Իսրայելի հարվածներից Լիբանանում լրագրող է մահացել․BBC

Լիբանանի վարչապետը մեղադրել է Իսրայելին ռազմական հանցագործությունների մեջ, այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին իսրայելական օդային հարվածների հետևանքով մեկ լրագրող է սպանվել և մեկ ուրիշը՝ վիրավորվել Լիբանանի հարավում։

«Ամալ Խալիլը և Զեյնաբ Ֆարաջը դիտավորյալ թիրախավորվել են, երբ նրանք ապաստան էին փնտրում տանը, այն բանից հետո, երբ նախնական օդային հարվածը հարվածել էր նրանց առջևի մեքենային, որի հետևանքով զոհվել են երկու տղամարդ»․ նշել են Լիբանանի պաշտոնյաները։

Պաշտոնյաները նաև մեղադրել են Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF)՝ Թայրի գյուղում լրագրողներին հասնելու փորձ կատարող նշված շտապօգնության մեքենային դիտավորյալ թիրախավորելու մեջ։

IDF-ն իր հերթին  հերքել է, որ խոչընդոտել է փրկարարական խմբերին հասնել տարածք և ասել է, որ չի թիրախավորել լրագրողներին։

Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի ուժի կենտրոնն էր․ Չալաբյան

Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ․ գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և քրիստոնեական էության մասին ամեն օր հիշեցնող կենդանի վկայություն: Վերջին օրերին նրանք ավերել են այս հոյակերտ տաճարը, որի կառուցման մեջ հազարավոր հայ մարդկանց տաղանդ ու ջանք էր դրվել, որի պատերի մեջ տասնյակ հազարավոր հայ մարդիկ էին աղոթել, հազարները մկրտվել և պսակադրվել: Ավերելով այն, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի:

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում: Հատուցում, որպեսզի սա շարունակ չկրկնվի մեզ հետ, որպեսզի մեզնից չխլեն ամենաթանկը՝ մեր հույսն ու հավատը: Այդ հատուցումը գալու է, և այն կգա, եթե մենք գիտակցենք, թե մեզ բոլորիս իրականում ինչ է սպառնում, եթե մենք չթոթափենք մեր վախերը, ազատվենք մեր մեջ սողոսկած թշնամու հլու կամակատարներից, համախմբվենք, ու նորից գործենք որպես միասնական ազգ»,- գրել է նա։

Միլիարդատերը դատի է տվել Թրամփի ընտանիքի կրիպտո ընկերությանը՝ ենթադրյալ շորթման համար. BBC

Միլիարդատեր Ջասթին Սանը  դատի է տվել Թրամփի ընտանիքին պատկանող կրիպտո ընկերությանը՝ ենթադրյալ շորթման համար. այս մասին հայտնում BBC-ին

Սանը World Liberty-ին մեղադրել է իր WLFI տոկենները՝  ընկերության կողմից թողարկված կրիպտոարժույթը, առգրավելու «անօրինական սխեմայի» մեջ։

Վերջինս  պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա որդու՝ Էրիկ Թրամփի կողմից համահիմնադրված ընկերությունը «սառեցրել» է իր բոլոր տոկենները և զրկել է իրեն կառավարման հարցերով քվեարկելու իրավունքից։

«Նրանք անօրինական կերպով սառեցրել են իմ բոլոր տոկենները, զրկել են ինձ կառավարման առաջարկների վերաբերյալ քվեարկելու իրավունքից և սպառնացել են ընդմիշտ ոչնչացնել իմ տոկենները՝ «այրելով» դրանք՝ առանց որևէ պատշաճ հիմնավորման», – ասել է նա սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ՝ հայտարարելով դատական ​​հայցի մասին։

Սանը  միլիարդ դոլար արժողությամբ կրիպտո նախագծի՝ TRON-ի հիմնադիրն է։ Սկզբում նա World Liberty-ում ներդրել է 45 միլիոն դոլար (33 միլիոն ֆունտ ստերլինգ) և ասել է, որ երբեմն իր WLFI տոկենները գնահատվել են ավելի քան 1 միլիարդ դոլար (740 միլիոն ֆունտ ստերլինգ)։

Սեպտեմբերից ի վեր մեկ WLFI տոկենի գինը 31 ցենտից նվազել է մինչև 8 ցենտից մի փոքր պակաս։

Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ հանդիպման․ ՌԴ նախագահի խոսնակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն դա կարող է արդյունավետ լինել միայն համաձայնությունների վերջնականացումից հետո․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է՝ Մոսկվան չի տեսնում հակամարտությունը լուծելու ուկրաինական կողմի «քաղաքական կամքը»։

Հռոմի պապը կոչ է արել վերջ դնել Աֆրիկայի շահագործմանը

Հռոմի պապ Լևոն XIV-ը  կոչ է արել Անգոլայի առաջնորդներին խզել «շահերի շրջանակը», որը դարեր շարունակ թալանել և շահագործել է Աֆրիկան։

Աֆրիկայում  գտնվելու 11 օրերի ընթացքում  Լևոն XIV-ը խոսել է «ռեսուրսների ծարավը կոտրելու» կարևորության մասին, որը ըստ Պապի՝ ամենաարյունալի հակամարտությունների շարժիչ ուժն է։  Անգոլայում նա կոչ է արել «աշխարհում ստեղծել համակեցության արդար ձևաչափ՝  զերծ գերտերությունների  կողմից պարտադրվող ստրկության ձևերից»։

Կամերունի ճանապարհին նա կրկին խոսել է ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր հովվապետին՝ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։

Հրազդան գետում դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։

Համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։ Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին բանակցությունների վերսկսման հնարավորությունը.Tasnim

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու հարցում անփոփոխ է մնում. ապրիլի 22-ին հաղորդել է Tasnim-ը։

«Մինչ օրս Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի կատարվել», – նշել է գործակալությունը։

Հրապարակումը նաև նշել է, որ Իրանը ներկայումս ուրբաթ օրը բանակցություններ վարելու ծրագրեր չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել առաջիկա 36-72 ժամվա ընթացքում։

Հայ-թուրքական հարաբերությունները 35 տարվա ընթացքում եղել են նախապայմանների պատմություն․ Արսեն Գասպարյան

Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին մոտ 35 տարիների ընթացքում իրական հարաբերություններ չեն ձևավորվել, այլ ընթացել է երկխոսություն, որը պարբերաբար ընդհատվել է և մշտապես ուղեկցվել նախապայմաններով․ Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամում «Հայ-թուրքական հարաբերություններ․ ի՞նչ է պետք իմանալ այսօր» թեմայով դասախոսություն-քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։

«Ես կխուսափեմ «հարաբերություններ» բառից, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ չեն եղել։ Ավելի ճիշտ է խոսել 35 տարվա երկխոսության մասին, որը կարելի է անվանել նաև նախապայմանների պատմություն», – նշեց Գասպարյանը։

Նրա խոսքով՝ տարբեր փուլերում Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները փոփոխվել են, սակայն դրանց տրամաբանությունը մնացել է նույնը։ Նա հիշեցրեց, որ դեռևս 1990-ականներից Թուրքիան տարբեր ձևերով նախապայմաններ է ներկայացրել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման համար։

Արսեն Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունների մեծ մասը չի կարողացել ապահովել Թուրքիայի չեզոքությունը տարածաշրջանային գործընթացներում՝ բացառությամբ որոշ ժամանակաշրջանների։ Նրա գնահատմամբ՝ Արցախյան երկրորդ պատերազմը հստակ ցույց տվեց Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությունում։

«Թուրքիան այդ պատերազմի կողմ էր և ցուցաբերել է բազմակողմանի աջակցություն Ադրբեջանին՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակներում», – ասաց նա։

Գասպարյանի խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է փուլային գործընթաց, որը նա բնութագրում է որպես ռազմական, ապա քաղաքական և հետագայում` տնտեսական էքսպանսիայի տրամաբանություն։

Նա նշեց, որ ռազմական էքսպանսիայի օրինակներ կարելի է դիտարկել Հյուսիսային Սիրիայի և Իրաքի հատվածներում, որտեղ, ըստ նրա, Թուրքիան ունի զգալի ազդեցություն, իսկ որոշ տարածքներում նույնիսկ կիրառվում է թուրքական լիրան։

Արսեն Գասպարյանն անդրադարձավ նաև Կիպրոսի հարցին՝ հիշեցնելով 1974 թվականի իրադարձությունները և նշելով, որ միջազգային հանրության արձագանքն այդ գործընթացներին սահմանափակ է եղել։

Նրա խոսքով՝ Կիպրոսի օրինակն ու տարածաշրջանային այլ զարգացումները պետք է դիտարկել որպես նախազգուշացում, քանի որ ռազմական գործողություններին սովորաբար հաջորդում է քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնումը։

«Այս փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողություններից հետո սկսվում է քաղաքական ազդեցության ամրապնդում, իսկ այնուհետև՝ տնտեսական էքսպանսիա»,- ընդգծեց նա։

Գասպարյանը նշեց, որ հայ–թուրքական երկխոսության ցանկացած հնարավոր զարգացում պետք է դիտարկել այս բազմաշերտ գործընթացների համատեքստում՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի երկարաժամկետ քաղաքական և տնտեսական ռազմավարությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ձերբակալության, ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով

Քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային օդային կամ ցամաքային սահմաններով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան) և չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք. ասվում է հայտարարության մեջ։

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ձերբակալության, ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով

Քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային օդային կամ ցամաքային սահմաններով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան) և չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք. ասվում է հայտարարության մեջ։