Հայաստանը բախվում է խոչընդոտների Ասիան և Եվրոպան կապող առևտրային հանգույց դառնալու հարցում․ RFE/RL

Մինչ Հայաստանը ձգտում է դիրքավորվել Ասիան և Եվրոպան կապող առևտրային ուղիներում, այն բախվում է լուրջ խոչընդոտի. նրա երկաթուղային ցանցը դեռևս վերահսկվում է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական պետական ընկերության կողմից. գրում է RFE/RL-ն։

Նշվում է, որ խնդիրը նոր հրատապություն է ձեռք բերել, քանի որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը թափ են հավաքում։ Հայաստանն արդեն համաձայնել է ասիական ապրանքները Եվրոպա տեղափոխելու 43 կիլոմետրանոց երթուղուն՝ TRIPP-ին։ Նախագծի համաձայն՝ Կենտրոնական Ասիայից բեռները կմտնեն Ադրբեջան, կանցնեն Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավ, ապա կշարունակեն դեպի Թուրքիա։ Սակայն, որպեսզի երթուղին ձգվի դեպի հյուսիս՝ Թուրքիայի միջով դեպի Սև ծով, պետք է կառուցվի նոր երկաթուղի։

Վերլուծաբանների կարծիքով, եթե Ռուսաստանի ներգրավվածությունը դադարեցվի, Հայաստանի տարածքը կարող է ավելի կենսունակ դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի համար։ Սակայն Ռուսաստանին այս ամենից հանելը միանշանակ չէ։ Մոսկվան քիչ պատրաստակամություն է ցուցաբերել հրաժարվելու վերահսկողությունից։

Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում տեսանելիորեն նվազում է: Վերլուծաբանները պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը զրկել է Մոսկվային իր հիմնական տարածաշրջանային լծակներից՝ թույլ տալով Հայաստանին և Ադրբեջանին շրջանցել Կրեմլի գլխավորած ավանդական միջնորդությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության վիճակագրության համաձայն, անցյալ տարի Մոսկվային դեռևս բաժին էր ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 35.5 տոկոսը, որին հաջորդում են Չինաստանը (12.5 տոկոս) և Եվրամիությունը (11.8 տոկոս)։

Միևնույն ժամանակ՝ տարածաշրջանային խաղացողներն առաջ են շարժվում այլընտրանքային երթուղիներով: Թուրքիան և Ադրբեջանը պլանավորում են 224 կիլոմետր երկարությամբ երկկողմանի երկաթուղի կառուցել, որը կապելու է Կարսը Դիլուջուի հետ, որը գտնվում է Նախիջևանի հետ Թուրքիայի սահմանին։ Բաքվի տեսանկյունից՝ միայն հայկական երթուղու վրա հույսը դնելը խնդրահարույց է, քանի որ դա կպահանջի, որ գնացքները երկրորդ անգամ անցնեն Հայաստանի տարածք, ինչը կբարդացնի մաքսային և սահմանային ընթացակարգերը։

Առայժմ Հայաստանը փորձում է հավասարակշռել հավակնությունները սահմանափակումների հետ։

ՀՀ-ում ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց մրցավազքը սրվում է․ ո՞վ կհասնի վերջնագծին․ НГ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմումների ընդունումը: Փաստաթղթեր է ներկայացրել ընդհանուր առմամբ 19 կազմակերպություն, այդ թվում՝ 2 դաշինք և 17 կուսակցություն: Սակայն, հարցումներից դատելով, դրանցից միայն 4-ն ունեն իրական հնարավորություն մրցելու Օրենսդիր ժողովում տեղերի համար: Ավելին` ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց մրցավազքը սրվում է, ուստի` չի կարելի բացառել, որ առաջատարներից որևէ մեկը կկարողանա հասնել ընտրությունների օրվան․ գրում է «Независимая Газета»-ն։

Ինչպես նշվում է, վերջերս Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ զննում է նոր և վերանորոգված տրանսպորտային կապերը, մանկապարտեզները և դպրոցները: Ավելին՝ նա անընդհատ շրջապատված է ոգևորված քաղաքացիներով, որոնք, կարծես, շնորհակալություն են հայտնում վարչապետին իր կառավարման յուրաքանչյուր տարվա՝ ներառյալ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդող շրջանի համար։ Իհարկե, սա որևէ կապ չունի խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնացել։

Ավելին՝ ապրիլի 25-ին Հայաստանում նշում են «Քաղաքացու օրը»։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները դա օգտագործում են երկրի բնակիչներին շեղելու Ապրիլի 24-ից՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից։ Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը չի թաքցնում, որ այս մոտեցումը կապված է իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության հետ, որը հակադրվում է «Պատմական Հայաստանին»։

«Քաղաքացու օրվա» կապակցությամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ միայն Փաշինյանի օրոք են հրատապ դարձել այն հարցերը, թե երբ կսկսվի պատերազմը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջատար Նարեկ Կարապետյանը նույնպես իր կարծիքն է հայտնել։ «Քաղաքացու օրը» Փաշինյանի ելույթը դիտելուց հետո նա հիշել է Ջիմ Քերիի մասնակցությամբ «Ստախոս, ստախոս» ֆիլմը։ Այնուամենայնիվ, «Ուժեղ Հայաստան»-ն այսօր ավելի հրատապ խնդիրներ ունի, քան ամերիկյան ֆիլմեր դիտելը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կազմակերպության 10-ից ավելի ներկայացուցիչների՝ ընտրակաշառքի մեղադրանքով։ Ավելին՝ Փաշինյանին հավատարիմ լրատվամիջոցներն անընդհատ մեղադրում են «Ուժեղ Հայաստան»-ին Ռուսաստանի համար աշխատելու և Հայաստանի ինքնիշխանությունը խաթարելու փորձերի համար։ Արդեն իսկ լուրեր են տարածվել, որ դաշինքին կարող են թույլ չտալ մասնակցել ընտրություններին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես Փաշինյանը, շրջագայում է մարզերով: Հրապարակումներից դատելով՝ սովորական մարդիկ Ծառուկյանին դիմավորում են նույնքան ջերմորեն, որքան Փաշինյանին։

Երևանի 1679 թվականի ավերիչ երկրաշարժը

1679 թվականի հունիսի 4-ին Երևանում (տեղի է ունենում ուժգին երկրաշարժ՝ 7 մագնիտուդ հզորությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` երկրաշարժը տեղի է ունեցել կեսօրին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Գառնիի տարածքում: 

Ուժգին երկրաշարժի հետևանքով ավերվում են Երևանի և շրջակայքի մի շարք պատմական ու մշակութային հայտնի շինություններ: Ավերվում է Երևանի բերդը, Կարմիր կամուրջն ու քաղաքի մի քանի պարսկական մզկիները: Պատմական մի շարք տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավերվել է մոտ 12 եկեղեցի, որոնց ցանկում են եղել Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս և Զորավոր Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաև Գեթսեմանի մատուռը: 

Այդ շրջանի և երկրաշարժի մասին պատմական սակավ տեղեկությունները փաստում են, որ այն մեծ ավերածություններ առաջացրեց Երևանում և քաղաքի շրջակայքում: «Ամեհի  երկրաշարժը կործանում է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, գյուղեր, նաև Գառնիի տաճարը: Մատենադարանի ձեռագրերից մեկում ասվում է, որ երկրաշարժի հետևանքով  ցամաքել են աղբյուրները, և այլ տեղերից բխել է սև ջուր, պատռվել են՝ ժայռերն ու վեմերը, և նրանց միջից բոց է դուրս եկել, իսկ բարձրացած մառախուղը` Գառնիից մինչև Արագած, ողջ երկիրը ծածկել է վարագույրով։ Երկրաշարժը կրկնվել է ամեն օր և տևել մինչև հոկտեմբեր… Հիմնահատակ ավերվել է Երևանը։ Ամբողջովին փլվել են բերդն ու պարիսպները, եկեղեցիները, կամուրջները, տները: Զաքարիա Սարկավագը միայն իր հայրենի Քանաքեռում երկրաշարժի 1228 զոհ է հաշվում և ավելացնում, որ «ոչ մնաց շուն, ոչ կատու և ոչ հավ»: Ըստ որոշ տվյալների, Երևանում և երկրաշարժի գոտում զոհերի թիվը եղել է 7600 մարդ»: (Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 202): 

Հարկ է նշել, որ երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Հովհաննավանքին, Գեղարդավանքին և Երևանի շրջակայքի մի շարք այլ պատմական ու մշակութային կառույցներին: Երևանում երկրաշարժի զոհերը հիմնականում հուղարկավորվել են Հին Երևանի Կոզեռնի գերեզմանատանը: Երկրաշարժից հետո քաղաքում սով էր սկսվել։ 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժը դարձել էԵրևանի և նրա շրջակայքի պատմության ամենաաղետալի իրադարձություններից մեկը՝ պատճառելով աննախադեպ մարդկային և նյութական կորուստներ։ Այն ոչ միայն ավերել է քաղաքի ճարտարապետական ու հոգևոր ժառանգության մեծ մասը, այլև երկարատև հետևանքներ թողել բնակչության կյանքի և սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը հասել է 8000-ի: Չնայած ծանր կորուստներին Երևանը աստիճանաբար վերականգնվել է՝ պահպանելով իր պատմական հիշողությունը որպես դիմակայող և վերածնվող քաղաք։

Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան – ABCMEDIA

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի կմեկնի Ռուսաստան․ այս մասին հայտնել են ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպանատնից։

Հայտարարության համաձայ՝ նախարարն ակնկալում է քննարկել ռուսական կողմի հետ Մերձավոր Արևելքում հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը և հակամարտության շուրջ զարգացումները։

«Հաշվի առնելով երկրների միջև երկկողմ հարաբերությունները, նաև այն փաստը, որ Իրանն ու Ռուսաստանը՝ որպես հարևաններ, ընդհանուր տեսլական ունեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ՝ մենք տեսնում ենք կանոնավոր շփումներ ամենաբարձր մակարդակում», – նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ նախատեսված է Արաղչիի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա – ABCMEDIA

Ապրիլի 27-28-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում․ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից։

Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

Բացի այդ՝ Փարիզում տեղի կունենա ՀՀ դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։

Դիեր են հայտնաբերվել «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում․ Shamshyan.com

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր․ գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտնաբերվել է երկու դի․ մահացածներից մեկը 38-ամյա կին է, մյուսը՝ 74-ամյա տղամարդ։

Դեպքի վայր են ժամանել են Արաբկիրի ոստիկանության և քննչական բաժինների պետերը, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ հայտնի չեն։

 

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր կդառնար 37 տարեկան

Արցախի 1-օրյա պատերազմում զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր կդառնար 37 տարեկան։

Ազնավուր Վարուժանի Սաղյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 26-ին Մարտունիում։

2016 թվականին ակտիվորեն մասնակցել է քառօրյա պատերազմին և խրախուսվել «Մարտական ծառայություն» մեդալով։

Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կազմակերպել է զորահավաքային ռեսուրսների ազդարարում և հավաքագրում, խաղաղ բնակչության տարհանման աշխատանքները, իսկ թշնամու ուժերի՝ քաղաքի մատույցներին մոտենալուն պես մասնակցել Մարտունու պաշտպանության համար մղվող մարտերին։

Հիշարժան է Ազնավուր Սաղյանի և իր 3 ընկերների անիրագործելի թվացող գործողությունը, երբ նրանք գրոհով ետ գրավեցին դիրքը՝ հնգապատիկ գերազանցող թշնամու ուժերին դեմ առ դեմ գնալով։ Դիրք, որն անմիջապես սպառնում էր Մարտունի քաղաքին և վերահսկում ճանապարհները։

2021թ. արտահերթ ընտրության արդյունքում Սաղյանն ընտրվեց Մարտունու քաղաքապետ։

Նա զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական լայնածավալ հարձակումից քաղաքը պաշտպանելու ժամանակ։

Ավելի վաղ պատրաստել էինք ռեպորտաժ Ազնավուր Սաղյանի մասին, որը ներկայացնում ենք ստորև։

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը երրորդ անգամ դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող։

Վրաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լալայանը նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում։

Փաշինյանին ու Ալիևին նոր մրցանակ են շնորհել

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն Իսպանիայի Գերնիկա-Լումո քաղաքում Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը․ հայտնում են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Այն շնորհվել է նաև Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև «խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար»։

Չեռնոբիլի աղետի տարելիցի առթիվ Լև XIV-ը հիշեցրեց, որ ատոմը պետք է ծառայի միայն խաղաղությանը

Ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը հիշեցրել է հավաքվածներին Չեռնոբիլի միջուկային աղետի տարելիցի մասին՝ կոչ անելով պատասխանատու օգտագործել միջուկային էներգիան աշխարհի բարօրության համար․ գրում է TACC-ը։

«Այսօր լրանում է Չեռնոբիլի ողբերգական վթարի 40-ամյակը, որը խոր հետք թողեց մարդկության խղճի վրա։ Այն շարունակում է հիշեցնել ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին», – ասաց նա։

Լևոն XIV-ը հույս հայտնեց, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակշռեն խոհեմությունն ու պատասխանատվությունը, որպեսզի միջուկային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը։