգածությունը Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ՝ խոստանալով բոլոր հնարավոր մեխանիզմները կիրառել վերհանված հարցերի բարձրաձայնման և ԵԽ համապատասխան բանաձևերի կատարման ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ Արցախի ժողովրդի էթնիկ զտումը չի կարող հանդուրժվել քաղաքակիրթ Եվրոպայի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար:

Հանդիպման արդյունքներով՝ տիկին Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ տեղահանված հայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձի իրավունքի իրացման պահանջով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը: Նա նաև բարձրացրել է այն հարցը, թե մարդու իրավունքների այս հիմնարար պարտավորությունն ինչ դեր պետք է ունենա Ադրբեջանի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Հետագայում տիկին Մեզյուրն այս գրավոր հարցումը հրապարակել է իր պաշտոնական սոցիալական հարթակներում՝ խնդրի շուրջ լայն իրազեկվածություն ապահովելու նպատակով:

Արցախ Միությունը բարձր է գնահատում տիկին Մեզյուրի օպերատիվ արձագանքն ու անկեղծ հանձնառությունը՝ պաշտպանելու բռնի տեղահանված բնակչության իրավունքները: Կազմակերպությունը հաստատակամ է շարունակել տիկին Մեզյուրի գրասենյակին տրամադրել մշակութային վանդալիզմի և էթնիկ զտումների վերաբերյալ փաստագրված ապացույցներ ու իրավական վերլուծություններ՝ երաշխավորելու համար, որ եվրոպական կառույցներն առաջնորդվում են ոչ թե Բաքվի կեղծ հավաստիացումներով, այլ հաստատված փաստերով և միջազգային իրավունքի նորմերով:

ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը՝ նրա հարևաններին «օգտագործելու» միջոցով․ The Telegraph

ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունըգրում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս տարբերակը, ի թիվս այլնի, քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից, որոնք երկուսն էլ ցանկանում են մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը։

Ըստ լրատվամիջոցի՝ նրանք Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են պետության վրա ճնշման մեծացումը «կինետիկ և ոչ կինետիկ միջոցներով»։

«Ի՞նչ կլինի, եթե մենք պարզապես փակենք ցամաքային սահմանը։ Ենթադրենք՝ Իրանը չի կարող ոչինչ ներմուծել կամ արտահանել։ Ամեն ինչ կարող է պատահել», – թերթին բացատրել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Այս ծրագիրը, ըստ լրատվամիջոցի, կպահանջի, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ճնշում գործադրեն Իրանի հարևանների և տարածաշրջանային գործընկերների վրա՝ սահմանային անցակետերով անցումը խստացնելու կամ փակելու համար։

Իրանը սահմանակից է Իրաքին, Թուրքիային, Պակիստանին, Աֆղանստանին, Թուրքմենստանին, Հայաստանին և Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ առաջնորդները պետք է համոզեն այս երկրներին, որոնցից շատերի հետ նրանք դաշնակիցներ չեն, համագործակցել: Վաշինգտոնը կարող է Պակիստանին և Իրաքին, որոնք տարածաշրջանում իր մտերիմ դաշնակիցները չեն համարվում, դիտարկել որպես թույլ օղակներ։

Եթե Իրանին սահմանակից 7 երկրներից որևէ մեկը համաձայնի համագործակցել, ապա կբախվի իր սեփական տնտեսական հետևանքներին և Իսլամական Հանրապետության կողմից պատասխան հարվածների սպառնալիքին։

Նավահանգիստների կամ կարևոր անցակետերի շրջափակումը կարող է խոչընդոտել Իրանի վերազինվելու կարողությանը։