Ֆրանսիան ուժեղացնում է Իսպանիայի հետ սահմանին վերահսկողությունը՝ Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սեուտայի միգրացիոն իրավիճակի պատճառով կապ է հաստատել Իսպանիայի վարչապետի հետ՝ աջակցություն հայտնելու և անհրաժեշտ օգնություն առաջարկելու նպատակով՝ այդ թվում՝ ԵՄ սահմանապահ Frontex գործակալության միջոցով։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը․ այնտեղ տեղակայվել է ցամաքային ուժերի 4 ստորաբաժանում, նաև ինքնաթիռներ և դրոններ։

X սոցցանցում արված գրառման մեջ նա նշել է, որ Սեուտան չի մտնում Շենգենյան ազատ տեղաշարժի գոտու մեջ, սակայն Ֆրանսիան պատրաստ է վերահսկողության լրացուցիչ միջոցներ կիրառել՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։

Նախազգուշացումներ Իսրայելից՝ Թուրքիային․ սպառնալի՞ք, թե՞ ուժային խաղ

Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Անկարային ուղղված կոշտ հայտարարությամբ նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Թուրքիային Սիրիան օգտագործել իր դեմ և Էրդողանին զգուշացրել է՝ չհայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսում հայտնվեց Իրանը։

Կացի ամենաքննարկված ձևակերպումը վերաբերում էր Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի համեմատությանը։

Բաքվում ավարտել է հայ գերիների վերաքննիչ բողոքների «վերանայումը»

Հուլիսի 31-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների շինծու դատավարությունը․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այսօր կայացած «նիստում» Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով բեկանել ստորին դատարանի «դատավճիռը»․ մյուս գերիները ևս հրաժարվել են ընդունել առաջադրված «մեղադրանքը»։

Տուժողների ներկայացուցիչներն ու պետական մեղադրողները, հակառակ դրան, հայտարարել են, որ «առաջին ատյանի վճիռը օրինական և հիմնավորված է», և պահանջել են անփոփոխ թողնել այն։

Նիստի ավարտին դատարանը հայտարարել է, որ վերաքննիչ քննությունն ավարտված է, և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

X-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել երկրում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին՝ հուլիսի 30-ի վաղ առավոտյան Լյուբլինի վոյեվոդության Տառնավա-Կոլոնիա բնակավայրի մերձակայքում անհայտ օբյեկտի ընկնելու կապակցությամբ․ փոխանցում է TACC-ը։

Վարշավայի պնդմամբ՝ ընկած օբյեկտը ռուսական Խ-101 (Kh-101) թևավոր հրթիռ է։

«Այսօր Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Լեհաստանի ԱԳՆ՝ երեկ ռուսական հրթիռի՝ երկրի օդային տարածք ներթափանցելու կապակցությամբ․ փոխարտգործնախարար Ռոբերտ Կուպեցկին նրան հանձնել է բողոքի նոտա»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաչեյ Վևյուրը։

Կառավարության 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ կառավարական կաբինետի 7 պաշտոնյա ազատվել է աշխատանքից․ տեղեկանում ենք կառավարությունից։

«Դավիթ Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել «Արարատցեմենտի» կառավարիչ։

Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից․ գնում է խորհրդարան։
Պաշտոններից ազատվել են նաև վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, բնապահպանության և նդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը։ Նրանց մի մասը ևս վերցրել է պատգամավորական մանդատը»,- տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։

 

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքի մեջ է

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքի մեջ է. ABC Media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով:

«Մուլտի տրանսպորտ» ընկերությունը պատկանում է Ծառուկյան ընտանիքին։

Ծառուկյանը չունի «Մուլտի Վելնեսը», «ԱրարատՑեմենտը», «Արարատ» կոնյակի գործարանը, Կարապետյանը՝ ՀԷՑ-ը

Վերջին մեկ տարում պետության վերահսկողության տակ են անցել կամ պետականացման գործընթացների մեջ են հայտնվել մի շարք խոշոր ակտիվներ։ ՀԷՑ, «ԱրարատՑեմենտ», «Մուլտի Ուելնես»․ արդյո՞ք սա օրենքի կիրառում է, թե՞ քաղաքական ճնշում։ 

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Դատախազության միջնորդությունը բավարարվել է։

Հայաստանից Վրաստան գյուղմթերքի արտահանումն ընդլայնվում է․ հայտարարություն

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել․ տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

ՆԱՏՕ-ն ձգտում է «պոկել» Հայաստանը ՀԱՊԿ-ից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն ձգտում է «պոկել» Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից․այդ մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և արևմտյան առանձին պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,- ասել է Վասիլևը։

 

Ինչո՞ւ և ի՞նչ է Իսրայելը զգուշացնում Էրդողանին

Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Անկարային ուղղված կոշտ հայտարարությամբ նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Թուրքիային Սիրիան օգտագործել իր դեմ և Էրդողանին զգուշացրել է՝ չհայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսի վիճակում հայտնվեց Իրանը։ Կացի ամենաքննարկված ձևակերպումը վերաբերում էր Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի համեմատությանը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ նման հայտարարությունները տեղավորվում են վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերություններում ձևավորված կոշտ հռետորաբանության շրջանակում։

«Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններին բնորոշ է դարձել չափազանց կոշտ հռետորաբանությունը։ Եթե այս հայտարարությունը դիտարկենք այդ համատեքստում, ապա այն ոչ թե բացառություն է, այլ վերջին տարիներին ձևավորված նույն տրամաբանության շարունակությունը։ Փոխադարձ մեղադրանքներում ավելի հաճախ են օգտագործվում պատմական իրադարձություններին և պատմական հիշողությանը հղումները»,- նշել է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Թուրքիայի և Իրանի համեմատությունը պետք է դիտարկել հիմնականում որպես քաղաքական հռետորաբանություն, քանի որ երկու երկրների իրավիճակները էականորեն տարբեր են։

«Իրանի և Թուրքիայի համեմատությունը քաղաքական ու ռազմական առումով հիմնավորված չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Միացյալ Նահանգների դաշնակից, մինչդեռ Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այս համեմատությունն ավելի շատ պետք է դիտարկել որպես հռետորաբանության տարր, քան իրական քաղաքական գնահատական»,- ասել է թուրքագետը:

«Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի գնահատմամբ՝ Իսրայել-Թուրքիա հակասությունների հիմքում ավելի լայն տարածաշրջանային մրցակցություն է։

«Թուրքիա-Իսրայել հարաբերություններն այնքան խորք ունեն, որ ես չեմ կարծում՝ կողմերը գնան լուրջ ռազմական բախման։ Այս պահին մենք ավելի շատ քաղաքական պայքարի և ազդեցության համար մրցակցության ականատես ենք»,- նշել է Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Սիրիան դարձել է այն ուղղություններից մեկը, որտեղ հատվում են Անկարայի և Թել Ավիվի շահերը։

«Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ամրապնդել տարածաշրջանում, իսկ Իսրայելը փորձում է պաշտպանել իր շահերը և թույլ չտալ, որ իր անվտանգության համար վտանգներ ձևավորվեն»,- ասել է Առաքելյանը։

Փորձագետների գնահատմամբ՝ չնայած փոխադարձ կոշտ հայտարարություններին, այս փուլում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ ռազմական բախման հավանականությունը ցածր է։Նա նաև հավելել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև ընթացող կոշտ հռետորաբանության խորքում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություն է։  ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Թուրքիային պահել իրենց ռազմավարական հաշվարկների շրջանակում, մինչդեռ Անկարան փորձում է առավել շահեկան դիրք զբաղեցնել միջազգային քաղաքական դաշտում։