Այսօր ագրեսորը կպատժվի․ ԻՀՊԿ-ն խոստացել է պատժել ԱՄՆ-ին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 30-ին «կպատժի ագրեսորին»՝ Իրանին հարվածելու համար․ գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ ԻՀՊԿ մամուլի ծառայությանը հղումով։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հինգշաբթի գիշերն ավարտել են Իրանին ուղղված հարվածների հերթական ալիքը։

«Այսօր ագրեսորը կպատժվի», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

 

Արմեն Աշոտյանի կալանքի ձևը փոխվել է․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով. Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- նշել է նա։

Մարտունիում արջի քոթոթ է հայտնաբերվել

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին․ տեղեկանում ենք կազմակերպության տարածած հաղորդագրությունից։

«Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։

Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ տեսուչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրողը ծանուցել է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի՝ Facebook-ի անձնական էջում տեղադրված հայտարարությունից, որտեղ մասնավորապես ասված է․

«Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝

  • 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,
  • 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։
  • Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։
  • 2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է ծանուցման ստացումը։

Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

  • «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,
  • «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,
  •  «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,
  • «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար։

Նիկոլայ Վինիցկի»։

 

L’Oreal-ը կթողարկի Gucci բրենդի համար իր առաջին կոսմետիկ միջոցներն արդեն 2028 թվականին

Ֆրանսիական L’Oréal ընկերությունը նախատեսում է 2028 թվականին թողարկել Gucci ապրանքանիշի համար իր առաջին կոսմետիկայի շարքը․ ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է L’Oréal-ի գործադիր տնօրեն Նիկոլաս Հիերոնիմուսը։

Նրա խոսքով՝ ընկերությունը «չափազանց հավակնոտ» է Gucci-ի համար կոսմետիկ միջոցների բիզնեսի զարգացման հարցում՝ նշելով, որ ապրանքանիշն արդեն իսկ վերականգնման նշաններ է ցույց տալիս հագուստի և կաշվե իրերի հատվածում։

L’Oréal-ը Gucci կոսմետիկայի արտադրության լիցենզիան Coty-ից կստանա 2027 թվականի կեսերին։ Ապրանքանիշի սեփականատիրոջ՝ Kering-ի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է անցյալ տարվա վերջին։

Գործարքի արժեքը կազմում է մոտավորապես 4 միլիարդ եվրո։

 

«ԱրԲատ»-ի հիմնադրի սպանության համար մեղադրվող Մանուկյանը ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

ՌԴ Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Վարաժ Մանուկյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել էր «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մանուկյանի վերջնական դատավճիռը 22 տարվա ազատազրկումն է, որից առաջին վեց տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, և կվճարի 500․000 ռուբլի տուգանք։ Տուժողների վնասի փոխհատուցման պահանջները բավարարվել են, և մեղադրյալին պարտավորեցվել է վճարել 6,77 միլիոն ռուբլի», – հայտարարել է դատավորը։

Դատարանը նաև որոշել է բռնագրավել Mercedes մակնիշի մեքենան։

«Սքարլեթ Սեյլս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Սարգսյանի անվտանգության աշխատակիցը, որը պայթյունի պահին նրա հետ էր, ճանաչվել են որպես տուժող կողմ։ Դատարանը նաև բռնագրավել է մեղադրյալի մեքենան, որը, ինչպես պարզվել է դատական նիստի ժամանակ, օգտագործվել է պայթուցիկ նյութեր տեղափոխելու համար։

Պաշտպանական կողմը կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ դատարանում։

Սպանության համար նախկինում դատապարտված ՀՀ քաղաքացի Մանուկյանի գործը քննվել է թարգմանչի մասնակցությամբ: Մանուկյանը Մոսկվայում բռնցքամարտի և ձյուդոյի մարզիչ է: Ձերբակալությունից առաջ նա պահվել է փախստականների կենտրոնում:

Դատավարության մասնակիցներից մեկի խոսքով՝ Մանուկյանը հերքում է մեղքը և պնդում է, որ տեղյակ չի եղել սպանության կազմակերպիչների «վերջնական նպատակի» մասին։

Վարաժ Մանուկյանը մեղադրվում է ահաբեկչական գործողություն կատարելու և կազմակերպված խմբի կողմից պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության համար: Պարզվել է, որ 2024 թվականին Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները մշակել են Մոսկվայում ահաբեկչական գործողություն կատարելու ծրագիր։ Նպատակը հասարակական գործիչ Արմեն Սարգսյանի սպանությոնն էր։ Հանցագործությունը կատարելու համար ստեղծվել է կազմակերպված խումբ, որի անդամ էին նաև Վարաժ Մանուկյանը և Պարույր Մաթևոսյանը։

 

Apple-ի ապագա գործադիր տնօրենը մտադիր է ամրապնդել ընկերության դիրքերը ֆիլմերի և հեռուստատեսության ոլորտում

Apple-ի ապագա գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Տերնուսը հայտարարել է, որ սեպտեմբերին ընկերության ղեկը ստանձնելուց հետո կշարունակի ամրապնդել Apple-ի դիրքերը ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրության ոլորտում․ գրում է Reuters ընկերությունը։ 

2019 թվականից Apple TV հոսքային ծառայության միջոցով տեխնոլոգիական հսկան թողարկում է սեփական հեռուստասերիալներն ու ֆիլմերը։ 2022 թվականին ընկերության «CODA» ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի՝ «տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում», իսկ «The Studio» և «Ted Lasso» հեռուստասերիալներն «Էմմի»-ի մրցանակակիրներ են։

«Կարծում եմ՝ այս պահին Apple TV-ն հսկայական առաջընթաց է գրանցում։ Այն ունի բազմաթիվ հիանալի շոուներ, բազմաթիվ տպավորիչ կերպարներ ու պատմություններ․ շարունակելու ենք ամրապնդել այդ հաջողությունը», – «Ted Lasso» սերիալի չորրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ ասել է Տերնուսը։

 

 

Երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ «Հայաստանն ում է պետք», հիմա մենք ցույց ենք տալիս՝ ում ենք պետք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ-ն 2022-ին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ը չկատարեց իր պարտականությունները։ ՀՀ-ն ինչո՞վ էր վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց գործառույթները․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • ՀՀ-ն ո՞ւմ էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանն ում է պետք»։ Բելառուսին ի՞նչ վատություն էր արել ՀՀ-ն։ Ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին էդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք տալիս՝ ում ենք պետք։ ՀՀ-ն պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին և այլն։
  • Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, և հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են։ Մենք տեսնում ենք, որ տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն։
  • Խնդիրը հետևյալն է՝ ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում ՝ քաղաքական առումով, մինչ այս չի ունեցել այլընտրանքներ։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն, մենք չեն ընդունում այդ մոտեցումը։
  • Դեռ որոշում չկա, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնացի պաշտոնում։ Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ  Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ են ընթանում։
  • Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը մնում է նույնը՝  դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Այս հարցը պետք է լուծվի։

 

 

Ճգնաժամը խորանում է, իսկ փոխզիջումն անխուսափելի է․ «Коммерсантъ»-ը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օրերս կայացած հեռախոսազրույցի արդյունքը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ազդանշանը հստակ է՝ կա՛մ Մոսկվայի հետ, կա՛մ Արևմուտքի հետ: Երրորդ տարբերակ չկա. երկու աթոռին նստելը, ինչպես Երևանն անում էր վերջին մի քանի տարիների ընթացքում, այլևս չի աշխատի․ գրում է «Коммерсантъ»-ը։

Ինչպես նշվում է, Հայաստանի վարչապետի դիրքորոշումն այն է, որ դուք իրավունք չունեք. ՀՀ-ն մնում է ԵԱՏՄ-ում, և ձեր առևտրային պատժամիջոցներն անօրինական են, ինչը կվիճարկվի: Ըստ Փաշինյանի՝ եթե ՀՀ-ն հեռանա, Եվրասիական տնտեսական միությունը կքայքայվի:

«Նա նաև կոշտ դիրքորոշում է ցուցաբերում: Նա նաև պայմաններ է դնում. եթե դուք չգնաք զիջումների, ես ինտեգրացիոն խնդիրներ կստեղծեմ հետխորհրդային տարածքում: Այլ կերպ ասած՝ Երևանը պատրաստ է առճակատման: Այո՛, այն կորուստներ կունենա, բայց նաև բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը: Սա երկկողմանի փողոց է: Ավելին, ինչպես Արևմուտքը բազմիցս պնդել է, հանրապետության տարածքն օգտագործվում է պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանի Դաշնություն զուգահեռ ներմուծումը հեշտացնելու համար։ Ըստ երևույթին՝ մոտ ապագայում Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում «մեղմացում» չի սպասվում։ Ճգնաժամը միայն խորանում է։ Խնդիրն այն է, որ խոսքերը պետք է ամրապնդվեն գործողություններով. որքանո՞վ է պարոն Փաշինյանը պատրաստ պնդել իր դիրքորոշումը։ Թվում է, թե նա պատրաստ չէ կտրուկ խզման։ Նրանք, հավանաբար, ստիպված կլինեն փոխզիջման գնալ, որը դեռևս տեսանելի չէ», – գրում է աղբյուրը։

 

 

«Արարատցեմենտ»-ի կառավարումն անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, և տնօրենը նախարարության աշխատակից կլինի․ Գևորգ Պապոյան

«Արարատցեմենտ»-ի կառավարումն անցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ամբողջապես, և տնօրենը նախարարության աշխատակից կլինի․ այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ»,-ասաց նախարարը։