Հայաստանն ու Ադրբեջանն առաջադրել են Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի․ Ալիև

Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջխաղացման գործում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում, որը նա հյուրընկալել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X սոցիալական հարթակում։

«Խաղաղության գործընթացում նրա կարևոր ներդրման համար, իմ նախաձեռնությամբ, Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են նախագահ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար, պատշաճ կերպով կգնահատվեն այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի վերաբերյալ որոշում կայացնելիս», – գրել է Ալիևը։

 

Դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի․ հայտնում  է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Այսօր խոսքը գոյատևման մասին է․ Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է այն բնակիչներին, որոնք ուկրաինական մայրաքաղաքից դուրս ընկերներ կամ հարազատներ ունեն, դիտարկել քաղաքից ժամանակավորապես հեռանալու հնարավորությունը․ այս մասին նա հայտնել է AFP-ին տված հարցազրույցում։

«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և զոհերի մասին. մեր քաղաքի հրետակոծություններն ուժգնանում են։ Այսօր խոսքը գոյատևման մասին է»,- հայտարարել է քաղաքապետը։

Նա ընդգծել է, որ երբեք կոչ չի անի քաղաքի ամբողջական տարհանման։

«Դա է Պուտինի նպատակը։ Նրա համար լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և նրան հանձնենք մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը»,- ասել է Կլիչկոն։

Կիևի քաղաքապետը նաև հայտնել է, որ ձմռանն ընդառաջ Կիևը պատրաստում է ջեռուցման պահուստային համակարգեր և կուտակում է վառելիքի, սննդի ու խմելու ջրի պաշարներ։ Այնուամենայնիվ, նույնիսկ պատշաճ պատրաստվածությունը չի բացառում վատ սցենարը, եթե հակաօդային պաշտպանությունը չկարողանա հետ մղել հարձակումները, հավելել է նա։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիաս են ժամանել նախկին «Անիվ» հիմնադրամի, այժմ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները՝ ծանոթանալու Սուրբ Աթոռի ծավալուն գործունեությանը և ծանոթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագրերին:

«Արդարեւ, 2026 Հոկտեմբեր 1-8-ի ժամանակամիջոցին, հայ մշակոյթի եւ սրբոց թարգմանչաց յիշատակի ամսուան առաջին նախաձեռնութիւնը տեղի ունեցաւ Անթիլիասի մէջ, երբ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պաշտօնական առաջին այցելութեամբ, բաղկացած տիարք Արմէն Խեչոյեանէ, Արթուր Սողոմոնեանէ, Ռուբէն Աթոյեանէ եւ տիկին Գոհար Աւագեանէ ժամանեցին ու հիւրընկալուեցան Կաթողիկոսարանէս ներս:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ ունեցան երկու հանդիպում, ուր լսեցին Հայրապետին լայն փորձառութեամբ լեցուն միտքերն ու պատկերացումները, քննարկուեցան գործակցութեանց ոլորտները եւ ստացան անոր օրհնութիւնը:

Մեր յարգելի հիւրերը վայելեցին Մայրավանքիս բարիքները, ստացան Կաթողիկոսարանիս հրատարակութիւններէն, «Կիլիկիա» Մատենադարանի ընդհանուր պատասխանատու Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսեանի առաջնորդութեամբ նախ շրջայց կատարեցին Մայր Տաճար, Ապրիլեան Նահատակաց Յուշարձան, Գանձատուն, «Կիլիկիա» Մատենադարան, «Կիլիկիա» Թանգարան, Արխիւատուն, Միջ-Եկեղեցական, Տեղեկատուական, Քրիստոնէական Դաստիարակութիւն, նորակառոյց Պէզիքեան կեդրոն: Տեսակցեցան Կաթողիկոսրանիս բաժանմունքներու պատասխանատուներուն հետ: Յաջորդաբար այցելեցին Թռչնոց Բոյն եւ Հայոց Ցեղասպանութեան Որբերու «Արամ Պէզիքեան» Թանգարան, Ազունիէի Հայ Ազգային Բուժարան, Այնճար, Լէյլաւան եւ «Խորէն Ա.» կեդրոն, Սուրբ Նշան մայր եկեղեցի, Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան, յատուկ հանդիպում ունեցան Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Փանոսեանի հետ, Ազգային Միացեալ Վարժարան՝ տնօրէնութիւն եւ աշակերտներ, Այնթուրա՝ հայ որբանոցի հետքերով, Սուրբ Աստուածածին Վանք՝ Պիքֆայա եւ Դպրեվանք՝ տեսչութիւն եւ ուսանողութիւն:Մեկնելէ առաջ պատուիրակութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սուրբ Օծութեան, միաժամանակ իր հիացումն ու գնահատանքը արտայայտեց այն հսկայ մշակութային ու կրթական առաքելութեան համար, որ կազմակերպ ու հետեւողական կերպով կը կատարուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ:

«Նարեկացի» ինստիտուտի պատասխանատուները իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին գործակցելու Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ հայագիտութեան հետ աղերս ունեցող զանազան մարզերէ ներս»,– ասվում է հաղորդագրությունում:

«Գոռացել եմ, որ մատս մնացել է»․ ինչո՞ւ չի լսել 33 համարի ավտոբուսի վարորդը

33 համարի ավտոբուսի ուղևոր Արամ Այվազյանի խոսքով՝ ավտոբուսի դուռը փակվել է իր մատի վրա, ինչի հետևանքով ցուցամատը վնասվել է։ Նա վիրահատվել է և չի կարողանում աշխատանքի գնալ։ Քաղաքացին պնդում է, որ դեպքից հետո փորձել է խնդիրը կարգավորել, սակայն փոխհատուցում ստանալու հարցը մինչ այժմ չի լուծվել։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են, որ դեպքի պահին վարորդը ուղևորի վնասվածքի մասին տեղյակ չի եղել, իսկ բժշկական և այլ ծախսերի փոխհատուցումը կարգավորվում է ապահովագրական ընթացակարգով։ Ինչո՞ւ 33 համարի ավտոբուսում տեսախցիկ չկա, ինչպե՞ս է արձանագրվել դեպքը և ի՞նչ պետք է անի վնասվածք ստացած ուղևորը։

 

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ. հայտնում են ԱԳՄԱ-ից։

«Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն կարող է մոտ 100 հազար ուկրաինացի փախստականի զրկել երկրում մնալու իրավունքից

Վաշինգտոնի վարչակազմը կարող է մոտ 100 հազար ուկրաինացի փախստականների զրկել ԱՄՆ-ում հետագա գտնվելու իրավունքից․ գրում է Politico-ն։

Ինչպես նշվում է նյութում, վարչակազմը մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ ունի՝ ԱՄՆ-ում գտնվող 100 հազար ուկրաինացիներին ժամանակավորապես պաշտպանվող անձանց կարգավիճակ տրամադրումը երկարաձգելու կամ չեղարկելու համար։ Այն չեղարկելու դեպքում նրանք ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը։

Հրատարակության աղբյուրների խոսքով՝ վարչակազմը կարող է որոշել չերկարաձգել այդ թույլտվությունը։ Մասնավորապես, այն կարող է «թույլ տալ, որ այդ կարգավիճակի ժամկետը լրանա՝ առանց այն պաշտոնապես չեղարկելու, և այդ դեպքում այն ինքնաբերաբար կերկարաձգվի վեց ամսով»։ Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները նախկինում նույն կերպ են վարվել Սալվադորից ժամանած փախստականների նկատմամբ, և նրանք իրավական տեսանկյունից հայտնվել են «անորոշ վիճակում», քանի որ պահպանել են ԱՄՆ-ում գտնվելու հնարավորությունը, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք իրավունք ունեն այդ երկրում աշխատելու և սովորելու։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները․ «Monument Watch»

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին․ «Monument Watch»-ը ահազանգում է․

«Ադրագիտպրոպն այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Գանձասարի վանքի գավթում գտնվող Ջալալ Մեծի (ապրել է 15-րդ դարում) տապանաքարը (նկ. 1) անգրագիտաբար ներկայացնում են որպես Հասան Ջալալ Դոլայի (ապրել է 13-րդ դարում) տապանաքար:

Նախ, տապանաքարի ծավալային և քանդակային լուծումների մասին: Այն հարթ սալ է, ինչպես որ որպես կանոն լինում են գավիթ-տապանատան տապանաքարերը: Պատրաստված է մարմարացված կրաքարից, որն Արցախի կրաքարի հանքերում խիստ եզակի է հանդիպում: Եթե սովորական կրաքարից պատրաստված կոթողները, որոնք կազմում են Արցախի կոթողային հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը, հաճախ քայքայվում և կորցնում են հորիվածքների հստակությունը, մարմարացված կրաքարը շատ լավ է պահպանում նախնական քանդակը, ինչը և տեսնում ենք մեր տապանաքարում: Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է եռատվել իշխանի տապանաքարը: Ս. Բարխուդարյանը հավանական է համարել, որ դա արել են գանձախույզները (ԴՀՎ 5, 64):

Տապանաքարի հորինվածքը կատարման վարպետությամբ և հստակությամբ կարելի է արվեստի լուրջ գործ համարել: Երեք վարդյակները, որ շրջանը համամասն բաժանելու և այն տարբեր լուսային մոտիվներով հագեցնելու կատարյալ օրինակներ են, ներկայացնում են հայ քրիստոնեական քանդակում լայնորեն տարածված երեք լուսատուներից՝ Արև, Լուսին, Աստղն առավոտի (նկ. 2-4), բաղկացած հորինվածքը, որը խորհրդանշում է Երկրորդ Գալուստը (և դրանով իսկ հանգուցյալների հոգու փրկությունը): Այն տարակերպ մանրամասներով Հայաստանում լայնորեն տարածված էր դեռևս 5-7-րդ դարերում: Սկզբնապես դրանք պատկերվում էին եկեղեցիների բարավորների ու պատուհանների պսակների վրա, ուղղակի պատերին: 9-րդ դարից դրանք դառնում են խաչքարային հորինվածքի էական բաղադրիչներից մեկը 12-13-րդ դարերից սկսած՝ հայտնվում նաև տապանաքարերի վրա (նկ. 5-8, Պետրոսյան 2008, 363-366):

Տապանաքարի արձանագրությունը հայտնում է. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»: Այսինքն, այն որևէ առնչություն չունի 1261 թ. եղերական մահով սպանված Հասան Ջալալ Դոլայի հետ: Ջալալ Մեծը նրա ժառանգներից է, ապրել է 15-րդ դարում, նա Ջալալ Մեծ է կոչվում և Մեծարանից սուրբ Հակոբավանքի արձանագրություններից մեկում, որ փորագրվել է նրա որդի՝ Հովհաննես կաթողիկոսի կողմից (ԴՀՎ 5, 18): Նկատենք, որ խաչքարային և տապանաքարային արձանագրության մեջ մահվան թվականի հիշատակումն անունից հետո երկրորդ կարևոր հաղորդումն է, քանի որ ըստ միջնադարյան հայ քրսիտոսաբանական պատկերացումների մահվան թիվն էական է Ժամանակների վերջում հավատացյալի ինքնության հավաստման համար: Թեև Գանձակեցին հստակ հաղորդում է Գանձասարում Հասան Ջալալ Դոլայի մարմինն ամփոփելու մասին («Իսկ զմարմին երանելի առնն… գողացեալ հաւատարմացն իւրոց, և որդւոյ նորա Աթաբակին, բերեալ ամփոփեցին ի գերեզմանատան հարց իւրոց ի Գանձասար, զոր ինքն իսկ շինեաց», Գանձակեցի 1961, 391), վանքում նրա տապանաքարը չկա: Նույնիսկ հետագայում՝ նրա շիրիմին տապանաքար դնելու դեպքում, արձանագրությունում պիտի փորագրվեր նրա մահվան թվականը: Իհարկե այս ամենը չգիտեն ադրագիտպրոպի ներկայացուցիչները, նրանց հիմնական նպատակը հայտարարելն է, թե այդ ամենն աղվանական է: Փաստերը, մասնագիտական գիտելիքը, տարրական բարեվարքությունը այս մարդկանց համար կարևոր չեն:

Այսպիսով, Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցվում է կեղծ ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը»։

Սահմանախախտը՝ «մոլորված»․ իշխանության գնահատականների գինը

Ադրբեջանցի զինծառայողը զինված հայտնվում է Հայաստանի տարածքում, կրակոցներ են հնչում, իսկ իշխանությունն ասում է «մոլորված զինվոր» է։ Ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը, և ո՞ւր կարող է տանել սահմանախախտի գործողությունը մեղմացնելու քաղաքականությունը։ Սա պարզապես մեկ միջադե՞պ է, թե՞ վտանգավոր նախադեպ՝ Հայաստանի անվտանգության համար։ Ինչո՞ւ պաշտոնական Երևանի գնահատականները չեն համընկնում տեղի ունեցածի ծանրության հետ, և ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները։

 

Այս հակամարտության ընթացքում մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը՝ Զելենսկիին

Այսօր մենք հայտարարում ենք նոր պատժամիջոցների մասին՝ ուղղված Պուտինի պատերազմական մեքենայի, «ստվերային նավատորմի», նավթային ընկերությունների, կրիպտոակտիվների և պատերազմի ֆինանսավորման դեմ․ հայտարարել է Ուկրաինա այցելած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը, որը Վլադիմիր Զելենսկիի հետ այսօր այցելել է Չեռնիգովի մարզում գտնվող Պրիլուկի քաղաք։

«Այս հակամարտության ընթացքում մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք։ Եվ մենք ձեր կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է բրիտանացի նախարարը Զելենսկիին։

Միլիբենդը նաև լուսանկար է հրապարակել X սոցցանցում, որտեղ երևում է, թե ինչպես են ինքն ու Զելենսկին շփվում մամուլի հետ՝ ավերված տան ֆոնին, որտեղ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էր 22 մարդ։

«Վայրագ տեռորիստական պատերազմի հետևանքով, որը Պուտինը մղում է ուկրաինացի ժողովրդի դեմ, այնտեղ զոհվել է 22 անմեղ մարդ, նրանց թվում, ցավոք, 5 երեխա։ Իմ ուղերձը հստակ էր՝ մենք կաջակցենք Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- հավաստիացրել է բրիտանացի նախարարը։