77 անձ է բերման ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ, հաղորդում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել ստուգողական գործողություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։

Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ,զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

21 և 23-ամյա երիտասարդների մեքենայի մեջ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Յ․-ն ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահում և կրում է ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս՝ սեպտեմբերի 7-ին, Վարդան Յ․-ին և Երևանի բնակիչ 23-ամյա Ալբերտ Թ․-ին «BENTLEY» մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մեքենայի հետևի նստատեղում գտնվող պայուսակի մեջ առկա է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, որը պատկանում է իրեն։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը

Կառավարությունը հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծերի ընդունմամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը, որը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը, և օգտվել «ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար» տարկետման հիմքից:

Նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմ սահմանել 32 տարեկանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունը ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսի քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի:

«Firebird AI»–ի վերաբերյալ տարածվող պնդումները չունեն որևէ փաստական հիմնավորում․ հայտարարություն

«Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան մտահոգությունների, որ տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով։

Հայտարարությունում նշել են․

«Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում։

Firebird AI-ն տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։

Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով։

Նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Հրազդանում գործող Firebird AI-ի տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու համար։

Նա նաև պնդել էր, որ ընկերության՝ ԱՄՆ օրենսդրության ենթակայությունը կարող է ամերիկյան կողմին հասանելիություն տալ կենտրոնում մշակվող տվյալներին։

«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական ​​​​գործակալությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – հայտարարել էր Շևցովը։

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի | Armat Media

Հոկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով՝

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին։
  2. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին»,– ասված է ԱԺ հաղորդգրությունում։

Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+000-կմ13+900 հատվածը (Դսեղ-Մարց) հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին առաջարկում են երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով։

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի վարչապետի դեմ

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր կայացած նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են հերթական հակավրացական բանաձևը՝ դատապարտելով երկրում երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու փորձերը և կոչ անելով ազատ արձակել վրացի ակտիվիստներին։

Հերթական հակավրացական փաստաթղթին կողմ է քվեարկել 445 եվրապատգամավոր, դեմ՝ 37-ը, ևս 97 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Բանաձևում պահանջվում է հետ կանչել ընդդիմադիր կուսակցությունների դեմ ներկայացված սահմանադրական հայցը։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ անդամ երկրներին պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի և Կախա Կալաձեի դեմ, ասվում է փաստաթղթում։

Մարիաննա Ղահրամանյանը ԵԽ պաշտոնյանի հետ հանդիպմանը ներկայացրել է «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիաննա Ղահրամանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության առողջապահության ու կախվածությունների վարչության պետ Քրիստեան Շիմեկի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ–ից։

Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները։ Նախագծի նպատակն է պարզեցնել Եվրոպական միության անդամ երկրներում փորձաքննություն անցած և գրանցված դեղերի՝ Հայաստանում ճանաչման ընթացակարգը։

Մարիաննա Ղահրամանյանի խոսքով օրինագծի ընդունումը կնպաստի բնակչությանը որակյալ և մատչելի դեղերով ապահովելու գործընթացի բարելավմանը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման, այլև եվրոպական չափանիշների ներդրման և եվրոպական ինտեգրման տեսանկյունից։

Քրիստեան Շիմեկն արդյունավետ է համարել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ոլորտային ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում ևս համագործակցությունը կլինի շարունակական։ Հյուրը նշել է, որ նախագծի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցի դեղերի որակի և գրանցման խնդիրներով զբաղվող ԵԽ համապատասխան մարմիններին։

Խախտվել է Խաչատրյանների ընտանիքի անդամների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը. հայտարարություն

2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեն «Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը․ Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որում նշվել է հետևյալը․ «Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությունը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։

Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։

Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։

Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։

Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։

Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։

Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։

Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս – 2026» զեկույցը։

Այսպես.

Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: 2019 թվականից ի վեր Հայաստանի վարկանիշային դիրքը վատթարացել է 8 հորիզոնականով (64-րդից 72-րդ հորիզոնական): Այսինքն` նախկինում ավելի անբարենպաստ դիրքերում գտնվող շատ երկրներ Հայաստանից առաջ են անցել։ Մեր երկիրը տարեցտարի զիջում է իր մրցակցային դիրքերը` չնայած արտածին գործոններով (ռուս-ուկրաինական, մերձավորարևելյան զինված հակամարտություններ և այլն) պայմանավորված զբոսաշրջիկների թվի աճին։ Մինչդեռ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ մշտապես հայտարարում են զբոսաշրջության ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների մասին՝ նաև դրանով հիմնավորելով զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների շարունակաբար բարձրացող պարգևավճարները։

Հայաստանի ինդեքսը 6.4%-ով ցածր է համաշխարհային միջինից (4.07 միավոր), իսկ իր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին ցուցանիշին (4.39 միավոր) զիջում է 13.2%-ով:

«Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը գրանցել է թե՛ գնահատականի և թե՛ դիրքի վատթարացում:

Ամենամտահոգիչն այս ենթաինդեքսի «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան գծով արձանագրված անկումն է և վարկանիշային դիրքի 8 հորիզոնականով նահանջը: Սա լավագույն ապացույցն է, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թվի աճը ոչ թե պետական ռազմավարության կամ թիրախային բյուջետային ծրագրերի արդյունավետ իրականացման արդյունք է, այլ պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական գործոնների բարենպաստ ազդեցության հետևանք: Պետությունը դրսևորել է «պասիվ կառավարում»՝ առավելապես հույսը դնելով «ինքնաբուխ աճի» վրա:

Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված նվազումն արտացոլում է դրամի արժևորման և ներքին գնաճի պատճառով Հայաստանի, որպես մատչելի ուղղության, մրցակցային առավելության կորուստը:

«Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյան գծով ևս արձանագրվել է կտրուկ վատթարացում՝ 8 hորիզոնականով նահանջ: Ըստ զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայի` Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները: Դա վկայում է այն մասին, որ պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական ու ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները:

«Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները» Հայաստանի ամենամտահոգիչ ենթաինդեքսն է: Իր գնահատականով մեր երկիրը գրեթե կրկնակի՝ 48.2%-ով, զիջում է համաշխարհային միջինին։ Ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով, և 110 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Ենթաինդեքսի գծով մեր երկրի այսպիսի անպատվաբեր դիրքը ոլորտի պետական քաղաքականության համակարգային ձախողման հետևանք է: Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ՝ ըստ թվային տեսանելիության: Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է. պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը և գլոբալ որոնողական համակարգերում (Google, Wikipedia, TripAdvisor) հետաքրքրվածությունը չափազանց փոքր է: Մինչդեռ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկիրը տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին ու պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ Հայաստանը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության, ինչը վկայում է ոլորտի պետական քաղաքականության անարդյունավետության մասին։

«Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսի՝ համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19.1%-ով, պակաս լինելու հանգամանքը հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը: Այս ենթաինդեքսի «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25.4%-ով: Իսկ դրա հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է. մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ (որակյալ կացություն, տրանսպորտ, սպասարկում, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն):

Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման առումով շարունակում է տարածաշրջանային հիմնական մրցակիցների համեմատ գտնվել չափազանց անբարենպաստ դիրքերում:

Համաձայն Զեկույցի՝ Հայաստանը Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով 2026թ. զգալիորեն զիջում է Զեկույցում ներառված բոլոր երեք հարևան երկրներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։ Եվրասիա ենթատարածաշրջանի երկրներից Հայաստանն ինդեքսով գերազանցում է միայն Ուզբեկստանին և Ղրղզստանին, իսկ 21 հետսոցիալիստական երկրներից միայն չորսի ինդեքսն է Հայաստանինից ցածր։

2026-ի զեկույցի արդյունքները հաստատում են, որ ՀՀ զբոսաշրջային ոլորտում առկա են զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրներ։ Ցածր Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը, դրա աճի աննշան տեմպերը, առանց այն էլ ոչ բարվոք վարկանիշային դիրքի տարեցտարի շարունակվող վատթարացումը վկայում են, որ Հայաստանը, փոխանակ դառնալու տուրիզմի գերազանցության կենտրոն (ինչպես հայտարարում է գործող իշխանությունը), էլ ավելի է զիջում իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի էական աճը ոչ թե պետական արդյունավետ քաղաքականության կամ կառուցվածքային բարեփոխումների, այլ, պարզապես, արտաքին աշխարհաքաղաքական ժամանակավոր գործոնների բարենպաստ ազդեցության արդյունք է։

Մինչդեռ ակնհայտ է, որ առանց ենթակառուցվածքների ապակենտրոնացված զարգացման, միջազգային հարթակներում ազգային ռեսուրսների ճանաչելիության բարձրացման, առանց հստակ և նպատակաուղղված պետական աջակցության անհնար է ակնկալել զբոսաշրջության կայուն ու ներառական աճ։

 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ