Այսօր իր աշխատանքներն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորած նոր ազգային ժողովը․ Վահագն Խաչատուրյան

Այսօր իր աշխատանքներն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորած նոր ազգային ժողովը․ ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի 1-ին նստաշրջանի ելույթի ընթացքում հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով․ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ ԱԺ-ում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, իսկ  քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների։

Մոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանում, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք․ գրում է TACC-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությանը։

Կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը ռեստորան է բերել մի կին, որը զոհվել է պայթյունի հետևանքով։

Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Նոր խորհրդարան՝ նոր ու հին դեմքերով

9-րդ գումարման Ազգային ժողովը մեկնարկում է 105 պատգամավորով՝ առանց որևէ ուժի Սահմանադրական մեծամասնության։ Նոր խորհրդարանում ընդգրկված են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29) և «Հայաստան» (12) դաշինքները, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը(64): Ովքե՞ր կլինեն, և ովքե՞ր չեն լինի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Բրոուդ Փիք լեռան վրա ձնահյուսից զոհվել է ռեկորդակիր լեռնագնաց Նիրմալ Պուրջան

Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է Պակիստանում գտնվող Բրոուդ Փիք լեռան (8 051 մ) վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով. հայտնել է Elite Exped ընկերությունը, որի համահիմնադիրներից էր Պուրջան։

«Այսօր խոր վշտով և սրտի մեծ ցավով հաստատում ենք, որ Նիրմալ «Նիմսդայ» Պուրջան ողբերգականորեն զոհվել է Բրոուդ Փիք լեռան վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։ Հաստատվել է նաև, որ այս արշավախմբի մյուս մասնակիցները, ցավոք, չեն փրկվել։ Այսօր մենք սգում ենք ոչ միայն Նիմսդայի, այլև այս ողբերգության հետևանքով զոհված յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ նրա վստահելի գործընկերների և ուղեկցողների՝ Պուր Բահադուր Գուրունգի (Յուկտա) և Նիմու Շերպայի մահը»,- նշվում է ընկերության Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հուլիսի 29-ին Նեպալից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Օմանից և Չինաստանից ժամանած 10 լեռնագնացներից բաղկացած խումբը սկսել էր վերելքը դեպի Բրոուդ Փիք։ Արշավախումբը ղեկավարում էր 43-ամյա Պուրջան։

Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով կեսօրին մոտ, լեռան վրա ձնահյուս է տեղի ունեցել, որից հետո խմբի հետ կապը կորել է։ GPS սենսորների տվյալներով՝ լեռնագնացներին ձնահյուսը մոտ մեկ կիլոմետր ներքև է շպրտել։

2019 թվականին Նիրմալ Պուրջան լեռնագնացության պատմության մեջ մտավ՝ ռեկորդային կարճ ժամանակում՝ 6 ամիս և 6 օրում, նվաճելով աշխարհի բոլոր 14 ութհազարանոցները։ Այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2023 թվականը։ Նա նաև առաջին լեռնագնացն էր, որը 48 ժամվա ընթացքում բարձրացել էր Էվերեստ, Լհոցզե և Մակալու գագաթները։ Պուրջան ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակի Գուրխաների բրիգադում, ինչպես նաև Թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ստորաբաժանումում։

Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել կարևոր օբյեկտները

Իսպանիայի Սեուտա քաղաքում շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները։

Ոստիկանությունը հերթապահում է սուպերմարկետների մուտքերի մոտ․ ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին գրանցվել, որոնց ընթացքում մարդկանց խմբերը ուժով փորձել էին ներխուժել խանութներ։

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա կնոջ մարմին. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում էր Shamshyan.com-ը:

Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ մարմին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։

Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա. գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երևանում թալանել են  «Զոլեր» սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը. Shamshyan.com

Հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է ստացվել տեղեկություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն  դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Իսպանիան նոր արգելապատնեշներ է տեղադրում Սեուտայում՝ միգրանտների ներհոսքը կանխելու համար

Իսպանիան սկսել է Սեուտա քաղաքի Տարախալ նավամատույցի մոտ նոր արգելապատնեշների տեղադրումը՝ ապօրինի միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին. հայտնում է Europa Press գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքները սկսվել են օգոստոսի 1-ի առավոտյան։ Կառույցը իրենից ներկայացնում է 500 մետր երկարությամբ լողացող պատնեշ՝ 30-ից 70 սմ բարձրությամբ։

Կառույցում նախատեսված է անցուղի՝ սահմանային գոտին հսկող պարեկային նավակների համար։

Հուլիսի 30-ին հազարավոր աֆրիկացի միգրանտներ ճեղքել են ցանկապատը՝ Մարոկկոյից Իսպանիա անցնելու համար․ Սեուտա է մուտք գործել մոտ 60 հազար մարդ։

RTVE հեռուստաալիքը, հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը, հայտնել է, որ ավելի քան 48,3 հազար ապօրինի միգրանտներ արդեն վերադարձել են Մարոկկո։

«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը մեղադրում է քաղաքապետարանին՝ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ

«Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով. գրել է տնօրեն Արման Փիլոյանը։

«Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»,- գրել է նա։