Հուսիները հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի 2 միջազգային օդանավակայանի վրա

Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով 3 մարդ է վիրավորվել․ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

«2026 թվականի հոկտեմբերի 5-ի երեկոյան Աբդուլազիզ թագավորի և Նաջրանի միջազգային օդանավակայանները ենթարկվել են հարվածների», – նշվում է հայտարարությունում։

Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Վարչությունն՝ այլ գործակալությունների հետ համակարգված, գնահատում է վնասը և միջոցներ է ձեռնարկում թռիչքների և ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։

Հոկտեմբերի 5-ին հուսիները բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի, Աբհա օդանավակայանի և Ռաբհայի Aramco ընկերության նավթավերամշակման գործարանի վրա։

Այս աշնանն «Անսար Ալլահ» (հուսիական) շարժման ներկայացուցիչները հարձակում են սկսել և գրավել Եմենի կարմիրծովյան ափամերձ գիծը և Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։ Վերջինս հանգեցրել է Եմենի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի միջև զինված հակամարտության սրմանը։

Իրանի խորհրդարանում Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ է գրանցվել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու մասին օրինագիծ է գրանցվել խորհրդարանում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։

Նա նշել է, որ խորհրդարանի անդամներից մեկը գրանցել է նախարարի դեմ անվստահության գործընթաց սկսելու մասին օրինագիծը, սակայն հարցը դեռևս չի ներկայացվել նախագահությանը։

Արաղչին մեղադրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չարտոնված բանակցություններ վարելու համար։

 

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

1991-ից սկսած՝ մշտապես եղել են դեպքեր, որ երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողներն այս կամ այն հանգամանքներում անցել են մյուս կողմ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Շաքիում միջադեպը, ասաց ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ։ Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ  հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

 

Բուլղարիայի ափերի մոտ 2 նավ է հարձակման ենթարկվել, Ռումեն Ռադևը խորհրդակցություն է հրավիրել

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը դատապարտել է Սև ծովում երկու առևտրային նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը, որի հետևանքով դրանցից մեկը խորտակվել է:

Ռադևը դեպքը որակել է որպես «ծովային իրավունքի կոպիտ խախտում»․ հայտնում է Euronews-ը։

«Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում նման հարձակումը բացարձակապես անընդունելի է», – նշել է նա՝ հարվածների վերաբերյալ արտահերթ խորհրդակցության մեկնարկին։

Ռադևի խոսքով՝ ծովային և օդային անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավերին տեղական ժամանակով առավոտյան ժամը 3-ի սահմաններում՝ Բյալա քաղաքից մոտ 70 ծովային մղոն դեպի արևելք։ Նա չի նշել, թե ով է կանգնած հարձակման հետևում։

 

Ի վերջո, սա Ազգային ժողով է, և այստեղ նման բաները վատ ազդակ են բանակին ու հասարակությանը․ Արամ Վարդևանյան

Գոյություն ունի «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որը հստակ ասում է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություն չպետք է հնչի։ Ի վերջո, սա Ազգային ժողով է, ներկայացուցչական մարմին է․ այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած բախմանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

ԱԺ-ում, ըստ նրա, նման բառամթերք չպետք է լինի։ Դա, ըստ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի, ազդում է բանակի ու հասարակության վրա։

«Մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում բանակում ծայրահեղ անհանգստացնող դեպքեր, երբ տեսնում ենք կանոնադրական հարաբերություններից դուրս իրավիճակ, որն էլ հանգեցնում է մահվան դեպքերի։ Այս ամենը պայմանավորված է լինում ոչ հարիր բարքերով։ Եթե ԱԺ–ն է նման ազդակ տալիս, բնական է, չէ՞, թե ինչ աստիճան տարածում կստանան»,– նշեց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք․ այսօր խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում ծեծկռտուք սկսվեց։ Ազգային ժողովի օրակարգում «Եկեղեցու հարցով» հանձնաժողովի ստեղծումն էր, հեղինակը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի՝ տեղից արած ռեպլիկը, և պատգմավորներն անցան հարցերը ձեռքերով ու գոռոցներով «պարզելու» մեթոդին։ Քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվեց նաև դահլիճից դուրս՝ միջանցքում։

 

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին

Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու օգտին:

Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն, որը նախատեսվում է իրականացնել 3 ամսից:

Լիագումար նիստում 106 անդամ քվեարկել է երկրում միջուկային զենքի տեղակայումն արգելող սահմանադրական հոդվածը չեղյալ համարելու օգտին, 6-ը ձեռնպահ է մնացել, իսկ 18-ը՝ դեմ․ հայտնում է ТАСС-ը:

«Միջուկային զենքի տեղակայման արգելքի չեղարկումը վերացնում է իրավական անվտանգության սահմանափակումները, որոնք մեզ տարբերակում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից», – հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը:

Սեյմի բանաձևը սահմանում է, որ Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումն արգելող 137-րդ հոդվածը կհեռացվի Սահմանադրությունից: Նույն հոդվածն արգելում է օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը:

Վիլնյուսն այժմ ձգտում է, որ ԱՄՆ-ն նման բազա տեղակայի: Սեյմը պետք է երկու անգամ քվեարկի սահմանադրական փոփոխության վերաբերյալ՝ քվեարկությունների միջև եռամսյա ընդմիջումով: Կրկնակի քվեարկությունը նախատեսված է հունվարի 12-ին:

 

Եվրոպան հովանավորում է Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները․ Զախարովա

Կիևը նպատակաուղղված կերպով շարունակում է միջուկային վթարի լրջագույն սպառնալիքներ ստեղծել՝ հարձակվելով ռուսական ԶԱԷԿ-ի (Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի) վրա․ ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է ТАСС-ը։

Ըստ Մարիա Զախարովայի՝ Ուկրաինան ակտիվացրել է հարվածները՝ Արևմուտքի պատշաճ արձագանքի բացակայության հետևանքով։

«Եվրոպան հովանավորում է նոր հարձակումները»,- նշել է նա։

Պաշտոնական Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ղեկավարությանը կոչ է արել վճռականորեն դատապարտել Կիևի և նրա հովանավորների հանցավոր գործողությունները ԶԱԷԿ-ի նկատմամբ։

 

 

ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին դադարեցնել ռուսական գազի ներմուծումը․ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

Նա նշել է, որ չորս տարի առաջ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել ԵՄ-ին էներգետիկ ոլորտում։

«Չորս տարի առաջ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել մեզ։ Այդ ժամանակ մեր գազի ներմուծման 45%-ը գալիս էր Ռուսաստանից։ Գրեթե մեկ գիշերվա ընթացքում այդ ներմուծման մեծ մասը դադարեց։ Այնուամենայնիվ, Եվրոպան մնաց միասնական և այս իրավիճակից դուրս եկավ ավելի ուժեղ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ը դիվերսիֆիկացրել է իր գազի մատակարարումները և զգալիորեն արագացրել է մաքուր էներգիայի ոլորտում ներդրումները։

«Այսօր մեր ներմուծման մեջ ռուսական գազի բաժինը 45%-ից նվազել է մինչև 12%։ Մինչև հաջորդ տարվա ավարտը մենք այն կնվազեցնենք՝ հասցնելով զրոյի», – ընդգծել է նա։

Նշենք, որ 2026 թվականի սկզբին ԵՄ-ն ընդունել է կանոնակարգեր, որոնք նախատեսում են ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցում։ ԵՄ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել մինչև 2026 թվականի վերջը, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը նախատեսվում է դադարեցնել ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբերի 30-ը։
https://www.eurointegration.com.ua/rus/news/2026/10/6/7247029/

 

Լոս Անջելեսի ոչնչացումը շատ փոքր գին կլինի Իրանի դեմ պատերազմում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոս Անջելեսը և Սան Դիեգոն կարող են ոչնչացվել, եթե Իրանի հետ հակամարտությունը սրվի։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը այս հարցը բարձրացրել է Նեբրասկայում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Թող նրանք ոչնչացնեն Լոս Անջելեսը և Սան Դիեգոն։ Դա շատ փոքր գին կլինի, որը մենք ստիպված կլինենք վճարել աշխարհն ու մեր երկիրը անվտանգ պահելու համար», – նշել է Թրամփը՝ մեջբերելով այն սցենարը, որի դեպքում՝ Իրանը կարող է հարձակվել ամերիկյան քաղաքների վրա։

Թրամփն ընդգծել է, որ պատերազմն, ըստ էության, ավարտվել է, բայց կարող է շարունակվել որոշ ժամանակ։

Իսպանիայի ընտրությունները սպառնում են խախտել Բրյուսելի քաղաքական հավասարակշռությունը․ Politico

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցության հնարավոր պարտությունն Իսպանիայում կայանալիք արտահերթ ընտրություններում կարող է հանգեցնել Բրյուսելում ուժերի անհավասարակշռության։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական գործչի խոսքով՝ Սանչեսը նպաստել է եվրոպական առաջնորդների մակարդակով որոշումների հավասարակշռմանը, և նրա բացակայությունը կխաթարի սոցիալ-դեմոկրատների, լիբերալների և կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) միջև «ոչ պաշտոնական դաշինքը»։

Նշվում է, որ առանց ուժեղ սոցիալ-դեմոկրատի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ստիպված կլինի զիջումների գնալ և մերձենալ աջակողմյան ուժերի հետ։

Միևնույն ժամանակ՝ մեկ այլ անանուն պատգամավոր կարծում է, որ սոցիալիստները չեն հրաժարվի ֆոն դեր Լայենին աջակցելուց, նույնիսկ եթե Սանչեսի կուսակցությունը պարտվի՝ նման սցենարն անվանելով «անհավանական»։ Ավելին՝ Իսպանիայում քաղաքական անկայունությունը «վտանգում է հետաձգել» ԵՄ բազմամյա բյուջեի ընդունումը։

Ըստ աղբյուրների՝ նոյեմբերի 29-ի ընտրությունները կլինեն «ուշադրությունը շեղող» և չեն դառնա «խթան փոխզիջման որոնման համար»։

Հոկտեմբերի 5-ին Սանչեսը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին։ Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է կառավարության կողմից հոկտեմբերի 2-ին հաստատված  բնակարանային  հարցին առնչվող երկու որոշումները: Նախարարների խորհուրդը որոշումները հաստատել էր սեպտեմբերի 29-ին՝ ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասարակական դժգոհության աճի ֆոնին: