«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ․ Լևոն Ազիզյան

«Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օգոստոսի 9–10-ին թայֆունը կհասնի Չինաստանի ափերին՝ բերելով փոթորկային քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ազդել մինչև 30 միլիոն բնակչի վրա։

Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 47 մ/վրկ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ ցամաք դուրս գալու պահին այն կնվազի մինչև 35–40 մ/վրկ։

Ափամերձ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 650 մմ-ի, ինչը հավասար է յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մոտ 650 լիտր ջրի։ Այնուհետև, նախնական կանխատեսումների համաձայն, «Դոլֆին» թայֆունը կշարունակի շարժվել դեպի Չինաստանի ներքին շրջաններ։ Առանձին վայրերում տեղումների ընդհանուր քանակը կարող է հասնել 800 մմ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է լայնածավալ ջրհեղեղների և սողանքների վտանգը»,-գրել է նա։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Սայաթ-Նովայի պողոտայում

Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ – Նովայի պողոտայում, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես` Սայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ – Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:

Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ. Կեցցե՛ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։

Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ,

Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է ,եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից  հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։

Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

Կեցցե՛ խաղաղությունը»։

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը։

 

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է՝

 

-լոլիկ 39-41տոննա,

-կաղամբ 35-37տոննա,

-սոխ 24,5-25,5տոննա,

-մնացած բոլոր բանջարանոցայինները միասին (վարունգ, սմբուկ, տաքդեղ, լոբի և այլն) 20-21տոննա։

Հուլիսին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

 

Ըստ այդմ՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։

 

2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307,

2026 թ․ հունվար հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

 

Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար – հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

 

ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծը՝ առաջ մղելով հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի առաջարկած և երկար ժամանակ ձգձգված օրինագիծը։ Այն նպատակ ունի մեծացնել Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը՝ Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով։

 

Դոնալդ Թրամփի խնդրանքով օրինագիծը նաև ներառում է Իրանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ։ Սենատի հանրապետական ​​առաջնորդները օրինագիծը քվեարկության չէին դրել Թրամփի դիմադրության պատճառով, որը 2025 թվականի իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր պատժամիջոցների որոշումները վերապահել է Սպիտակ տանը, այլ ոչ թե Կոնգրեսին։

Այսպիսով` Սենատը 86 կողմ և 11 դեմ ձայնով ընդունել է Լինդսի Գրեմի «Ռուսաստան-Իրան պատժամիջոցների մասին 2026 թվականի օրենքը», որը նախատեսում է պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների նկատմամբ և թույլատրում է բարձր մաքսատուրքեր Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների նկատմամբ՝ ռուսական նավթից և գազից նրանց կախվածությունը նվազեցնելու համար։

 

Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների լայն աջակցությունը կարող է բավարար չլինել օրինագիծը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունելու համար, քանի որ որոշ օրենսդիրներ վախենում են, որ Թրամփի նոր մաքսային լիազորությունները կարող են բարձրացնել գներն ամերիկացի ներմուծողների և սպառողների համար և հանրապետականներին ենթարկել քաղաքական քննադատության։

 

Եթե ​​օրինագիծն ընդունվի Ներկայացուցիչների պալատում, և  Թրամփը ստորագրի, այն նախագահին թույլ կտա մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգիայի խոշոր սպառող երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ճապոնիայից և Եվրամիության որոշ երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև նրան կտա այդ մաքսատուրքերը չեղարկելու հայեցողություն։

 

Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ սակագները բավականաչափ ցածր են՝ իրենց նպատակին հասնելու համար՝ նվազեցնելու Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։

Թարգմանությունը՝ 1lurer-ի

Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

 

Վանաձոր քաղաքում՝

 

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

 

Հրազդան քաղաքում՝ հուլիսի 28-30-ը։

Արարատ քաղաքում՝ հուլիսի 27-ին։

Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Ալավերդի քաղաքում՝ չի գերազանցել։

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն. Գագիկ Սուրենյան

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն. Գագիկ Սուրենյան