«Firebird AI»–ի վերաբերյալ տարածվող պնդումները չունեն որևէ փաստական հիմնավորում․ հայտարարություն

«Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան մտահոգությունների, որ տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով։

Հայտարարությունում նշել են․

«Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում։

Firebird AI-ն տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։

Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով։

Նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Հրազդանում գործող Firebird AI-ի տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելու համար։

Նա նաև պնդել էր, որ ընկերության՝ ԱՄՆ օրենսդրության ենթակայությունը կարող է ամերիկյան կողմին հասանելիություն տալ կենտրոնում մշակվող տվյալներին։

«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական ​​​​գործակալությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – հայտարարել էր Շևցովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *