Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնում․ Արտակ Բեգլարյան

Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնում։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջին խնդիրը կարգավիճակն է, որի մասին բազմիցս խոսվել է։ Այն կարգավիճակը, որը մեզ տրվել է սովորական օրենսդրական իրավական նորմատիվ կարգավորումների շրջանակներում համապատասխան չէր մեր խնդիրներին ու իրավիճակին, մասնավորապես մեզ զրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները։ Բնականաբար դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնել և առ այսօր շատ-շատ խնդիրներ նաև դրանից են բխում։ Կարծում եմ, որ պետք է լուծումը լիներ այն, որ մենք մնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ և կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, բայց ներքին տեղահանված չեն»,- ասել է նա։

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ: Այս մասին նախարարությունը Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման:

Գործող կարգով տարակարգ ստանալու գործընթացում հիմնականում ուսումնասիրվում են ուսուցչի ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ դասալսումների արձանագրություններն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող այլ նյութեր։ Նախագծի հեղինակները նշում են, որ այս մեխանիզմը բավարար չէ, քանի որ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները միշտ չէ, որ հնարավոր է համադրել ուսուցչի իրական աշխատանքի հետ։

Նախատեսվում է այս բացը լրացնել մի քանի նոր մեխանիզմով։ Մասնավորապես, տարակարգ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերին պետք է ավելանա դպրոցի տնօրենի մասնագիտական երաշխավորագիրը։ Այն պետք է հիմնված լինի տնօրենի կողմից ուսուցչի դասալսումների արդյունքների վրա։

Բացի դրանից, նախատեսվում է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը՝ ԿԶՆԱԿ-ը, ուսուցչի առնվազն մեկ դաս պետք է դիտարկի նախապես չհայտարարված ձևով։ Այսինքն՝ ուսուցիչը նախապես չի իմանա, թե երբ է իր դասը դիտարկվելու։

Այս երկու մեխանիզմների միջոցով նախատեսվում է համադրել երեք աղբյուրից ստացված տեղեկությունը՝ ուսուցչի ներկայացրած փաստաթղթերը, դպրոցի տնօրենի գնահատականը և ԿԶՆԱԿ-ի մասնագիտական դիտարկման արդյունքները։

Նշենք՝ տարակարգը ուսուցչի մասնագիտական աշխատանքի և կարողությունների գնահատման համակարգ է, որի միջոցով որոշվում է՝ ուսուցիչը որքանով է համապատասխանում սահմանված մասնագիտական չափանիշներին։ Այլ կերպ՝ դա ուսուցչի մասնագիտական առաջընթացը և պատրաստվածության մակարդակը գնահատելու միջոց է։

Նախարարության հիմնավորմամբ՝ փոփոխության նպատակը ուսուցչի մասնագիտական աշխատանքը գնահատելն է՝ ավելի ամբողջական և փաստերի հիման վրա։ Նախագծի հեղինակները ակնկալում են, որ այս փոփոխության արդյունքում ավելի հեշտ կլինի պարզել՝ ներկայացված փաստաթղթերում նշված տվյալները որքանով են համապատասխանում ուսուցչի իրական աշխատանքին։

Միաժամանակ, նախատեսվում է սահմանել նաև տարակարգի վերաբերյալ որոշման ընդունման առավելագույն ժամկետ։ Ըստ նախագծի՝ դա պետք է գործընթացն ավելի կանխատեսելի դարձնի։

Նախարարությունը փոփոխության անհրաժեշտությունը կապում է նաև կրթության ոլորտի ավելի լայն խնդիրների հետ։ Պետական ծրագրերում նշվում է, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը՝ 46 տոկոսը, 50 տարեկանից բարձր է։ Միաժամանակ, 30 տարեկանից ցածր է ուսուցիչների ընդամենը 11 տոկոսը։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ տարեկան 600-700 ուսուցչի թափուր տեղեր են գրանցվում, որոնք չեն համալրվում կամ համալրվում են դժվարությամբ։

Կրթության զարգացման պետական ծրագրում նաև արձանագրված է, որ 10-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչների աշակերտները գրանցում են ավելի բարձր կրթական արդյունքներ, մինչդեռ մինչև հինգ տարվա ստաժ ունեցող ուսուցիչների դեպքում արդյունքներն ավելի ցածր են։ Սա կապվում է սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման անհրաժեշտության հետ։

Տարակարգի փոփոխության նախագիծը նաև կապվում է ուսուցչի մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմների ներդրման կառավարության ծրագրի հետ։ Կառավարության ծրագրերում նախատեսված է նաև ուսուցչի աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ ստեղծել, ինչպես նաև ուսուցչի մասնագիտությունը երիտասարդների համար ավելի պահանջված ու հեղինակավոր դարձնել։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում փոփոխություն չի նախատեսվում։

Պուտինը պատրաստ է հանդիպում անցկացնել Թրամփի հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հանդիպման ժամկետի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, սակայն Պուտինը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպում անցկացնելու։ Պեսկովը նշել է, որ երկու նախագահներն իրենց հեռախոսազրույցների ընթացքում պարբերաբար ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։

Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում այս օրերին նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հետաձգվել է։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ հանդիպումը հետաձգելու խնդրանքով հանդես է եկել ադրբեջանական կողմը՝ պատճառաբանելով, որ այս փուլում դրա անցկացումը նպատակահարմար չէ։

Հայ և ադրբեջանցի փորձագետները նախկինում արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել փոխադարձ այցերի շրջանակում։

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է

Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ՝ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը. օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2026 թվականի ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։

Վերաքննիչ քրեական դատարանը 2026 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը: Քրեական գործն ուղարկվել է առաջին ատյանի իրավասու դատարան՝ նոր քննության։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր:

39-ամյա մարզիկը Հայաստանի դրոշի ներքո նախկինում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:

Արգենտինան վերջին 16 տարվա ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոսկե մեդալ չէր նվաճել:

ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել

Դիտել YouTube-ում

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով Դատախազության և Քննչական կոմիտեի գործընկերների հետ, պարզել են մի շարք հանգամանքներ։

Այսպես ասած «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ, այսպես ասած, «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Նույն օրը ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն պարզաբանումներ կատարելու նպատակով՝ մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել:

Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար, մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն՝ իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» երկու անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։

Նոր հակահայկական ծրագրեր են փորձելու իրագործել, փորձում են հակազդեցությունները չեզոքացնել․ Սևակ Խաչատրյան

Նոր հակահայկական ծրագրեր են փորձելու իրագործել, փորձում են հակազդեցությունները չեզոքացնել․ Սևակ Խաչատրյան

Ժողովո՛ւրդ, հասնելու են ձեր վարսավիրանոցին կամ սննդի փոքր կետին Քրիստինե Վարդանյան

Ժողովո՛ւրդ, հասնելու են ձեր վարսավիրանոցին կամ սննդի փոքր կետին Քրիստինե Վարդանյան

Սինգապուրից կարա՞ն գազ բերեն, որ ձմեռը թանկ չվճարենք. ժողովուրդն է խոսում․ ՏԵՍԱՆՅՒԹ

Սինգապուրից կարա՞ն գազ բերեն, որ ձմեռը թանկ չվճարենք. ժողովուրդն է խոսում․ ՏԵՍԱՆՅՒԹ