Երևանի սոսիները հիվա՞նդ են, թե՞ ծերացած. ծառերին «երիտասարդացում» է սպասվում

Երևանի կենտրոնում սոսիների տերևներին նկատվող սպիտակ շերտը՝ ալրացողը, նոր քննարկման առիթ է դարձել։ Ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը ահազանգում է Երևանի հասուն ծառերի խնամքի և պաշտպանության խնդիրների մասին՝ նշելով նաև կաղնիների, թեղիների և այլ ծառատեսակների հիվանդություններն ու վնասատուները

։«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը հակադարձում է՝ ալրացողը Մաշտոցի պողոտայի սոսիների հիմնական խնդիրը չէ։ Կառույցի գնահատմամբ՝ տարիներով քաղաքի պատկերի մաս դարձած հասուն սոսիները ընդհանուր վիճակի պատճառով երիտասարդացման կարիք ունեն։ Ի՞նչ վիճակում են Երևանի ծառերը, որքանո՞վ է արդյունավետ դրանց խնամքն ու բուժումը, և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաշտոցի պողոտայի սոսիներին։

https://www.youtube.com/watch?v=hFygYIat3Bk

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ խաղաղապահ գործողությունների գծով հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արյեհ Լայթսթոունին։

Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նշվել է, որ TRIPP նախագիծը զգալի ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման գործում՝ ստեղծելով տարածաշրջանային ավելի լայն տարանցիկ հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Բայրամով ներկայացրել է «Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու, ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար»։ Նա նաև փոխանցել է Ադրբեջանի դիրքորոշումը։

 

 

 

 

Ֆրանսիայում թանգարանից գողացել են «Հայտնության գրքի» 150 կիլոգրամանոց կազմը․ այն ստեղծել էր Սալվադոր Դալին

Ֆրանսիական Իսուար քաղաքի թանգարանից գողացել են Ժոզեֆ Ֆորեի «Հայտնության գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել էր Սալվադոր Դալին։

Ոստիկանությունն առայժմ չի կարողանում բացատրել, թե ինչպես է կողոպտիչներին հաջողվել աննկատ դուրս բերել այդքան ծանր իրը։ Կազմը կշռում է մոտ 150 կիլոգրամ, իսկ ամբողջ գիրքը՝ 210 կիլոգրամ։

«Հայտնության գիրքը» ստեղծվել է 1960 թվականին՝ Հովհաննես Առաքյալի Հայտնության (Ապոկալիպսիսի) մոտիվներով։ Գրքի վրա աշխատել է 14 նկարիչ ու գրող, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն և Ժան Ժիոնոն։

Գիրքը ներառում է ոչխարի կաշվից պատրաստված 150 մեծ թերթ։ Բրոնզե կազմը զարդարված է ոսկով և թանկարժեք քարերով։ Ստեղծման պահին «Հայտնությունն» աշխարհի ամենածանր և ամենաթանկ գիրքն էր։ Դրա արժեքը գնահատվում էր 2 միլիոն ֆրանկ։

 

 

ԱՄՆ-ն կենտրոնացած է ուկրաինական հակամարտության դադարեցման վրա․ Ռուբիո

Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործում․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կենտրոնացած է ուկրաինական հակամարտության դադարեցման վրա։

Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն օրակարգում չէ։

 

 

Ուկրաինան ներողություն է խնդրել հյուսիսկորեացի ռազմագերիներին Հրվ․ Կորեային հանձնելու լուրը բացահայտելու համար

Ուկրաինան Հարավային Կորեայից ներողություն է խնդրել Սեուլին հյուսիսկորեացի երկու ռազմագերիների փոխանցման մասին տեղեկատվության հրապարակման համար, սակայն Կորեան դա բավարար չի համարում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Չո Հենը․ գրում է meduza.io-ն։

«Ես այս հարցով մշտական կապի մեջ եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ, և նա ասում էր, թե որքան բարդ է իրավիճակը։ Իմ ստացած հաղորդագրությունները ներողություն էին պարունակում։ Սակայն դրանց մակարդակը չի համապատասխանում մեր սպասումներին, ուստի մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել», -հայտարարել է Չոն։

Նա նշել է, որ ներկայում Հարավային Կորեայի կառավարությունը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Կիևից դեսպանի հետկանչ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պատմել էր, որ Ուկրաինան Հարավային Կորեային է փոխանցել երկու հյուսիսկորեացու, որոնք գերի էին վերցվել 2025 թվականի սկզբին։ Սեուլը Կիևից ներողություն էր պահանջել այս տեղեկատվության բացահայտման համար. Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ պայմանավորվել էին այն գաղտնի պահել, ընդ որում՝ այդ պայմանավորվածության նախաձեռնողը հենց Ուկրաինան է եղել։

 

 

Հուսիները հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի 2 միջազգային օդանավակայանի վրա

Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով 3 մարդ է վիրավորվել․ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

«2026 թվականի հոկտեմբերի 5-ի երեկոյան Աբդուլազիզ թագավորի և Նաջրանի միջազգային օդանավակայանները ենթարկվել են հարվածների», – նշվում է հայտարարությունում։

Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Վարչությունն՝ այլ գործակալությունների հետ համակարգված, գնահատում է վնասը և միջոցներ է ձեռնարկում թռիչքների և ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։

Հոկտեմբերի 5-ին հուսիները բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի, Աբհա օդանավակայանի և Ռաբհայի Aramco ընկերության նավթավերամշակման գործարանի վրա։

Այս աշնանն «Անսար Ալլահ» (հուսիական) շարժման ներկայացուցիչները հարձակում են սկսել և գրավել Եմենի կարմիրծովյան ափամերձ գիծը և Բաբ էլ-Մանդեբ նեղուցը։ Վերջինս հանգեցրել է Եմենի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի միջև զինված հակամարտության սրմանը։

Իրանի խորհրդարանում Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ է գրանցվել

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու մասին օրինագիծ է գրանցվել խորհրդարանում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին։

Նա նշել է, որ խորհրդարանի անդամներից մեկը գրանցել է նախարարի դեմ անվստահության գործընթաց սկսելու մասին օրինագիծը, սակայն հարցը դեռևս չի ներկայացվել նախագահությանը։

Արաղչին մեղադրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար Նյու Յորք կատարած այցի ընթացքում միջնորդների միջոցով ամերիկյան կողմի հետ չարտոնված բանակցություններ վարելու համար։

 

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

1991-ից սկսած՝ մշտապես եղել են դեպքեր, որ երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողներն այս կամ այն հանգամանքներում անցել են մյուս կողմ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Շաքիում միջադեպը, ասաց ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ։ Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ  հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

 

Բուլղարիայի ափերի մոտ 2 նավ է հարձակման ենթարկվել, Ռումեն Ռադևը խորհրդակցություն է հրավիրել

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը դատապարտել է Սև ծովում երկու առևտրային նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը, որի հետևանքով դրանցից մեկը խորտակվել է:

Ռադևը դեպքը որակել է որպես «ծովային իրավունքի կոպիտ խախտում»․ հայտնում է Euronews-ը։

«Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում նման հարձակումը բացարձակապես անընդունելի է», – նշել է նա՝ հարվածների վերաբերյալ արտահերթ խորհրդակցության մեկնարկին։

Ռադևի խոսքով՝ ծովային և օդային անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավերին տեղական ժամանակով առավոտյան ժամը 3-ի սահմաններում՝ Բյալա քաղաքից մոտ 70 ծովային մղոն դեպի արևելք։ Նա չի նշել, թե ով է կանգնած հարձակման հետևում։

 

Ի վերջո, սա Ազգային ժողով է, և այստեղ նման բաները վատ ազդակ են բանակին ու հասարակությանը․ Արամ Վարդևանյան

Գոյություն ունի «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, որը հստակ ասում է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություն չպետք է հնչի։ Ի վերջո, սա Ազգային ժողով է, ներկայացուցչական մարմին է․ այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած բախմանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

ԱԺ-ում, ըստ նրա, նման բառամթերք չպետք է լինի։ Դա, ըստ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի, ազդում է բանակի ու հասարակության վրա։

«Մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում բանակում ծայրահեղ անհանգստացնող դեպքեր, երբ տեսնում ենք կանոնադրական հարաբերություններից դուրս իրավիճակ, որն էլ հանգեցնում է մահվան դեպքերի։ Այս ամենը պայմանավորված է լինում ոչ հարիր բարքերով։ Եթե ԱԺ–ն է նման ազդակ տալիս, բնական է, չէ՞, թե ինչ աստիճան տարածում կստանան»,– նշեց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք․ այսօր խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում ծեծկռտուք սկսվեց։ Ազգային ժողովի օրակարգում «Եկեղեցու հարցով» հանձնաժողովի ստեղծումն էր, հեղինակը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի՝ տեղից արած ռեպլիկը, և պատգմավորներն անցան հարցերը ձեռքերով ու գոռոցներով «պարզելու» մեթոդին։ Քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվեց նաև դահլիճից դուրս՝ միջանցքում։