Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք։

Գործողը իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար՝ ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։

Հասկանալ ինքներս մեզ․

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։ Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ, դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը, ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։ Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ

Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում, չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։ Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։ 

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։ Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում»։

Համակարգչային հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և խոշոր չափերով փողերի լվացման դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա․-ն, ՍՊ ընկերության տնօրեն Ռ․Ս․-ի հետ լինելով մտերիմ հարաբերությունների մեջ, տիրապետելով ընկերության վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ում ու ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալներին և Ռ․Ս․-ի միջոցով փաստացի կառավարելով ընկերության գործունեությունը, 2024 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ ներգործելու միջոցով, արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է ընդհանուր 8 մլն 300 հզր ՀՀ դրամ, որը փոխանցել է նշված ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊԵԿ-ում բացված հաշվեհամարին:

Բացի այդ, հափշտակված գումարի իրական բնույթը և ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու նպատակով Կ․Ա․-ի կազմակերպմամբ ՍՊ ընկերության անունից 2024 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում 4 դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու խնդրանքով։ Նշված դիմումների համաձայն՝ ընդհանուր 5 մլն 151 հզր 19 ՀՀ դրամը փոխանցվել է ընկերության՝ բանկում բացված հաշվեհամարին, որից հետո կանխիկացվել է՝ փաստացի տնօրինվելով Կ․Ա․-ի կողմից, իսկ մնացած 3 մլն 148 հզր 981 ՀՀ դրամն ուղղվել է ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների մարմանը՝ այդ կերպ խեղաթյուրելով և օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված 8 մլն 300 հզր ՀՀ դրամի իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կ․Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով hամակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով փողերի լվացումը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական վարույթը նշված անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և նրանցից մեկի ուղևոր՝ 42-ամյա Հրանտ Դ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Opel Zafira»-ի գազի արտահոսքը և պարեկների հետ ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վթարի հետևանքով նշված ճանապարհին առաջացել էր մոտ 5 կմ-անոց խցանում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վարդան Մ.-ն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ է:

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման գործում․ ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:

Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանում

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։

Դրանց թվում են՝

• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,

• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,

• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,

• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,

• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,

• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,

• պառակտումները Սփյուռքի թեմերում։

Զեկույցի ամբողջական բովանդակությունը հասանելի է հետրյալ հղումով։

Փաշինյանը ամերիկյան առաջատար բուհերի ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:

Վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների։ Ժամանել էին մի քանի հոգի, ինչպես նաեւ՝ մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ, որոնք երեւի եկել էին՝ ցույց տալու, թե մտահոգ են արցախցիների խնդիրներով:

Սակայն քննարկման մեկնարկից որոշ ժամանակ անց, երբ հեղինակն ասել է, թե ներկա են Արցախի ՄԻՊ-ը, պետնախարարը եւ այլ պաշտոնյաներ, ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել եւ կազմակերպված լքել դահլիճը։ Մեր տեղեկություններով, նրանք կառավարությունից են հրահանգ ստացել, քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե «չի կարող պետության մեջ պետություն գործել», եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն։

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մայիսի 1-ից։ Սակայն նրա համայնքային պաշտոնավարման պատմությունը սկսվել է ավելի վաղ։ 1996 թվականին նա ընտրվել է Կողես համայնքի ղեկավար, ապա 1999, 2002, 2005, 2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ներսիսյանն ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններում նա օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար։ Արայիկ Ներսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

ArmLur.am-ը ուսումնասիրել է Լոռի Բերդի համայնքապետի 37 միավոր անշարժ գույք։ 2025 թվականի սկզբում Ներսյանի հայտարարագրում առկա է եղել 36 միավոր անշարժ գույք, իսկ տարվա վերջում՝ 37 միավոր։ Դրանցից 24-ը հողամասեր են, որոնցից 20-ը գտնվում են Լոռի Բերդում, իսկ 4-ը՝ Ստեփանավանում։ Հողամասերի մեծ մասը Ներսյանին պատկանում է միանձնյա, իսկ երեքը՝ համատեղ սեփականության իրավունքով։ Նա ունի նաև 5 բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 17-ին։ Մյուս 4 բնակարանները Ստեփանավանում են և ձեռք են բերվել համապատասխանաբար 1998 թվականի հոկտեմբերի 29-ին, 2001 թվականի հունիսի 13-ին, 2014 թվականի մարտի 10-ին և 2017 թվականի մարտի 21-ին։ Բնակարաններից երեքը միանձնյա, իսկ երկուսը՝ համատեղ սեփականության իրավունքով են։

Հայտարարագրում առկա է 3 անհատական բնակելի տուն։ Դրանցից երկուսը ձեռք են բերվել Ստեփանավանում՝ մեկը 2017 թվականի ապրիլի 18-ին՝ համատեղ սեփականության իրավունքով, մյուսը՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Երրորդ բնակելի տունը ևս Ստեփանավանում է։ Այն 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 1/2 բաժնային սեփականության իրավունքով ժառանգությամբ է ձեռք բերվել, իսկ ձեռքբերման արժեքը նշված է 0 դրամ։ Միաժամանակ, հայտարարագրի օտարված գույքի բաժնում նշված է, որ 1/2 բաժինը 2025 թվականի նոյեմբերի 20-ին վաճառվել է 8,500,000 դրամով՝ Վաղինակ Վազգենի Մարտիրոսյանին։ Տարվա վերջի հայտարարագրում այդ գույքը կրկին ներկայացված է որպես 1/2 բաժնային սեփականություն։

Ներսիսյանի անշարժ գույքի ցանկում կա նաև 1 արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Լոռի Բերդում և ձեռք է բերվել 2006 թվականի ապրիլի 7-ին։ Նա ունի 2 ավտոտնակ/ավտոկայանատեղի, երկուսն էլ՝ Ստեփանավանում։ Հայտարարագրում առկա են նաև 2 հասարակական նշանակության շինություններ, երկուսն էլ՝ Լոռի Բերդում։ Մեկը ձեռք է բերվել 2001 թվականի հոկտեմբերի 12-ին, մյուսը՝ 2003 թվականի դեկտեմբերի 15-ին։ Երկուսն էլ միանձնյա սեփականության իրավունքով են։

Այսպիսով, 2025 թվականի վերջի դրությամբ Ներսյանը հայտարարագրել է 37 միավոր անշարժ գույք՝ 24 հողամաս, 5 բնակարան, 3 անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն, 2 ավտոտնակ/ավտոկայանատեղի և 2 հասարակական նշանակության շինություն։

12 տրանսպորտային միջոց։

Ներսյանի հայտարարագրում 2025 թվականի սկզբում և վերջում առկա է եղել 12 տրանսպորտային միջոց։ Տարվա ընթացքում նա որևէ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել կամ օտարել։ Դրանցից 6-ը տրակտորներ են։ Մյուս 6-ը ավտոմեքենաներ են՝ 2004 թվականի Mercedes-Benz, որը ձեռք է բերվել 2015 թվականի նոյեմբերի 10-ին, 2008 թվականի Mercedes-Benz, ձեռք բերված 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, 2000 թվականի Mercedes-Benz, ձեռք բերված 2013 թվականի փետրվարի 6-ին, 2010 թվականի Ford, ձեռք բերված 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, 2004 թվականի Ford բեռնատար/բեռնաուղևորատար ավտոմեքենա, ձեռք բերված 2013 թվականի մայիսի 8-ին, և 1996 թվականի Ford մարդատար ավտոմեքենա, ձեռք բերված 2012 թվականի դեկտեմբերի 29-ին։

40 մլն դրամ կանխիկ։

Ներսիսյանի երեք բանկային հաշիվներում 2025 թվականի սկզբում եղել է համապատասխանաբար 100,000 դրամ, 35,234 դրամ և 2,304,752.6 դրամ։ Տարվա վերջում մնացորդները կազմել են համապատասխանաբար 60,604.8 դրամ, 0 դրամ և 8,909.8 դրամ։ Միաժամանակ, նա հայտարարագրել է 60,000 ԱՄՆ դոլար կանխիկ, որը տարվա ընթացքում չի փոխվել և տարվա վերջում նույնպես կազմել է 60,000 դոլար։ Դրամային կանխիկ միջոցները, սակայն, աճել են․ տարվա սկզբի 30,000,000 դրամից տարվա վերջում հասել են 40,000,000 դրամի։ Այսինքն՝ կանխիկ դրամը տարվա ընթացքում ավելացել է 10,000,000 դրամով։

5.97 մլն դրամ եկամուտ։

2025 թվականին Լոռի Բերդի համայնքապետը հայտարարագրել է ընդհանուր 5,970,498 դրամ եկամուտ։

23.047 մլն դրամ վարկային պարտավորություն։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ներսյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 23,047,000 դրամ։ Դրանցից մեկի մնացորդը եղել է 3,547,000 դրամ, մյուսինը՝ 19,500,000 դրամ։ Վարկատուների, տոկոսադրույքների և նպատակային նշանակության վերաբերյալ հայտարարագրի մի շարք տվյալներ պաշտպանված են։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումների չափը կազմել է 5,605,000 դրամ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Այսպիսով, Ստեփանավանում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող և Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի 2025 թվականի հայտարարագրում տարվա վերջի դրությամբ առկա է 37 միավոր անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, 60,000 ԱՄՆ դոլար և 40,000,000 դրամ կանխիկ, իսկ տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 5,970,498 դրամ»։

«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին

«Փաստ» թերթը գրում է. «Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում ուղղակի քաղաքական ճակատամարտեր տալու նախկին գործելաոճից։ Իշխող վերնախավում հստակ գիտակցում են, որ մարզերում սեփական քաղաքական թիմի վարկանիշը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Ուստի որդեգրվել է որակապես նոր, սակայն շատ ավելի վտանգավոր տակտիկա. ոչ թե գնալ բաց առճակատման, այլ տարբեր մեթոդներով ենթարկեցնել տեղերում ազդեցություն, հեղինակություն և լծակներ ունեցող ոչ ՔՊ-ական համայնքապետերին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը գործի է դրել քաղաքական «առևտրի» ու ճնշումների բավականին կոշտ գործիքակազմ։ Տեղական առաջնորդներին առաջարկվում են որոշակի «ինդուլգենցիաներ». քրեական հետապնդումների «սառեցում», տարբեր քննչական մարմիններում կուտակված թղթապանակների անտեսում և վարչական անձեռնմխելիության երաշխիքներ։ Դրա դիմաց համայնքապետերից պահանջվում է ոտնահարել սեփական սկզբունքները և ընտրություններին մասնակցել իշխանության հետ միասնական ցուցակով կամ դաշինքով։ Այս ճանապարհով, հաշվի չառնելով որևէ քաղաքական կամ բարոյական սկզբունք, իշխանությունը տարբեր սպառնալիքներով ու «լեզու գտնելով» իր ցուցակներն է խցկել նույնիսկ նախկինում ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած գործիչներին, ինչպիսին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նույն ձեռագիրն է կիրառվում նաև Գավառում, Ախուրյանում և մի շարք այլ խոշորացված համայնքներում, որտեղ տեղական հեղինակությունների ռեսուրսները պետական-վարչական լծակներին գումարելով՝ ՔՊ-ն փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը։

Սակայն սա ոչ թե հավասարազոր համագործակցություն է, այլ հեռահար հաշվարկված քաղաքական թակարդ։ ՔՊ-ի համար կարմիր գծեր գոյություն չունեն, և նրանք ցանկացած պահի պատրաստ են զոհաբերել յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Մեղրիի քպական քաղաքապետի դեպքում։ Ուստի, որևէ համայնքապետ չպետք է պատրանքներ ունենա, թե իշխանության հետ «30 արծաթով» գործարքի գնալով՝ ապահովագրում է իր պաշտոնն ու ապագան։

Իշխանության նպատակը նրանց դեմքով ու միջոցով ընտրություններում հաղթանակն արձանագրելն է, որից անմիջապես հետո գործի է դրվելու «փուռը տալու» հայտնի սցենարը. դատական ու քրեական հին թղթապանակները վերաբացվելու են, առաջին համարները զրկվելու են մանդատներից, իսկ համայնքապետի աթոռներին տեղավորվելու են քպական ցուցակների հաջորդ համարները՝ անձինք, որոնք սեփական վարկանիշով երբեք չէին հաղթի, բայց այս սխեմայի շնորհիվ կստանան համայնքային իշխանությունը։

Փաշինյանը և Ստուբը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: