Չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, իրենց մասին ենք մտածում․ Գևորգ Պապոյանը՝  ՌԴ զանգելու և սահմանափակումները վերացնելու խնդրանքի մասին

Չենք ուզում ԵԱՏՄ-ն փլուզվի, ուզում ենք ԵԱՏՄ-ն մնա գործող կառույց․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները զանգահարել ՌԴ և խնդրել, որ վերացնեն սահմանափակումները։

«ԵԱՏՄ-ի մասին ենք մտածում, որովհետև ԵԱՏՄ-ն մեր կազմակերպությունն է»,-հավելեց Պապոյանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդվել էր, որ Փաշինյանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել էր միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

 

 

Ծառուկյանի կոնյակի կոմբինատը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը․ տեղեկացնում են Դատախազությունից։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30- ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:

Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  •  75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
  • 10 գույքի շուկայական արժեք:
  • 42 տրանսպորտային միջոց:
  • 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
  • Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Բնապահպանության տեսչական մարմինը ծառահատումների դեպքով ՔԿ հաղորդում է ներկայացրել

2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ․ տեղեկանում ենք ԲԸՏՄ-ից։

«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։  Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։

 

Netflix-ին դատի են տվել Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ չթողարկված ֆիլմի պատճենը կորցնելու համար

Netflix-ի դեմ 105 միլիոն դոլարի հայց է ներկայացվել․ ֆիլմարտադրությամբ զբաղվող Op-Fortitude ընկերությունը պնդում է, որ սթրիմինգային հարթակը կորցրել է Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ դեռևս չթողարկված «Fortitude» ֆիլմի կոշտ սկավառակը․ գրում է Euronews-ը։

Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված հայցում սցենարիստ և պրոդյուսեր Սայմոն Աֆրամը և նրա Op-Fortitude ընկերությունը մեղադրում են Netflix-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թրիլլերի վաճառքը վտանգելու համար։

The Hollywood Reporter-ը գրում է, որ ֆիլմի պատճենը եղել է այն մի քանի կոշտ սկավառակներից մեկում, որոնք անցյալ ամիս գողացվել են Netflix-ի՝ Լոս Անջելեսում գտնվող գրասենյակներից։

Սթրիմինգային հսկան հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։

Ռեժիսոր Սայմոն Ուեսթի «Fortitude» ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմության վրա․ այն պատմում է բրիտանական հետախուզության սպաների մասին, որոնք իրականացնում են ռազմավարական հատուկ գործողություններ՝ նացիստական ղեկավարությանը մոլորեցնելու համար։

 

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել ԵՄ՝ առանց մեր կանոնները հարգելու․ Ֆոն դեր Լայենը՝ միգրացիոն ճգնաժամի մասին

Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու․ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս մասին գրել է X սոցիալական հարթակում՝ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամին ի պատասխան։

«Սեուտայում տեղի ունեցողն անընդունելի է։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մուտք գործել Եվրամիություն՝ առանց մեր կանոնները հարգելու։ Վտանգավոր անցումները պետք է անհապաղ դադարեցվեն, մարդկանց թրաֆիքինգի ցանցերը պետք է ոչնչացվեն, և միգրանտների վերադարձը պետք է արագացվի մեր օրենքներին համապատասխան», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ հանձնարարել է երկու եվրահանձնակատարների միջոցներ ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։

Նրա խոսքով՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններն արդեն իսկ սերտորեն համագործակցում է Իսպանիայի հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում այցելել ճգնաժամային գոտիներ։ Նա նաև կաշխատի Իսպանիային լրացուցիչ օպերատիվ աջակցություն ցուցաբերել Frontex-ի միջոցով։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Միջերկրածովյան հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան կանոնավոր կապ է պահպանում մարոկկյան կողմի հետ։

«Ես վստահ եմ, որ Մարոկկոյի հետ մեր սերտ գործընկերությունը կտա կոնկրետ արդյունքներ»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի քան 49․000 միգրանտ փորձել է անօրինական մուտք գործել Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա։ Այնտեղ հասնելու ճանապարհին տասնյակ միգրանտներ զոհվել են։

 

ՀՀ-ն և Ադրբեջանը տրամադրված են խաղաղության․ ՔՊ անդամ Սոնա Ղազարյանը՝ Բաքվում կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի մասին

Երևանի պաշտոնական դիրքորոշումը բոլորին հայտնի է՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գնում են խաղաղության․ ՔՊ-ական Սոնա Ղազարյանն այսպես լրագրողներին մեկնաբանեց Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։

«Իսկ Դուք խնդիր համարո՞ւմ եք, որ նման խոսույթ կա»՝ հարցին նա պատասխանեց, որ երկու երկրները տրամադրված են աշխատել խաղաղության շուրջ։

Այսօր ավելի վաղ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրել էր, որ երեկ Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։

«Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։ Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։ Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին»,-գրել էր ադրբեջանագետը։

 

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում․ «Ազատություն»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը

Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։

«Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Մադրիդին «պատժելու» համար

ԱՄՆ-ն կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ որպես պատիժ Մադրիդի կողմից Իրանի դեմ գործողությունների ժամանակ ամերիկացիներին ռազմաբազաներ չտրամադրելու համար գրում է РИА Новости-ն՝  Handelsblatt թերթին հղումով, որն էլ հղում է անում Վաշինգտոնի աղբյուրներին։

«Արդեն հայտարարված ծրագրերից բացի՝ ԱՄՆ կառավարությունը կարող է Իսպանիայից դուրս բերել մոտ 2000 զինվորականի՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերակազմակերպման շրջանակում», – նշում է աղբյուրը։

Նման քայլը Սպիտակ տանը քննարկվում է որպես «պատժիչ ազդանշան» Իսպանիայի կառավարությանը, որը հրաժարվել էր թույլատրել ԱՄՆ զինվորականներին օգտագործել իր տարածքում գտնվող Ռոտա և Մորոն համատեղ ռազմաբազաներն Իրանի դեմ գործողությունների համար։

Նշվում է, որ Վաշինգտոնը քննարկում է իր զորակազմի դուրսբերումն Իսպանիայից՝ Գերմանիայից արդեն հայտարարված 5000 զինվորականների դուրսբերումից բացի։

ԱՄՆ կառավարության կողմից այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի եղել։

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»․Մեդվեդև

Ռուսաստանը պետք է ակտիվորեն պաշտպանվի արևմտյան պատժամիջոցներից, այլ ոչ թե «նստի խրամատում»հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը խորհրդակցություն է անցկացրել ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ։

Եվրախորհրդարանի պատգամավորներն Ինֆանտինոյից պարզաբանումներ են պահանջում՝ ՖԻՖԱ-ի մասնավոր ներդրումային ծրագրի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ կապված Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ նրա վիճահարույց ծրագրի հետ գրում է Euronews-ը։

Ծրագիրը ֆուտբոլային աշխարհում բուռն քննադատության է արժանացել, իսկ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաները սպառնացել են բոյկոտել Աշխարհի առաջնության հաջորդ մրցաշարը։

Euronews-ը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների շրջանում շրջանառվում է նամակի նախագիծ, որով պատրաստվում են Ինֆանտինոյին հրավիրել լսումների՝ անձամբ պատասխանելու օրենսդիրների հարցերին՝ «թափանցիկության և ժողովրդավարական հաշվետվողականության այն սկզբունքների շրջանակում, որոնք ՖԻՖԱ-ն ինքն է հրապարակայնորեն պաշտպանում»։

Հիշեցնենք, որ Ինֆանտինոյի ավագ խորհրդական Կառլոս Կորդեյրոն հրաժարական է տվել՝ մասնավոր ներդրումային ծրագրին արդեն իսկ երրորդ՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) դեմ արտահայտվելուց ժամեր անց։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից առաջ ծրագրին դեմ էին արտահայտվել ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) և ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա):