ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Գործընկերությունն ուղղված է ակումբի հետագա զարգացմանը և ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում նոր ու նշանակալի հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
Սպորտի աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։ Բանկը երկար տարիներ նպաստում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում հովանավորչական լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը, հեծանվասպորտը։
Յունիբանկը հատկապես կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլև նպաստում են երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը։ Յունիբանկի և «Ալաշկերտ» ՖԱ-ի համագործակցությունը միավորում է ընդհանուր արժեքներ՝ զարգանալու, մշտապես առաջ շարժվելու և բարձր արդյունքների հասնելու ձգտումը։
«Ալաշկերտ» ՖԱ-ն իր 15-ամյա պատմության մեջ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Ալաշկերտն» առաջին հայկական ակումբն է, որը խաղացել է եվրագավաթային խմբային փուլում։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։
Կուտակված 4,719,020 դրամի շնորհիվ կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներն ուսումնական տարին սկսեցին լիարժեք պատրաստված՝ անհրաժեշտ դպրոցական հագուստով և գրենական պիտույքներով։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության իրականացմանը։ Նախաձեռնության նպատակն է ճանաչել, արժևորել և տեսանելի դարձնել կանանց առաջնորդությունն ու ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։
COP17-ի շրջանակում «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն ընդգծեց նախաձեռնության կարևորությունն ու հեռանկարային բնույթը։
«Բնապահպանությունն ու կայուն զարգացումը «Մի դրամի ուժի» առանցքային ուղղություններից են, ուստի այս ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է մեր որդեգրած արժեքները։ Ուրախ ենք աջակցել մի նախաձեռնության, որն ընդգծում է կանանց անփոխարինելի ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանման ոլորտում։ Իդրամն ու IDBank-ը շարունակում են աջակցել այն ծրագրերին, որոնք ոչ միայն վեր են հանում կարևորագույն խնդիրները, այլև ուղղված են գործնական լուծումներ գտնելուն և կայուն ապագա ապահովելուն»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Նունե Սաքանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևոր հարթակ է կանանց աշխատանքը տեսանելի դարձնելու և նրանց դերն ընդգծելու համար։
«Ուրախ ենք, որ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկման գլխավոր գործընկերը «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն է։ Այս աջակցությունն առանցքային է նախաձեռնության իրականացման, կանանց առաջնորդության արժևորման և բնապահպանական արդյունավետ լուծումների խթանման գործում։ Շնորհակալ ենք այս արժեքավոր համագործակցության և հավասար հնարավորությունների գաղափարը կարևորելու համար»,- նշեց Նունե Սաքանյանը։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև Իդրամի և IDBank-ի տերմինալների միջոցով։ Յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերի իրականացմանը։
ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չէր բացառել վարկերի տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով ԿԲ խորհրդի որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով մինչև 6,75% բարձրացնելու մասին։
Ընդ որում, նա ընդգծել էր, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը չի նշանակում բանկային տոկոսների անհապաղ աճ:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հետևողական բարձրացումը պետք է հանգեցնի նաև տոկոսադրույքների որոշակի նվազմանը: Բայց նաև չենք կարող չընդունել, որ զուգահեռաբար տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, որոնք հանգեցնում են գնաճային երևույթների։ Մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, իրավիճակը Հորմուզի նեղուցում: Ես նկատի ունեմ, որ տոկոսները պայմանավորված են ոչ միայն մեր գործոնով», – ասել է Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին վարկային բեռը զսպելու քայլերի վերաբերյալ։
Վարչապետը հավելել է նաև, որ կառավարությունն աշխատանքային ձևաչափով պարբերաբար քննարկում է այս կամ այն հարցերը։
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – ասել է նա:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,51%՝ հունիսի 13,18%-ի դիմաց:
Վարկանիշների մասին
2026 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» մակարդակում՝ «Դրական» կանխատեսմամբ։
Ընթացիկ տարվա հուլիսին Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները ազգային և արտարժույթով Ba3 մակարդակում։
2026 թ.-ի օգոստոսին S&P Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները «BB-/B» մակարդակում՝ պահպանելով «դրական» կանխատեսումը։
Գնաճի մասին
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թ.-ի օգոստոսին 2025 թ.-ի օգոստոսի համեմատ գրանցվել է 4,4% գնաճ։
Հաշվետու ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ)։ Հայաստանի 2026 թ.-ի պետբյուջեում գնաճը սահմանված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանում գնաճն սպասվում է սցենարից (Ա-Բ) կախված՝ 4,5-4,2%։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:
Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
Քանակը՝ 500 հատ
Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող
Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ գնագոյացում:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որի հետևանքով որևէ ծառայություն վճարովի դառնար։
«Ոչ, չեն փոխվել խաղի կանոնները։ Փաթեթը նույնն է մնացել։ Հակառակը՝ որոշ բաներ լրացվել են, այսինքն՝ որոշակի փոփոխություններ եղել են դեպի դրական ուղղությամբ։ Օրինակ՝ դեղերի ցանկի մեջ որոշ լրացումներ ենք արել»,- ասել է Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Նրա խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն։
Անդրադառնալով մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարին՝ նախարարը նշել է, որ ընտրվել է այնպիսի մոդել, որը հավասարակշռություն կմտցնի պետության, գործատուի և աշխատողի միջև։
Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ 10 800 դրամ ապահովագրավճարից քաղաքացին կվճարի 2 հազար դրամ, որը նախատեսվում է ձևավորել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին չվճարված գումարի հաշվին, իսկ պետությունն ու գործատուն՝ 4 400-ական դրամ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ։
«Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները ձևավորվել են որպես Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու երկարաժամկետ նախաձեռնություն։
Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ն այցելուներին ներկայացրեց իր ժամանակակից բանկային գործիքակազմը, Պրեմիում բանկինգի հնարավորությունները և արտերկրում բնակվող հայրենակիցներին առաջարկվող բացառիկ ծառայությունները։
IDBank-ի Պրեմիում բանկինգի տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ արդեն 9 տարի գործող Պրեմիում ծառայության հիմքում անհատական մոտեցումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունն է։
«Ուրախ ենք տեսնել այցելուների մեծ հետաքրքրությունը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և նորարարական լուծումների նկատմամբ։ Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց հանդիպելու մեր հաճախորդներին, շփվելու նրանց հետ և ավելի լավ հասկանալու նրանց կարիքներն ու սպասելիքները։ IDBank-ի Պրեմիում բանկինգն անհատականացված մոտեցման և լայն հնարավորությունների ամբողջություն է․ այն առաջարկում է բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, Անհատական մենեջերի մշտական աջակցություն, ինչպես նաև բազմաթիվ առավելություններ՝ բիզնեսից ու առօրյայից մինչև ճանապարհորդություն և ժամանց», – ասաց Լիդա Սաֆարյանը։
ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակ բացելուց հետո IDBank-ը շարունակում է առանցքային ֆինանսական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են բարձր մակարդակով ներկայանալու միջազգային ամենաբարձր հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը:
2022 թվականի դեկտեմբերին սահմանված 10,75% տոկոսադրույքից հետո այն մի քանի ամիս մնաց անփոփոխ, իսկ 2023 թվականի հունիսից ԿԲ-ն սկսեց դրա աստիճանական նվազեցման ցիկլը:
Սեպտեմբերի 15-ին ԿԲ Խորհուրդը բարձրացրեց տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ 6,5%-ից հասցնելով 6,75%-ի: Միաժամանակ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվեց 8,25%, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%:
10,75%-ից մինչև 6,5% և առաջին բարձրացումը
Տոկոսադրույքի բարձրացման նախորդ ցիկլն ավարտվել էր 2022 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն ժամանակ ԿԲ-ն բարձրացրեց այն 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10,75%:
Դրանից հետո տոկոսադրույքը մի քանի ամիս պահպանվեց այդ մակարդակում:
Դրամավարկային քաղաքականության մեղմացման շրջադարձը տեղի ունեցավ 2023 թվականի հունիսի 13-ին, երբ ԿԲ-ն որոշում կայացրեց նվազեցնել տոկոսադրույքը 10,75%-ից մինչև 10,5%: Նոր տոկոսադրույքն ուժի մեջ մտավ հունիսի 14-ից:
Այսպիսով, հենց 2023 թվականի հունիսը պետք է համարել նվազեցման ցիկլի սկիզբ: Նույն տարվա օգոստոսին տոկոսադրույքը նվազեցվեց արդեն հերթական անգամ՝ մինչև 10,25%:
Հետագայում կարգավորողը շարունակեց աստիճանաբար մեղմացնել դրամավարկային պայմանները՝ պարբերաբար անփոփոխ պահելով տոկոսադրույքը առանձին նվազեցումների միջև:
2025 թվականի դեկտեմբերին տոկոսադրույքը հասավ 6,5%-ի, որից հետո ԿԲ-ն պահպանեց այն այդ մակարդակում ընդհուպ մինչև 2026 թվականի սեպտեմբերը:
Սեպտեմբերի 15-ին վերջին որոշման ուղղությունը փոխվեց. տոկոսադրույքն աճեց մինչև 6,75%: Այսպիսով, 2022 թվականի դեկտեմբերի 10,75% մակարդակից մինչև 6,5% տոկոսադրույքը նվազել է 4,25 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերյան բարձրացումը վերադարձրեց այն 6,75% մակարդակի:
Ինչու ԿԲ-ն որոշեց բարձրացնել տոկոսադրույքը
Տոկոսադրույքի փոփոխությունը տեղի ունեցավ պահպանվող գնաճային ճնշման ֆոնին:
2026 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմում էր 4,4%, իսկ բազային գնաճը՝ 4,8%: ԿԲ գնաճային թիրախային ցուցանիշը կազմում է 3% (+1%):
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով կարգավորողի որոշումը, նշեց մի քանի գործոններ, որոնք Խորհուրդը հաշվի է առել տոկոսադրույքի ավելի բարձր հետագիծ ընտրելիս:
Առաջինն ուժեղ ներքին պահանջարկն է: ԿԲ-ն նշում է պահպանվող բարձր տնտեսական ակտիվությունը և բարձր ներքին պահանջարկի հետ կապված ռիսկերը: Ցուցանիշների շարքում կարգավորողն ուշադրություն է դարձնում, այդ թվում, վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի դինամիկային:
Երկրորդն արտաքին պահանջարկի ուժեղացումն է: ԿԲ-ն նշում է Հայաստան այցելությունների թվի աճը, որը կարող է ուժեղացնել ճնշումը աշխատավարձերի և համապատասխան ոլորտներում ծառայությունների գների վրա:
Երրորդը գնաճային սպասումների և արտաքին գնային ճնշման ուժեղացման ռիսկն է: Կարգավորողը հաշվի է առնում աշխարհաքաղաքական ռիսկերը, իրավիճակը համաշխարհային ապրանքային և էներգետիկ շուկաներում և առաջարկի նոր շոկերի առաջացման հնարավորությունը:
Ներքին պահանջարկի հետ համատեղ նման գործոնները կարող են ստեղծել ավելի կայուն գնաճային ճնշում:
Ընդ որում, ԿԲ որոշումը չի նշանակում, որ կարգավորողն արդեն որոշել է տոկոսադրույքի բարձրացման հետագա ցիկլը:
Խորհուրդը միաժամանակ դիտարկում է այլընտրանքային սցենարներ, որոնց դեպքում համաշխարհային տնտեսության դանդաղումը և այլ գործոններ կարող են, ընդհակառակը, ստեղծել ապաինֆլյացիոն ճնշում և ենթադրել տոկոսադրույքի ավելի ցածր հետագիծ:
Ինչ է նշանակում սեպտեմբերյան բարձրացումը
Սեպտեմբերի 15-ի բարձրացումը նշանակում է ԿԲ վերջին որոշման ուղղության փոփոխություն՝ նվազեցման և տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանման տևական ժամանակահատվածից հետո:
Այնուամենայնիվ, ինքնին այն չի նշանակում տոկոսադրույքների բարձրացման տևական ցիկլի ավտոմատ մեկնարկ:
ԿԲ-ն ընդգծում է, որ հետագա որոշումները կախված կլինեն մակրոտնտեսական սցենարների զարգացումից: Կարգավորողի խնդիրն է մնում գնային կայունության ապահովումը և միջնաժամկետ հեռանկարում գնաճի վերադարձը թիրախային մակարդակին:
ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից նաև չի կարելի ավտոմատ կերպով անել եզրակացություն առևտրային բանկերի վարկերի կամ ավանդների տոկոսադրույքների անմիջական և համամասնական աճի մասին:
Կարգավորողի որոշումն ազդում է դրամավարկային պայմանների վրա տրանսիմիսիայի մեխանիզմի միջոցով, սակայն բանկային տոկոսադրույքների փոփոխության արագությունն ու մասշտաբը կարող են տարբերվել:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի բացառել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում:
Այս մասին նա ասել է երեքշաբթի կայացած ասուլիսում՝ պատասխանելով ԴՎՔ տոկոսադրույքի բարձրացման (0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%) վերաբերյալ ԿԲ Խորհրդի այսօրվա որոշման հնարավոր ազդեցության մասին հարցին:
ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման ցիկլը սկսվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ կարգավորողը նվազեցրեց այն 10,75%-ից մինչև 10,5%: Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազեցվեց և 2025 թվականի դեկտեմբերին հասավ 6,5%-ի, որից հետո պահպանվում էր այդ մակարդակում: Սեպտեմբերի 15-ի որոշումը դարձավ տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր:
«Եթե ցիկլը շարունակվի, և մենք տեսնենք, որ տեղի ունեցողը ոչ թե ժամանակավոր երևույթ է, այլ միտում, ապա այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է սպասել տոկոսադրույքների ավելի բարձր մակարդակ, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- ասաց Գալստյանը:
Ընդ որում, նա ընդգծեց, որ ԴՎՔ տոկոսադրույքի բարձրացումը չի նշանակում բանկային տոկոսադրույքների անմիջական աճ:
«Տրանսմիսիոն մեխանիզմները տարբեր երկրներում աշխատում են ժամանակային հապաղումով՝ կախված ուղեկցող գործոններից: Տրանսմիսիոն մեխանիզմը կարող է աշխատել շատ արագ, կամ կարող է՝ շատ դանդաղ»,- պարզաբանեց ԿԲ նախագահը:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հուլիսին առևտրային բանկերի վարկային գործարքների տոկոսադրույքը կազմել է 12,51%՝ հունիսի 13,18%-ի համեմատ:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։
Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկի ընդլայնումը բանկային սպասարկման հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է։ Յունիբանկը հետևողականորեն զարգացնում է հեռավար սպասարկման ուղիները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։ Այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են առցանց շուրջօրյա, ուստի Բանկի համար կարևոր է հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն օպերատիվ ստանալու հնարավորություն ապահովելը։ Նոր աշխատանքային ռեժիմը հատկապես հարմար է արտերկրում գտնվող և այլ ժամային գոտիներում բնակվող հաճախորդների համար:
Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն կարող եք դիմել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա:
«Մեր փոխարժեքն արժևորվել է, բայց արժևորումը բավականին չափավոր է եղել: Չնայած նրան, որ մեզ մոտ նկատվում է կապիտալի հսկայական ներհոսք, այդ կապիտալի ներհոսքի մեծ մասն հիմնականում իր արտացոլումն է գտնում մեր պահուստներում և այդքան զգալի ազդեցություն չի ունենում շուկայի վրա»,- պարզաբանեց Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում չի գործում այն կանոնը, ըստ որի՝ ազգային արժույթի արժևորման դեպքում արտերկրից ներմուծվող ապրանքների գները պետք է նվազեն:
Նրա խոսքով՝ պարենային ապրանքների հիմնական խմբերի գների համաշխարհային ինդեքսը՝ FAO–ն, տարեբկզբից աճել է 6,1%-ով: «Ես նույնիսկ չեմ խոսում էներգակիրների մասին: Այսօր Brent տեսակի նավթի գինն արդեն կազմում է 107 դոլար մեկ բարելի դիմաց»,- հավելեց նա։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026 թվականի օգոստոսին, 2025 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 4,4% գնաճ: Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն ավելացել են 6,4%-ով (տ/տ), ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով (տ/տ), իսկ ծառայությունների սակագները՝ 2,8%-ով (տ/տ):
Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – September 2026» ամփոփագրի համաձայն՝ օգոստոսին հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0,4%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 1,1%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, և 4,6%-ով ավելի ամուր է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 2025 թվականի օգոստոսի համեմատ, թեև ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 8,6%-ով տարեկան կտրվածքով: