Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։

«Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։

Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով։

Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս, և´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։

Ինչ եմ տեսնում ես հիմա՝ այդ հայացքով

Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ՝ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։

Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։

Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։

Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել։

Հիմա ի՞նչ ենք անելու, որ մեր փոքր Հայաստանը չմտնի խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Սա է այսօրվա համապետական ամենաիրական օրակարգը։

Ես չգիտեմ՝ այս խորհրդարանը ինչքան կաշխատի, տարբեր վարկածներ եմ լսում, բայց քանի դեռ կա իմ քաղաքական ուժը, ես՝ որպես ղեկավար, և իմ գործընկերների նեղ թիմը, որոնց հետ միշտ քննարկում ենք նման հարցերը, մենք այս գիծն ենք տանելու. Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար։

Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի։ Վնասները կրելու են բոլորը, առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան»,- նշել է Ծառուկյանը։

Ուժայինները խուզարկություն են իրականացնում Նարեկ Կարապետյանի առանձնատանը

Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են իրականացնում․ ABC Media-ին հաստատեց լուրը Մարիաննա Ղահրամանյանը։

Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են։

 

Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան

Հուլիսի սկզբից Եվրամիության երկրներում բնական հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը կտրուկ աճել է և մոտենում է կես միլիոն հեկտարի սահմանագծին ըստ Եվրոպական Կոպեռնիկուս կլիմայական մոնիթորինգի ծառայության տվյալների․ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթվա դրությամբ տարվա սկզբից այրված տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 434,9 հազար հեկտարի։ Համեմատության համար՝ հուլիսի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 126,8 հազար հեկտար։

Հրդեհներն ուղեկցվել են նաև ածխաթթու գազի (CO₂) արտանետումների ռեկորդային ծավալներով․ միայն հուլիսի 22–29-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մթնոլորտ է արտանետվել շուրջ 9 մեգատոննա CO₂։

Բացի այդ, հուլիսի 15–22-ն ընկած շաբաթը վերջին 20 տարվա դիտարկումների ընթացքում դարձել է ամենակործանարարը։ Այդ ժամանակահատվածում առաջին անգամ այրված տարածքների մակերեսը գերազանցել է 187,8 հազար հեկտարը, իսկ առանձին հրդեհների թիվը հասել է 173-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ առավելագույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 103,4 հազար հեկտար և 124 հրդեհ։

Եվրոպան ներկայումս ապրում է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկը։ Ամենից շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարել է, որ երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր բախվել է բնական հրդեհների ամենամեծ թվին։

Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես հայտնել է, որ 2026 թվականի սկզբից անտառային հրդեհները Իսպանիայում ոչնչացրել են շուրջ 150 հազար հեկտար տարածք, իսկ դրանց զոհ է դարձել 13 մարդ»,- հայտնել է նա։

Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր

Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը  վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2026 թվականին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և VII դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Տեսչականից հայտնում են՝ դասաժամին սովորողը (կոշիկի քուղերը կապելու պատրվակով) մտել է նստարանի տակ և չի ենթարկվել դուրս գալու պահանջին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քր. օր. 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 247-րդ հոդվածի 1-ին մաս)։

Այս դեպքի առնչությամբ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ուժեղացնել հոգեբանական, մեթոդական և կանխարգելիչ աշխատանքները։

Կազմակերպվել է արտահերթ համադպրոցական ծնողական ժողով և աշակերտական խորհրդի ընդհանուր ժողով։

ՀՀ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանի կողմից դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները տրամադրվել են տեսչական մարմնին։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։ Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։

Տեսչական մարմնի և փորձագետի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ հաստատության հոգեբանի (ով նաև դասղեկն է) աշխատանքները բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, վարքային խնդիրների կանխարգելման և միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եղել են ոչ բավարար չափով արդյունավետ, ինչն էլ նպաստել է սովորողի մոտ վարքային խնդիրների դրսևորմանը։ Ուսուցչի օգնականը թույլ է տվել փաստաթղթավորման թերացումներ (առկա չեն գրավոր վերլուծություններ)։

Տեսչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ուսումնասիրությունները, փորձագետի եզրակացությունը և մասնակիցների ցուցմունքները, արձանագրել է դպրոցի աշխատակիցների (տնօրեն, տեղակալ, ԿԱԴԱՀ, հոգեբան, ուսուցչի օգնական) պաշտոնային պարտականությունների ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցչի կողմից մասնագիտական վարքագծի կանոնների խախտում։

Վարչական վարույթի արդյունքում դպրոցին տրվել են հանձնարարականներ՝

Մշակել VII դասարանի հոգեբանական աշխատանքների պլան (խմբային և անհատական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ) և վարել համապատասխան գրավոր փաստաթղթեր։

Իրականացնել պարբերական դիտարկումներ VII դասարանի սովորողների ուսումնառության խնդիրների վերաբերյալ և կազմել գրավոր վերլուծություններ։

Ծնողների հետ կազմակերպել պարբերական հանդիպումներ ու խորհրդատվություններ՝ զարգացնելու ծնողավարման հմտությունները և ամրապնդելու դպրոց-ընտանիք կապը։

Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին (ԿԱԴԱՀ) Համակարգել մասնագիտացված ծառայությունների (դասղեկ, հոգեբան, ուսուցչի օգնական) աշխատանքները և կազմել ամփոփ հաշվետվություն։

Դասավանդման ընթացքում կիրառել մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողների մոտ դրական անձնային հատկանիշների (ինքնավերահսկում, պատասխանատվություն, ուսման արժևորում) ձևավորմանը։

ՀՀ կրթության տեսչական մարմինը, իր առաքելությանը համահունչ, հետևողականորեն շարունակում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենսդրության պահանջների պահպանմանը, տրված հանձնարարականների լիարժեք ու պատշաճ կատարմանը:

Երևանից կիլոմետրեր հեռու ապրում է մի կին, որ արևածագից մի քիչ ուշ է արթնանում ու սուրճի ընկերոջը սպասում

Մայրաքաղաքի աղմուկից ու փոշուց հեռու կա մի գյուղ, որտեղ մարդիկ մարդկանց են սպասում։ Այդ գյուղում մարդկանց հետ մեկտեղ չկա դպրոց, դեղատուն, տրանսպորտ, գազ․․․ և այսպես շարունակ։ Փոխարենը՝ այնտեղ կանաչ ծառեր ու ձորեր կան։ Պարզապես հարց է՝ «չկանե՞րն» են շատ, թե՞ ծառերը։

Մայրաքաղաքի աղմուկից ու փոշուց հեռու գյուղը Լոռու Ահնիձորն է, որ տեղացիները ցավոտ, բայց գեղեցիկ են բնութագրում․ «Ծերանոց՝ բաց երկնքի տակ»։

Ահնիձորի քիչ բնակիչներից մեկը՝ Ռիմա Ղազարյանը, չկաները թվարկելուց հետո ոգևորված սուրճ է դնում Երևանից Ահնիձոր գնացած հյուրերի՝ ABC Media-ի նկարահանող խմբի համար ու միաժամանակ արտասանում․

«Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տված ճակատին՝
Միտք է անում տխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ․․․»։

Սա այն եզակի օրերից էր, երբ գյուղի տանը տիկին Ռիման 4 գավաթ սուրճ է դնում։ Գյուղից հեռանում են մարդիկ, սուրճ խմող հարևանները․․․

«Ով փոքր երեխա ունի, գնում է քաղաք։ Այստեղ մնում են մեծահասակները»,- ասում է տիկին Ռիման։

Նրա խոսքով՝ գյուղում առօրյա կյանքը հեշտ չէ։ «Չկաները» թվարկելուց հետո ասում է․ ճանապարհներն արդեն ասֆալտապատել են, այդ առումով լավ է․ «Երբ քաղաքից ինչ-որ բան է պետք լինում, ցուցակ եմ գրում, տալիս մեր գյուղացիներից մեկին։ Փոքր գյուղ է, բայց մի ընտանիքի պես ենք ապրում»։

Ռիմա տատիկը Եղեգնուտ գյուղից է, տարիներ առաջ հարս է եկել Ահնիձոր։ Ամուսնու հետ ծանոթացել է հորեղբոր կնոջ թեթև ձեռքով։

«Հորեղբորս կինն Ահնիձորից էր։ Այդպես իրար տեսանք, ծանոթացրին, եկան, ուզեցին, ու ամուսնացանք»,-ասում է։

Նա 3 աղջիկ ունի։ Երկուսն ապրում են Վանաձորում, մեկը՝ Ռուսաստանում։ Թոռներ էլ ունի։ Հաճախ գնում է աղջիկների տուն կամ նրանց է հյուրընկալում, սակայն գյուղի տանը միայնակ է ապրում։

Ռիմա տատիկի ամենօրյա զբաղմունքը փոքրիկ այգին է։

«Փոքրիկ այգի ունեմ։ Վարդեր եմ աճեցնում, լոբի, վարունգ, լոլիկ։ Երեխաների համար էլ թարմ մթերք է լինում»,-ասում է։

Հայաստանի քարտեզի վրա փոքր, բայց կանաչ այս գյուղում հույս ունեն՝ մի օր այստեղ կրկին երեխաների ձայներ կլսվեն։

Այդ կանաչ գյուղում կա մի կին, որ արևածագից մի քիչ ուշ է արթնանում, մինչև 10։00-ը սուրճի ընկերոջը սպասում, հետո մեկ գավաթ պատրաստում ու հին տան բակում խմում՝ աչքը փայտե դռանը։

Անի Աբաղյան

Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են «Wildberries»-ի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը հուլիսի 30-ին ընդունել են «Wildberries» առևտրային հարթակի ներկայացուցիչներին․ այս մասին հայտնել են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև համագործակցության հետագա ուղղություններին առնչվող հարցեր։

«Wildberries»-ի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում հատուկ քննարկման առարկա են դարձել այն վաճառողների հարցերը, որոնց ապրանքները տուժել են «Wildberries»-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

«Wildberries»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն արդեն սկսել է իրականացնել հաշվարկներ, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։

«Ռուսական երկաթուղիներից» արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ զարմանքով և տարակուսանքով է ընդունել հայկական երկաթուղիների համար հնարավոր վարձավճարների մասին հնչեցված գնահատականները․ փոխանցում է TACC-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի խոսքով՝ ընկերությունը շարունակելու է կատարել Հայաստանի հետ գործող կոնցեսիոն պայմանագրի բոլոր դրույթները։

Բելոզյորովը հավելել է, որ պայմանագրի փոփոխման կամ դադարեցման դեպքում «Ռուսական երկաթուղիներն» իրավունք կունենա ակնկալելու կատարված ներդրումների փոխհատուցում։

Նա նաև նշել է, որ 2008 թվականից ի վեր ընկերության ստացած շահույթն ամբողջությամբ ուղղվել է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմանը։

Բելոզյորովի գնահատմամբ՝ կոնցեսիոն կառավարումը հնարավորություն է տվել արդիականացնել Հայաստանի երկաթուղային համակարգը՝ առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ ստեղծելու։

Նա ընդգծել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը, իսկ վերջին տարիներին իրականացվել է նաև ուղևորատար շարժակազմի արդիականացում, այդ թվում՝ 2021 թվականին Հայաստան են մատակարարվել 27 նոր վագոն։

Ջրի ճգնաժամ՝ Բաքվում․ Ալիևի ցուցադրական հաջողությունների դարձերեսը

Մինչ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում բռնազավթված Արցախում շինարարության և վերաբնակեցման ծրագրերի համար, Բաքվին հարակից Ապշերոնի բնակավայրերում մարդիկ խմելու ջրի խնդիր ունեն։ Ինչպե՞ս է պաշտոնական Բաքուն բացատրում վիճակը, և ի՞նչ համակարգային խնդիրներ են դրա տակ տեսնում փորձագետները։

Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը մերժել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի դիմումը՝ 2026/27 մրցաշրջանում ռուսական հավաքականներին միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ․ գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆեդերացիայի հայտարարությանը։

IIHF-ը նշել է, որ Ռուսաստանի՝ տարբեր տարիքային խմբերի հավաքականները չեն մասնակցի առաջնություններին «անվտանգության և մարզական արդարության հետ կապված շարունակվող մտահոգությունների» պատճառով։

Նույն որոշմամբ միջազգային մրցաշարերից հեռացված են նաև Բելառուսի հավաքականները։

Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Լիբանանին՝ Իսրայելի հարձակումներից տուժած հարավային շրջանների վերականգնման գործում։

Նրա խոսքով՝ միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի «ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն» ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Լիբանանի զինված ուժերին։