Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին առաջընթաց է նկատել Իրանի հետ երկխոսության մեջ։

«Իրանցիները կապ են հաստատել մեզ հետ և խնդրել դեմառդեմ հանդիպում կազմակերպել։ Այսպիսով, նախագահը գործուղում է Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին լսելու նրանց առաջարկները»,- հայտնել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսայիդին հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարներին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի․ ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

«Հանդիպմանը տիար Բաբայանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում նրանք նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, ինչպես նաև ծանոթանալու Հայոց Եկեղեցու առաքելությանն ու ազգային-հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։

Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրեց, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ»,- ասված է հայտարարության մեջ։

Մերցն Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու պայմաններ է նշել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ պատրաստ են մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե հաջողվի հասնել համապարփակ համաձայնության Իսլամական Հանրապետության հետ։

«Եթե համապարփակ համաձայնագիր կնքվի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմել պատժամիջոցները, սակայն մենք դեռ չենք հասել այդ կետին, քանի որ դրա համար անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիր․ առաջինը՝ պետք է լինի հստակ պայմանավորվածություն Հորմուզի նեղուցը բացելու հարցում, երկրորդը՝ Իրանի միջուկային ծրագրի վերջնական դադարեցում, և երրորդը՝ Իրանը պետք է դադարի վտանգ ներկայացնել Իսրայելի և իր հարևանների համար», – ասել է նա։

Թրամփն իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, որ աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Մենք մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության այս սթափեցնող էջը հավերժ կմնա հայ ժողովրդի անկոտրում ոգու և Քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անցյալի հսկայական ողբերգությունները հաղթահարելու և ավելի մեծ ապագա կերտելու հայերի ցուցաբերած կամքին, որը ենթադրում է երկարատև բարգավաճում, անվտանգություն և խաղաղություն․ մենք նեցուկ կկանգնենք նրանց։

Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ։ Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։

Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք մեր սուրբ կոչը պաշտպանելու անմեղներին, առաջ մղելու բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակելու խոր երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, որը զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ժամանակ և որը մեզ պահում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»։

Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի տոմսերը վերավաճառվում են ավելի քան 2 միլիոն դոլարով. CNN

«Եթե ​​դուք և ձեր երեք ընկերները ցանկանում եք այս տարի անձամբ դիտել Աշխարհի առաջնության եզրափակիչը, ապա բախտավոր եք։ Հուլիսի 19-ին` «Մետլայֆ» մարզադաշտի դարպասներից մեկի հետևում, հասանելի են դարձել չորս տոմսեր, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում  է 2,299,998.85 դոլարով»,-գրում է CNN-ը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի  ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերը կանցկացվեն ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի «Մետլայֆ» մարզադաշտում։

Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախին պաշտպանելու հարցից, և մենք տեսանք՝ արդյունքն ինչ եղավ․ Ռոբերտ Քոչարյան 

Մարդկանց այս հոսքից տեսնում եք, որ ոչինչ մոռացված չէ, և չի մոռացվելու երբեք․ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ոչ մի կառավարոթյուն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող այս ամենը մոռացության մատնել, կամ փակել»,-ասաց նա։

Այն դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է պատժել Թուրքիայի դրոշն այրողներին, նա ասաց․ «Ես որևէ երկրի դրոշ այրելու կողմնակից չեմ, բայց աշխարհում ընդունված բողոքի արտահայտման ձև է»։

ABC Media-ի հարցին, որ այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, սակայն Թուրքիան շարունակում է ժխտել, ո՞րն է պատճառը՝ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություննե՞րն են թերացել, թե՞ Թուրքիան է համառորեն առաջ շարժվում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Նորություն չէ, որ Թուրքիան ժխտում է և շարունակելու է ժխտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունն ունենք, դա ճանաչված փաստ է, և պետք է պարզապես հետևողական լինենք։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եվ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն այս գործը, կգանք մի հանգրվանի, որ փաստը ժխտելն անիմաստ կդառնա նաև Թուրքիայի համար»։

Եթե պետական կառույցներով, ըստ նրա, հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչ մի բանի չես հասնի։

«Հիմա պետությունը հետ է քաշվում այս հարցից, ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախին պաշտպանելու հարցից, և մենք տեսանք, թե արդյունքն ինչպիսին էր»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ծառերի համատարած սպանդ Արմավիր քաղաքում

Ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում. գրում է Shamshyan.com-ը։
Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։

«Առողջ ծառեր էին, երևի ինչ-որ մեկը ցանկանում է այդ հատվածում շինություն անել, դրա համար էլ ծառերի «հերն անիծեցին», էն էլ ապրիլի 24-ին։ Չգիտես՝ ի՞նչ անուն տաս էս վայրագությանը։

Հիմա մարզպետն ու քաղաքապետը ստից կսկսեն արդարանալ, թե տեղյակ չեն եղել, եթե իմանայինք՝ կկանխեինք, բայց դա արդարացում չի։ Պետք է գտնեն ու պատժեն այդ ստահակներին ու պարտավորեցնեն 10 ծառի փոխարեն 100 ծառ տնկեն, ինչը դաս կլինի հետագայում բնության նկատմամբ նման ոտնձգություն չանելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև եսիմ որ թիվը Հայաստանում տնկվելու է 50 մլն ծառ, մինչդեռ Արմավիր քաղաքում ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրով, ծառերի նման սպանդ են կատարել։ Հիմա տեսնենք՝ ի՞նչ են անելու պատասխանատուները»,-նշվում է հրապարակման մեջ։

Թուրքիան, եթե քաղաքակիրթ է, պետք է ճանաչի Ցեղասպանությունը․ Գասպարյան

Առանց նախապայմանների այսօր հնարավոր չէ, որովհետև Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում, Թուրքիան միշտ նախապայմաններ է ունեցել և այսօր էլ նախապայմանն է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում. АBC Media-ի հետ զրույցում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Արսեն Գասպարյանը։

«Ես կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսության օրակարգում Ցեղասպանության հարցը պետք է առաջինը լինի, նույնիսկ 90-ական թվականներին, երբ ես աշխատում էի արտգործնախարարության Թուրքիայի բաժնում, և բավականին արդյունավետ երկխոսություն կար թուրք դիվանագետների հետ, մենք միշտ իրենց հետ քննարկել ենք Ցեղասպանության հարցը»,-ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ  դրանք միշտ արդյունավետ քննարկումներ են եղել։

«Պետք է տարբերակենք Հայաստան-Թուրքիա և հայ-թուրքական հարաբերությունները։ Մենք նաև ունենք հայկական Սփյուռք։ Նաև Թուրքիայում՝ Ստամբուլում ունենք պատրիարքարան, և բազմաթիվ մեր հայրենակիցներ են ապրում Թուրքիայում։ Այստեղ պետք է հաշվի առնենք մի գործոն․ Ցեղասպանությունը ընդհանրապես գլոբալ խնդիր է, և մեր ժողովրդի համար դա ունի հատուկ նշանակություն, և այդ գլոբալ պատասխանատվության մեջ մենք մեր դերը ունենք խաղալու։ Համաշխարհային հանրությունը պատրաստ չէ ցեղասպանություն կանխարգելելու։ Չի կանխարգելել ո՛չ մեր ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում, ո՛չ Հոլոքոստը, ո՛չ 1994 թվականին՝ Ռուանդայում, ինչպես նաև վերջերս Գազայից ցեղասպանությունը, բայց խնդիրը հենց այդ է, որ ցեղասպանությունը պետք է կանխարգելվի։ Մարդկանց զոհվելուց ու նահատակվելուց հետո դատապարտելը մեծ հետևանքներ է առաջացնում, բայց ուրիշ պետությունները կարող են Ցեղասպանությունը ճանաչել և դա լավ է ցեղասպանության կանխարգելման համար, բայց հայ-թուրքական հարաբերություններում խնդիր է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը և մի օր Թուրքիայի ղեկավարությունը գա այստեղ և ճանաչի, որպեսզի ցույց տա, որ ինքը քաղաքակիրթ պետություն է, եթե քաղաքակիրթ է»,-ասել է Գասպարյանը։

Նա իրատեսական է համարում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը։

«Կարծում եմ, որ Հայաստանի հետևողական քաղաքականության շնորհիվ, հայ-թուրքական երկխոսության մեջ այս հարցը ճիշտ ձևակերպելու, թուրք գործընկերների հետ խոսելու շնորհիվ կստացվի։ Բայց նորից եմ ասում, դա կախված է հայկական կողմի հետևողականությունից և պատասխանատվությունից»,-ասել է Գասպարյանը։

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր.  Ermeni Haber

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։  Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը. գրում է Ermeni Haber-ը։

«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»,-նշված է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների միությունը նաև նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված՝ զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։

Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործներ՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաները «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:

Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ իրենք  եղել են առաջին կազմակերպությունը՝ Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործել են «Ցեղասպանություն» եզրույթը և սկսել՝ ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։

Ներկա իշխանություններն ամեն ինչ արել են, որ չնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ Սերժ Սարգսյան

Իրատեսակա՞ն եք համարում, որ Թուրքիան երբևէ  կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ABC Media-ի լրագրողի հարցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Միանշանակ»։

«Ոչ ոք Հայոց ցեղասպանությունը մոռացության տալ չի կարող, եթե իրենք ուզում են մոռանալ, իրենց գործն է»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը՝ անդրադառնալով ներկա իշխանություններին։

Ըստ նրա՝ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ չնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը։