ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը միջամտելու փորձ է. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Խորհրդակցություն Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված հակասահմանադրական քայլերի շուրջ:

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։

Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվեցին նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարևորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Չենք փորձելու արդարացնել. տեղի ունեցածը սխալ էր. Մովսիսյանը՝ պատերազմի տարելիցին համերգ ցուցադրելու մասին

Սա այն հարցը չէր, որին մենք չարձագանքեինք. ասաց Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը համերգ ցուցադրելուն։

«Մենք ինքներս համարեցինք, որ դա սխալ էր, դրա համար արձագանքեցինք, ոչ միայն հանրային ճնշումների պատճառով։

Մենք չենք փորձելու արդարացնել. համերգ ցուցադրելը սխալ էր»,-ասաց Մովսիսյանը։

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված և մահացու ներարկումից հետո ողջ մնացած կինը գիտակցության է եկել

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված 50-ամյա Քրիստա Փայքը, որին մահապատժի ենթարկելու երկու փորձից հետո հաջողվել է ողջ մնալ, գիտակցության է եկել և կարողանում է խոսել։ Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին նման դեպքն է, գրում է Meduza.io-ն։

«Կանխատեսումները դեռևս անորոշ են, և մենք ակնկալում ենք առնվազն երկարատև ապաքինման գործընթաց»,- հայտնել են Փայքի փաստաբանները։

Նրանց խոսքով՝ նույնիսկ հիվանդանոցում Փայքին շարունակում են պահել ձեռնաշղթաներով և ոտնաշղթաներով։ Մահապատժի փորձի ընթացքում նա ստացել է նաև այրվածքներ և ձեռքերի ծանր վնասվածքներ։

Բժշկական փորձագետների նախնական գնահատմամբ՝ մահապատժի իրականացման ժամանակ ներերակային կաթետերները, հնարավոր է, սխալ են տեղադրվել։ Դրա հետևանքով պենտոբարբիտալը երակ մտնելու փոխարեն կուտակվել է հյուսվածքներում։

Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է.

«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով:

Այս մասին քիչ առաջ հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Զանգահարել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ, տեղեկացրել դեպքի մասին: Հուսամ գոնե այս դեպքով արձագանքը չի ուշանա»,-գրել է պատգամավորը։

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է։

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր: Այս մասին հայտնել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը:

« 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեն «Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը․ Քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որում նշվել է հետևյալը․ «Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությունը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։

Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։

Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։

Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։

Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։

Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։

Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։

Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։

Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-նշված է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը: 

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:

Կասեցվել է Սևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Հետք» լրատվական կայքում 2026 թվականի օգոստոսի 28-ին հրապարակված հոդվածի հիման վրա ս.թ. սեպտեմբերի 4-18-ը ստուգում է իրականացրել «ՍԱՆԻ ԼԵՆԴ» ՍՊԸ-ի տարածքում գործող «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ում:

Ստուգման շրջանակներում Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի արտանետվող աղբյուրից և հումքի կուտակումներից կատարվել են արտանետման չափագրումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ՝

ածխածնի օքսիդի քանակությունը գերազանցել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության չափաքանակները,

հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայի ծծմբային անհիդրիդ (SO2), որի արտանետումը նախատեսված չէ Ընկերության սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությամբ:

Ասֆալտբետոնի արտադրամասը գտնվում է Սևանա լճից 1560 մետր հեռավորության վրա՝ Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի` արգելվում են էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումները:

Հիմք ընդունելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից ս.թ. հոկտեմբերի 2-ին կայացվել է Ընկերության ասֆալտբետոնի արտադրամասի գործունեության կասեցման որոշում:

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Կասեցման որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։

Հրազդանի համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, համատեղ իրականացնում են օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։

Գագի Շամշյանը տեղեկացնում է, որ համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացնում, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայանում է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն նրա հետ ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է, իսկ Հրազդանում էլ տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառը կայանում է նրանում, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։