Իսպանիան նոր արգելապատնեշներ է տեղադրում Սեուտայում՝ միգրանտների ներհոսքը կանխելու համար

Իսպանիան սկսել է Սեուտա քաղաքի Տարախալ նավամատույցի մոտ նոր արգելապատնեշների տեղադրումը՝ ապօրինի միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին. հայտնում է Europa Press գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքները սկսվել են օգոստոսի 1-ի առավոտյան։ Կառույցը իրենից ներկայացնում է 500 մետր երկարությամբ լողացող պատնեշ՝ 30-ից 70 սմ բարձրությամբ։

Կառույցում նախատեսված է անցուղի՝ սահմանային գոտին հսկող պարեկային նավակների համար։

Հուլիսի 30-ին հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել են ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար․ Սեուտա է մուտք գործել մոտ 60 հազար մարդ։

RTVE հեռուստաալիքը, հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը, հայտնել է, որ ավելի քան 48,3 հազար ապօրինի միգրանտներ արդեն վերադարձել են Մարոկկո։

«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը մեղադրում է քաղաքապետարանին՝ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ

«Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով. գրել է տնօրեն Արման Փիլոյանը։

«Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»,- գրել է նա։

Արևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն Մասկ

Իլոն Մասկը ուշադրություն է հրավիրել Եվրամիության երկրներում առկա ժողովրդագրական ճգնաժամին՝ նախազգուշացնելով Արևմուտքի բնակչության հնարավոր կրճատման և նույնիսկ վերացման վտանգի մասին։

«ԵՄ 27 երկրներից 21-ում մահացությունը գերազանցում է ծնելիությանը։ Նրանք շարժվում են դեպի վերացում»,-  գրել է Մասկը X սոցիալական հարթակում։

Այսպես նա արձագանքել է ՄԱԿ-ի հրապարակած պտղաբերության վիճակագրությանը, ըստ որի՝ աշխարհի խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում, 1950 թվականից ի վեր ծնելիության գործակիցը շարունակաբար նվազում է։

Իշխանությունը թիրախավորել է քաղաքական հակառակորդների ունեցվածքը. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա:

Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, իսկ հետո կանցնի յուրայինների ոչնչացմանը»,- գրել է նա։

Երևանի Կենտրոնում փոշու մակարդակն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ հուլիսի 22-ին և 28-ին,

Շենգավիթում չի գերազանցել,

Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հուլիսի 22-ին,

Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նեապոլում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հարավում՝ Նեապոլում և նրա շրջակայքում, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է. գրում է Corriere del Mezzogiorno պարբերականը։

«Այս պահին տուժածների թիվը 21 է, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- նշվում է հրապարակման մեջ։

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում և հարակից բնակավայրերում, հատկապես Կամպի Ֆլեգրեյ շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը՝ Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:46-ին։

Թրամփը չի բացառել, որ կարող է քրեական հետապնդման ենթարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում կարող է ենթարկվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետապնդման։

«Տեղեկություն չկա, որ նրանք հետապնդում են ինձ, սակայն դա կարող էր տեղի ունենալ»,- հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՄՔԴ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը։

Նրա խոսքով՝ Ռուբիոն չի փորձում պաշտպանել իրեն, այլ հանդես է գալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ անձանց պաշտպանության օգտին։

«Որևէ ապացույց չկա, որ այս պահին ես նրանց թվում եմ»,- հավելել է Թրամփը։

Իր հերթին, հանդիպմանը մասնակցած պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) անվանել է «ապօրինի միջազգային կազմակերպություն»։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը հուլիսի 13-ին հայտարարել էր ՄՔԴ-ի դեմ լայնածավալ արշավ սկսելու մասին՝ Վաշինգտոնի գնահատմամբ «ԱՄՆ ինքնիշխանությանը սպառնացող վտանգը» չեզոքացնելու նպատակով։

«Հինգ երկիր արդեն դուրս է եկել ՄՔԴ-ից․ մենք կարծում ենք, որ նրանց թիվը կավելանա»,- հայտարարել է Ռուբիոն։

ՖԻՖԱ-ի նախագահը կարող է հրաժարական տալ

Ջանի Ինֆանտինոն կարող էառաջիկայում լքել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնը․ այս մասին գրում է լրագրող Ռոմեն Մոլինան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինֆանտինոն կորցրել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների աջակցությունը և կազմակերպության նկատմամբ վերահսկողությունը, ուստի նրա հրաժարականը կարող է շուտով տեղի ունենալ։

Նշենք, որ ապրիլին Ինֆանտինոն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին․ ընտրությունը տեղի կունենա Մարոկկոյում 2027 թվականի մարտին։

2 միլիարդ դոլարի պահանջ. Փաշինյանի հայտարարության պատասխանը՝ ներդրումների վերադարձի տեսքով

Փաշինյանի՝ Հարավկովկասյան երկաթուղու համար տարեկան 2 միլիարդ դոլարի հնարավոր վարձավճարի մասին հայտարարությունից հետո Մոսկվան կոշտ արձագանքեց։

Ռուսաստանը հիշեցնում է ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումների մասին և չի բացառում դրանց փոխհատուցում պահանջելու հնարավորությունը։

Ի՞նչ իրավական հիմքեր ունեն կողմերը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս վեճը հայ-ռուսական հարաբերությունների համար։

Իտալիան ժամանակավորապես վերականգնել է վերահսկողությունն Իսպանիայի հետ սահմանին

Իտալիան ժամանակավորապես վերականգնել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը՝ կասեցնելով Շենգենյան համաձայնագրի շրջանակում ազատ տեղաշարժի ռեժիմը ծովային և օդային հաղորդակցությունների համար։

Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ որոշումն ընդունվել է ներգաղթի և սահմանային անվտանգության հարցերով կոմիտեի նիստից հետո։

Գերատեսչությունը շեշտել է, որ խոսքը Շենգենյան գոտուց դուրս գալու մասին չէ, այլ հասարակական անվտանգության սպառնալիքի դեպքում Շենգենյան սահմանային օրենսգրքով նախատեսված ժամանակավոր անձնագրային վերահսկողության վերականգնման։

Որոշումը կայացվել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին․ հուլիսի 30-ից ի վեր Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ է մուտք գործել շուրջ 60 հազար միգրանտ, հիմնականում՝ Մարոկկոյի քաղաքացիներ․ այժմ նրանց մեծ մասը հետագայում կամավոր վերադարձել է հարևան Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաք։