ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ձերբակալության, ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտության սրման զգալի ռիսկերի պատճառով

Քանի որ Իրանում անմիջական հյուպատոսական ծառայություններ չկան, քաղաքացիները պետք է մեկնեն բաց առևտրային օդային կամ ցամաքային սահմաններով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան) և չպետք է մեկնեն Աֆղանստան կամ Իրաք. ասվում է հայտարարության մեջ։

 

Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած լուծման դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի կարծիքը․ Կարեն Միրզոյան

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամում «Հայ-թուրքական հարաբերություններ․ ի՞նչ է պետք իմանալ այսօր» թեմայով դասախոսություն-քննարկման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների տարբեր մակարդակներին՝ ընդգծելով դրանց բազմաշերտ բնույթը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտական կենտրոններ՝ անցնելով ավելի պրակտիկ և վերլուծական մոտեցումների։ Չնայած թուրքագիտության պատմական ավանդույթներին` այսօր այդ ոլորտում նոր մոտեցումների կարիք կա։ Կարեն Միրզոյանը նաև ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել երկու մակարդակով՝ որպես Հայաստան-Թուրքիա պետական հարաբերություններ և որպես ավելի լայն՝ հայ-թուրքական հարաբերություններ, որոնք առնչվում են նաև աշխարհասփյուռ հայությանը։

«Այս երկու հարթությունները տարբեր են իրենց բնույթով և ազդեցությամբ։ Հայ ժողովուրդն աշխարհասփյուռ է, և ցանկացած լուծում պետք է հաշվի առնի ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև տարբեր երկրներում ապրող հայ համայնքներին»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարևոր են ոչ միայն տնտեսական, այլև առաջին հերթին անվտանգային տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, դրանց ձևավորումը պետք է լինի հավասարակշռված՝ առանց միակողմանի զիջումների։

Նա ընդգծեց նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ձևավորված կարծրատիպերը պատմական երկար գործընթացների արդյունք են և ազդում են հասարակական ընկալումների վրա երկու երկրներում։

Ըստ նրա՝ ցանկացած հնարավոր կարգավորում պետք է լինի բազմակողմանի վերլուծության արդյունք՝ հաշվի առնելով քաղաքական, հասարակական և տարածաշրջանային բոլոր գործոնները։

Թուրքիայի ներսում լուրջ քաղաքական զարգացումներ կան, առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել․ Աբրահամ Գասպարյան

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված դասախոսություն-քննարկում էր «Հայ–թուրքական հարաբերություններ․ ի՞նչ է պետք իմանալ այսօր» թեմայով։

Բանախոսների թվում էին քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն ու արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նմանատիպ քննարկումներ Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը պարբերաբար կազմակերպել է և առաջիկայում կփորձի դրանք դարձնել ավելի ինտերակտիվ՝ ներգրավելով մասնագետների, որոնք երկար ճանապարհ են անցել հայկական պետականաշինության ընթացքում. նշեց ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ դասախոսություն-քննարկման նպատակն է ներկայացնել ոչ միայն ներքին, այլև արտաքին և անվտանգային խնդիրների ամբողջ գունապնակը։

«Այսօր աշխարհում ամենաակտուալ թեմաներից մեկը Թուրքիայի դերակատարության փոփոխությունն է, և կարևոր է այդ թեմային անդրադառնալ տարբեր դիտանկյուններից՝ դուրս գալով ավանդական, միջին վիճակագրական մոտեցումներից։ Թուրքիայի մասին վերլուծություններ անելիս անհրաժեշտ է զերծ մնալ էմոցիոնալ գնահատականներից և փորձել տալ իրատեսական գնահատականներ․ դա ենթադրում է հասկանալ իրական Թուրքիան և նրա դերակատարությունը փոփոխվող աշխարհում։ Շատ կարևոր է նաև ներսի հայացքը՝ հասկանալու համար, թե ինչ են մտածում թուրքական փորձագիտական կենտրոնները, ինչպես են գնահատում երկրի դերակատարության փոփոխությունը, և ինչ գործընթացներ են տեղի ունենում ներքաղաքական կյանքում, հատկապես՝ 2023 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Եթե անդրադառնանք վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներին, ապա պետք է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից․ այդ ընթացքում Թուրքիան փորձեց դիրքավորվել որպես չեզոք կողմ, սակայն փաստացի դարձավ ակտիվ խաղացող՝ գործածելով իր տնտեսական և դիվանագիտական հնարավորությունները։ Թուրքիան փորձեց հանդես գալ որպես միջնորդ, և ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների մի շարք փուլեր անցկացվեցին Ստամբուլում և Անկարայում։ Այս քաղաքականությունը թույլ տվեց Թուրքիային բարձրացնել իր միջազգային հեղինակությունը և ուժեղացնել դիրքերը Վաշինգտոնի հետ հարաբերություններում»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Միևնույն ժամանակ Անկարան, ըստ նրա, փորձեց հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ պահպանելով տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում։ 2023 թվականին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ Արցախի հայաթափումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խոսույթի ակտիվացումը նոր հնարավորություններ ստեղծեցին Թուրքիայի համար։

«Անկարան ձգտում է դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ էներգետիկ և տնտեսական հանգույց, որտեղ կհատվեն հիմնական հաղորդակցային ուղիները՝ Չինաստանից մինչև Եվրոպա»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է շահել գլոբալ առևտրի վերաձևավորման գործընթացներից՝ առաջարկելով ցամաքային ուղիներ, որոնք կարող են կրճատել բեռնափոխադրումների ժամանակը և մեծացնել տնտեսական արդյունավետությունը։

«Թուրքիայի ներսում նկատվում են լուրջ քաղաքական զարգացումներ։ Առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել երկրի համար։ Քաղաքական դաշտում ակտիվացել են մի շարք ազդեցիկ գործիչներ, որոնց մեծ մասը կապված է անվտանգության և հետախուզական համակարգերի հետ, ինչը վկայում է, որ առաջիկայում քաղաքական պայքարը կլինի առավել սրված։ Թուրքիան բախվում է նաև տնտեսական խնդիրների, ներքաղաքական լարվածության և սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների։ Չնայած արտաքին հռետորաբանությանը՝ Թուրքիան շարունակում է պահպանել գործնական հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իսրայելի հետ»,- ընդգծեց Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր տնօրենը։

Եզրափակելով՝ Աբրահամ Գասպարյանն ասաց, որ Թուրքիան այսօր փորձում է պահպանել հավասարակշռությունը տարբեր ուժային կենտրոնների միջև և առավելագույն օգուտ քաղել գլոբալ փոփոխություններից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ․ հայտնում է Մայր Աթոռը։

Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա տղամարդը ձերբակալվել է

Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած 55-ամյա տղամարդը ձերբակալվել է. ABC Media-ին հայտնեցին ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Վարույթի շրջանակում առերեւույթ հանցանք կատարած անձը ձերբակալվել է»,-հայտնեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալաբյան փողոցում դանակահարել էին 8 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։

Երևանի Աղի կոմբինատում 236 մետր խորությունից դուրս է բերվել 46 քաղաքացի․ պատճառը՝ էլեկտրաէներգիայի հոսանքազրկումն է եղել․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։ Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։

Թուրքիան լրագրողին դատի է տվել «Ցեղասպանության տրավմա»  թեմայով  հոդվածի համար

Թուրք լրագրող Թուղչե Յըլմազը մեղադրվում է Թուրքիայում հայ երիտասարդների փորձառությունների և նրանց՝ Հայոց ցեղասպանության պատմական տրավմայի հետ կապի մասին իր գրած հոդվածի համար:

«Bianet» անկախ լրատվամիջոցի խմբագիր Յըլմազը հրապարակել է «Թուրքիայի հայ երիտասարդությունը խոսում է. 109 տարվա սուգ» վերնագրով հոդվածը: Հոդվածը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես են երիտասարդ հայերը հասկանում իրենց ինքնությունը, իրենց համայնքի պատմությունը և ցեղասպանության՝  իրենց ընտանիքների վրա ունեցած երկարատև ազդեցությունը։

Հրապարակումից հետո թուրքական իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, որը հաճախ օգտագործվում է Հայոց ցեղասպանությունը քննարկող կամ պետական ​​հաստատությունները քննադատողներին պատժելու համար: Յըլմազը մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ​​մարմիններին և հաստատություններին վիրավորելու» մեջ։

Շատ եմ ուզում, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի․ Սերժ Սարգսյան

Շատ եմ ուզում, որ 2021 թվականի սցենարը չկրկնվի։ Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դատական նիստի ավարտից հետո։

«Հիմարություն, ազգադավություն, ասելու բան չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության ուրացման մասին լրագրողների հարցին։

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին  Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։

 

Նոյյան տապանի առեղծվածը․ Թուրքիայի ներկայիս տարածքում աստվածաշնչյան տապանը հիշեցնող խորհրդավոր կազմավորում է հայտնաբերվել

Այժմյան Թուրքիայի լեռներում հայտնաբերվել է խորհրդավոր երկրաբանական կազմավորում։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ այն կարող է Նոյյան տապանի մնացորդը լինել․ գրում է Daily Mail-ը։

Աստվածաշնչի համաձայն՝ ջրհեղեղի ժամանակ այս հսկայական տապանը ոչնչացումից փրկել է մարդկությանը և կենդանիներին։ Արարատ լեռան մոտ գտնվող Դուրուփընար կազմավորման տարածքում աշխատող ամերիկացի հետազոտողների խումբը թաքնված թունելների հետք է հայտնաբերել։

«Նոյյան տապանի սկանավորում» հետազոտական խմբի անդամ Էնդրյու Ջոնսը հատուկ ռադարի օգնությամբ հայտնաբերել է «միջանցքների» ցանց: Ջոնսը հայտնագործությունը կապել է տապանի աստվածաշնչյան նկարագրության հետ, որտեղ նշվում է, որ նավն ունեցել է 3 ներքին շերտ՝ կառուցված Նոյի, նրա ընտանիքի և կենդանիների համար։

Նա հավելել է, որ ինֆրակարմիր ջերմագրության (IRT) տեխնոլոգիայի կիրառմամբ հետագա ուսումնասիրությունները նույնպես ենթադրել են հողի խորքում թաղված նավաձև կորպուսի առկայության մասին։

Արարատ լեռից ընդամենը 18 մղոն հարավ գտնվող Դուրուփընար կազմավորումը ժամանակակից աշխարհին հայտնի է մեկ դարից էլ պակաս։ Տեղական հաղորդագրությունների համաձայն՝ 1948 թվականի մայիսին տեղացած ուժեղ անձրևներն ու երկրաշարժերը մաքրել են շրջակա ցեխը՝ բացահայտելով խորհրդավոր կազմավորումը։ Այն հայտնաբերել է մի քուրդ հովիվ։