100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․     Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:

Ծրագրի հիմնական առավելությունները.

  • Ֆինանսավորման հեշտ հասանելիություն. տրամադրվող միջոցներով ՓՄՁ-ները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցներն ու ընդլայնել բիզնեսը։
  • ԵՄ աջակցություն. ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (EFSD+ ծրագիր) ֆինանսական երաշխիքների ներքո։

Նոր համաձայնագիրը Լոնդոնում ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը:

«Ակբա բանկը և ՎԶԵԲ-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն, և  փոխադարձ վստահությամբ զարգացնում ենք մեր գործընկերությունը։ Լոնդոնում ստորագրված համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Ուրախ եմ, որ Ակբա բանկը Հայաստանում շարունակում է նպաստել ֆինանսավորման լուծումների զարգացմանը, որոնք ունեն իրական և տեսանելի ազդեցություն մեր տնտեսության վրա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ուրախ ենք Ակբա բանկի հետ ստորագրել երաշխիքային այս նոր համաձայնագիրը՝ մեր հիմնական գործընկեր Եվրոպական միության աջակցությամբ: Մենք հավատարիմ ենք մնում մասնավոր բիզնեսի աճի և կայունության խթանմանը՝ բարելավելով փոքր և միջին ձեռնարկությունների հասանելիությունը ֆինանսներին, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Նորարարական ֆինանսական գործիքների միջոցով մենք նպաստում ենք երկրի տնտեսական դիմակայունությանը և զարգացմանը: Ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջոցով ռիսկերի բաշխման գործիքների կիրառումը Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից են»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։

Ակբա բանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից մեկն է և երկրի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման առաջատարներից մեկը։ Բանկը անընդհատ ընդլայնում և զարգացնում է ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական կայունությանը և զարգացմանը։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային ընկերության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն ու 100% բաժնետերն է, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ և ավելի քան 5000 բաժնետեր։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն իրականացրել է շուրջ 3 միլիարդ եվրոյի ներդրում երկրի 243 ծրագրերում, ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է մասնավոր հատվածին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Փոխվարչապետը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքային նախագծերի վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Բանկին՝ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղությունների:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։
 

ՀՀ–ում ԵՆԲ–ի մսին

ԵՆԲ-ն Հայաստանի հետ համագործակցում է 2010 թվականից՝ երկրում գործելով Եվրոպական հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերության ծրագրին և ԵՄ-ի հետ այլ երկկողմ համաձայնագրերին համապատասխան։ Բանկը ֆինանսավորել է մի շարք ծրագրեր՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսից մինչև ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ։

ԵՆԲ-ն նաև ֆինանսավորում է անդրսահմանային հաղորդակցությունների շինարարությունը՝ ճանապարհների անվտանգության և կայունության բարձրացման համար։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 3.22 կետով

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի մայիսի 6-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   մայիսի 5-ի համեմատ նվազել է 0.44 կետով՝ հասնելով 370 դրամի։

Կենտրոնական բանկի կայքում նշված է, որ եվրոն թանկացել է 3.22 կետով՝ հասնելով 436.12 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0334 կետով՝ հասնելով 4.934 դրամի։

  06.05.2026 05.05.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 370 370.44
Եվրո-Դրամ 436.12 432.9
Ռուբլի-Դրամ 4.934 4.9006

Արտերկրից Հայաստան կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը առաջին եռամսյակում աճել է մոտ 3,2 անգամ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-մարտին կազմել է 458,2 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-մարտի 143,7 մլն դոլարի դիմաց, նշվում է հանրապետության Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ։

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 3,19 անգամ։

Ընդ որում, միայն մարտին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 155,2 մլն դոլար՝ նախորդ տարվա մարտի 56,2 մլն դոլարի դիմաց։

Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1,47 մլրդ դոլար՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 1,27 մլրդ դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 945,3 մլն դոլարով և ԱՄՆ-ը՝ 187,4 մլն դոլարով։ Ընդ որում, Ռուսաստանը և ԱՄՆ-ը առաջատար են եղել դեպի Հայաստան փոխանցումներով նաև 2025 թվականի հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով (համապատասխանաբար՝ 819,5 մլն դոլար և 157,7 մլն դոլար):

Միաժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2026 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 1,01 մլրդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 1,13 մլրդ դոլարի դիմաց:

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով հաշվետու ամիսներին առաջատար են եղել ԱՄՆ-ը (198,7 մլն դոլար) և ԱՄԷ-ն (143,4 մլն դոլար)։ 2025 թվականի առաջին եռամսյակում առաջատարներն էին Շվեյցարիան (289,6 մլն դոլար) և ԱՄԷ-ն (170 մլն դոլար)։

ԿԲ–ն չի նկատում կապիտալի արտահոսք Հայաստանից տարածաշրջանային անորոշության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը տարածաշրջանային անորոշության ֆոնին Հայաստանից կապիտալի արտահոսք չի նկատում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մարտին, Մերձավոր Արևելքում էսկալացիայի մեկնարկից երկու շաբաթ անց, ՀՀ ԿԲ-ն որոշակի վատատեսություն էր ցուցաբերում, օրինակ՝ ռիսկի հավելավճարի մասով և այն առումով, որ տարածաշրջանային խնդիրները կարող են հանգեցնել տարածաշրջանից, այդ թվում՝ Հայաստանից կապիտալի արտահոսքի։

«Այս պահին մենք նման դիտարկում չունենք, և այդ մասով մեղմացրել ենք մեր ձևակերպումը», — ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է Խաչատրյանը, ֆիսկալ ցուցանիշները վկայում են, որ հնարավոր է՝ դեֆիցիտը չգերազանցի նախատեսված ցուցանիշը։

«Սոցիալական ծախսերի և ապահովագրական ծախսերի հետ կապված տարբեր տեսակի անորոշությունները մեզ համար ավելի կառավարելի են թվում», — ասել է նա։

Միևնույն ժամանակ, ԿԲ նախագահի տեղակալը հայտարարել է, որ չի տեսնում Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ էներգակիրների գների շուտափույթ հանգուցալուծման հնարավորություն։

«Առայժմ մենք չենք տեսնում այն կետը, որտեղ գործընկեր երկրներում համաշխարհային տոկոսադրույքները էականորեն կնվազեն, ինչպես ակնկալվում էր նախկինում՝ մինչ պատերազմը», — ասել է Խաչատրյանը։

Ըստ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հայտարարության՝ 2026 թվականի առաջին եռամսյակում աշխարհաքաղաքական անորոշության, էներգակիրների գների աճի և դրանց տատանողականության ֆոնին ուժեղացել են համաշխարհային տնտեսության մեջ և Հայաստանի գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը։ ԱՄՆ-ում պահպանվում է սպառողական պահանջարկի թուլությունը, եվրագոտում աճը զսպում են կառուցվածքային խնդիրները և կախվածությունը էներգակիրներից, իսկ Ռուսաստանում արձանագրվում են տնտեսության և ներքին պահանջարկի դանդաղման նշաններ։ Միաժամանակ, լարվածությունը Մերձավոր Արևելքում մեծացնում է էներգակիրների և հումքի գների նոր աճի ռիսկերը, ինչը կարող է ստիպել առաջատար երկրների կենտրոնական բանկերին ավելի երկար պահպանել բարձր տոկոսադրույքը կամ նույնիսկ բարձրացնել դրանք։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 30-ի համեմատ նվազել է 0.34 կետով՝ հասնելով 370.44 դրամի։

Կենտրոնական բանկի կայքում նշվում է, որ եվրոն նույնպես նվազել է 1.51 կետով՝ հասնելով 432.9 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0372 կետով՝ հասնելով 4.9006 դրամի։

  05.05.2026 30.04.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 370.44 370.78
Եվրո-Դրամ 432.9 434.41
Ռուբլի-Դրամ 4.9006 4.9378

Հայաստանի վարկային պորտֆելը վերջին 3 տարիներին տարեկան աճում է շուրջ 20%-ով. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային պորտֆելը վերջին երեք տարիներին տարեկան աճում է շուրջ 20%-ով, երեքշաբթի  ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե դիտարկենք կուտակային առումով, տեսնում ենք բարձր պահանջարկ: Պահանջարկի նման մակարդակի պայմաններում դժվար է պատկերացնել գների նվազում», – նշել է Գալստյանը:

Նրա խոսքով՝ բանկային համակարգում ներդրվել են կապիտալի բուֆերներ, ինչի հետևանքով բանկերի համար աճել է ռեսուրսների արժեքը:

Գալստյանը նաև հայտնել է, որ Հայաստանում սպառողական և հիփոթեքային վարկերը ներկայումս տրամադրվում են հիմնականում հայկական դրամով՝ առանց դոլարային բաղադրիչի:

Ըստ նրա՝ 2025 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման շուկայում շուրջ 9 հազար վարկերի դրույքաչափերը նվազել են, 3 հազարինը՝ աճել, իսկ մոտ 60 հազար վարկ մնացել է անփոփոխ:

Հայաստսանում կիրառում են կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման մոտեցում, որը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սկսել են կիրառել կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման՝ աշխարհում առաջատար մոտեցումը, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ տվյալ մոտեցումը ենթադրում է տնտեսական համակարգի կողմից կապիտալի բավարար պաշարի կուտակում՝ նախքան համակարգային ռիսկերի ակտիվ աճի մեկնարկը։

«Կենտրոնական բանկի անտիցիկլիկ քաղաքականության արդյունքում համակարգն այս պահին կուտակել է կապիտալի և իրացվելիության զգալի պաշարներ», — նշել է Գալստյանը երեքշաբթի ԱԺ նիստում։

Նա տեղեկացրել է, որ բուֆերային կապիտալի ծավալն արդեն գերազանցում է 180 մլրդ դրամը, բարձր իրացվելի ակտիվները կազմում են շուրջ 2 տրլն դրամ՝ ազգային արժույթով, և 790 մլրդ դրամ՝ արտարժույթով:

ԿԲ նախագահը հավելել է, որ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, որն աճել էր 2020–2022 թվականների լուրջ ցնցումներից հետո, ներկայումս գտնվում է պատմականորեն ցածր մակարդակում։

«Սա էապես բարձրացրել է ֆինանսական համակարգի դիմակայունությունը և թույլ է տվել ընդլայնել ֆինանսական ծառայությունների և վարկավորման ծավալները», — ասել է Գալստյանը:

Այսպես, նրա խոսքով, առևտրային բանկերի վարկերի և ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025 թվականի արդյունքներով հասել է պատմականորեն բարձր ցուցանիշների՝ համապատասխանաբար 64% և 102%:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել է 7,7 տրլն դրամ, իսկ նրանց համախառն ակտիվները՝ 12,83 տրլն դրամ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը 2025 թվականին կազմել է 11,32 տրլն դրամ, իսկ ՀՆԱ-ի իրական աճը 2024 թվականի նկատմամբ կազմել է 7,2%: ($1 — 370.78 դրամ)

Մարտին Գալստյանը վերընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովում կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանը վերընտրվեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ։

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 69-ը: Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 0։

Նշենք, որ Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Նա ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020թ․–ի հունիսից։

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքըթողեց անփոփոխ՝ 6.5%

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի կայացած նիստում չորրորդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%:

ՀՀ ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից շարունակաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն՝ աստիճանաբար այն 10.75%-ից հասցնելով 6.5%-ի 2025 թվականի դեկտեմբերին: